Խաչատուր Տեր-Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Տեր-Մանվելյան
Ծնվել է1875(1875)
ԾննդավայրԽար­բեր­դի նա­հան­գ, Խար­բերդ-Մե­զի­րե քա­ղա­ք
Մահացել է1915, հու­լի­սի վեր­ջին
Մահվան վայրՄելիտինե­
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Խաչատուր Տեր-Մանվելյան, ազգանունը եղել է Նահիկյան (?), գրվել է նաև Էմանուելյան։ Ծնվել է մոտ 1875 թվականին,Խար­բեր­դի նա­հան­գի Խարբերդի գավառի Խարբերդ-Մեզիրե քաղաքում։ Մանկական տարիքում զրկվել է հորից և մեծացել մոր խնամքի տակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդա­վայ­րի վար­ժա­րա­նում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփ­րատ քո­լե­ջում։ Նույն քոլեջի ուսուցիչները նրան երաշխավորել են համալսարանական կրթություն ստանալու համար։ 1903 թվականի մայիսի 23-ին ավարտել է ԱՄՆ Փեն­սիլ­վա­նի­ա­յի հա­մալ­սա­րա­նի (Ֆի­լա­դել­ֆիա քա­ղաք) բժշկական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ հիվանդանոցներում մասնագիտացել է վիրաբուժության գծով, այնուհետև Նյու Յոր­քում սեփական բուժարանը բացել։ Տեղի տալով մոր խնդրանքներին՝ վերադարձել է հայրենի Մեզիրե, ուր բացել է սեփական կլինիկա և սիրված վիրաբույժի համբավ վաստակել կարճ ժամանակում։ Բժիշկ Էթքինսնի խնդրանքով, շաբաթը երկու օր այցելու բժիշկ է աշխատել 1909 թվականին բացված «Էնի Թրէյ­սի Րիգզ» ամերիկյան հիվանդանոցում։ Հաճախ հրավիրվել է Եփրատ քոլեջ՝ առողջապահական դասախոսություններ կարդալու։ 1913 թվականին ամուսնացել է Մեզիրեի անվանի ընտանիքներից մեկի՝ Ճեֆերյան Հովակիմի և Հռիփսիմեի դստեր՝ Մարի-Վենյուսի հետ։ 1914 թվականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելուն պես ուղարկվել է Կզլքիլիսե, Մանազկերտ, Փերի, Գյումյուշ-Մադեն և այլ քաղաքներ՝ բժիշկ ծառայելու։ Ութ ամիս ծառայելուց հետո արձակուրդ վերցնելով վերադարձել է Մեզիրե և նահանգապետի առաջին գրագրի կնոջ կյանքը փրկել։ Այդ դեպքից հետո բժիշկ է նշանակվել Կարմիր մահիկի հիվանդանոցում, ուր եռանդով զբաղվել է վիրավոր և հիվանդ հայ բանտարկյալների բուժմամբ, ոմանց էլ հիվանդանոցից ծածուկ ազատել և ուղարկել է Դեր­սիմ։

ԱՄՆ-ի քաղաքացիություն է ունեցել և ԱՄՆ-ի հյուպատոս Դեյվիդի ընտանեկան բժիշկը եղել։ 1915 թվականի հուլիսին հիվանդանոցից տուն վերադառնալու ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել ու Մե­լի­տի­նե աքսորվել։ Սպանվել է 1915 թվականի հուլիսի վերջին, Մելիտինեում կամ Խարբերդում՝ մոտ 40 տարեկանում։ Կինը՝ Մարի-Վենյուսը, նախազգալով վտանգը, թույն խմելով փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան փրկել է պատահաբար այցելած հարևանուհին։ 1929 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ քաղաքացի Մարի-Վենյուսն ու նրա դուստր Թովինան այդ երկիրն են տեղափոխվել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), պոսթոն, 1957։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւոր ականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհեր (1915-1923 թվական), հ. 2, Խարբերդ ի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։