Խաչատուր Տեր-Մանվելյան
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Խարբերդի նահանգ, Խարբերդ-Մեզիրե քաղաք |
Մահացել է | 1915, հուլիսի վերջին |
Մահվան վայր | Մելիտինե |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Խաչատուր Տեր-Մանվելյան, ազգանունը եղել է Նահիկյան (?), գրվել է նաև Էմանուելյան։ Ծնվել է մոտ 1875 թվականին,Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Խարբերդ-Մեզիրե քաղաքում։ Մանկական տարիքում զրկվել է հորից և մեծացել մոր խնամքի տակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջում։ Նույն քոլեջի ուսուցիչները նրան երաշխավորել են համալսարանական կրթություն ստանալու համար։ 1903 թվականի մայիսի 23-ին ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա քաղաք) բժշկական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ հիվանդանոցներում մասնագիտացել է վիրաբուժության գծով, այնուհետև Նյու Յորքում սեփական բուժարանը բացել։ Տեղի տալով մոր խնդրանքներին՝ վերադարձել է հայրենի Մեզիրե, ուր բացել է սեփական կլինիկա և սիրված վիրաբույժի համբավ վաստակել կարճ ժամանակում։ Բժիշկ Էթքինսնի խնդրանքով, շաբաթը երկու օր այցելու բժիշկ է աշխատել 1909 թվականին բացված «Էնի Թրէյսի Րիգզ» ամերիկյան հիվանդանոցում։ Հաճախ հրավիրվել է Եփրատ քոլեջ՝ առողջապահական դասախոսություններ կարդալու։ 1913 թվականին ամուսնացել է Մեզիրեի անվանի ընտանիքներից մեկի՝ Ճեֆերյան Հովակիմի և Հռիփսիմեի դստեր՝ Մարի-Վենյուսի հետ։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես ուղարկվել է Կզլքիլիսե, Մանազկերտ, Փերի, Գյումյուշ-Մադեն և այլ քաղաքներ՝ բժիշկ ծառայելու։ Ութ ամիս ծառայելուց հետո արձակուրդ վերցնելով վերադարձել է Մեզիրե և նահանգապետի առաջին գրագրի կնոջ կյանքը փրկել։ Այդ դեպքից հետո բժիշկ է նշանակվել Կարմիր մահիկի հիվանդանոցում, ուր եռանդով զբաղվել է վիրավոր և հիվանդ հայ բանտարկյալների բուժմամբ, ոմանց էլ հիվանդանոցից ծածուկ ազատել և ուղարկել է Դերսիմ։
ԱՄՆ-ի քաղաքացիություն է ունեցել և ԱՄՆ-ի հյուպատոս Դեյվիդի ընտանեկան բժիշկը եղել։ 1915 թվականի հուլիսին հիվանդանոցից տուն վերադառնալու ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել ու Մելիտինե աքսորվել։ Սպանվել է 1915 թվականի հուլիսի վերջին, Մելիտինեում կամ Խարբերդում՝ մոտ 40 տարեկանում։ Կինը՝ Մարի-Վենյուսը, նախազգալով վտանգը, թույն խմելով փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան փրկել է պատահաբար այցելած հարևանուհին։ 1929 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ քաղաքացի Մարի-Վենյուսն ու նրա դուստր Թովինան այդ երկիրն են տեղափոխվել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), պոսթոն, 1957։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւոր ականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհեր (1915-1923 թվական), հ. 2, Խարբերդ ի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։