«Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» (անգլ.՝ How to Succeed in Business Without Really Trying), կատակերգության տարրերով մյուզիքլ, որ ստեղծվել է Ֆրենկ Լեսսերի, Աբի Բարոուզի, Ջեք Վայնսթոքի և Վիլլի Գիլբերտի կողմից Շեֆարդ Միդի՝ 1952 թվականի հրատարակված համանուն գրքի հիման վրա։
Պրեմիերան տեղի է ունեցել 1961 թվականի հոկտեմբերին Բրոդվեյում, և ընդհանուր առմամբ տրվել է 1417 ներկայացում[1]։ Մյուզիքլն արժանացել է յոթ «Թոնի» մրցանակի, ինչպես նաև Պուլիցերյան մրցանակի թատրոնի համար ստեղծված դրամատիկական ստեղծագործության համար։ 1967 թվականին թողարկվել է մյուզիքլի կինոադապտացիան (որ նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Սվիֆթի (անգլ.՝ David Swift) կողմից The Mirisch Corporation անկախ կինոընկերությունում և վարձույթի է հանվել United Artists կինոընկերության կողմից), որին մասնակցել են բազմաթիվ դերասաններ 1961 թվականի օրիգինալ բեմադրությունից։ 1995 թվականին մյուզիքլը նորից է բեմադրվել 46 փողոցի նույն թատրոնում (ներկայում՝ Richard Rodgers Theatre), և տրվել է 548 ներկայացում, իսկ գլխավոր դերերը կատարել են Մեթյու Բրոդերիկն ու Մեգան Մալալին[2]։ Մյուզիքլի երկրորդ վերածնունդը ռեժիսոր Ռոբ Էշֆորդի գլխավորությամբ տեղի է ունեցել 2011 թվականին[3]։ Գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆն ու Ջոն Լարոկետը, իսկ պրեմիերան կայացել է 2011 թվականի մարտի 27-ին Al Hirschfeld Theatre-ում[4]։ 2012 թվականի հունվարին երեք շաբաթով Ռեդքլիֆին փոխարինել է Դարեն Քրիսը[5], իսկ փետրվարի 24-ից մինչև մայիսի 20-ը՝ Նիք Ջոնասը[6]։ 2012 թվականի մայիսի 20-ին բեմադրությունը փակվել է 473 ներկայացումից հետո[7]։
Ջեյ Փայրփոնթ Ֆինչը պատվախնդիր երիտասարդ է Նյու Յորքից, որն աշխատում է որպես պատուհաններ լվացող։ Բիզնեսում հաջողությունների հասնելու վերաբերյալ խորհուրդներով գրքի ընթերցումից հետո նա որոշում է աշխատանքի ընդունվել World Wide Wicket խոշոր ընկերության փոստային բաժանմունքում։ Նա ծանոթանում է քարտուղարուհի Ռոզմարի Փիլքինգտոնի հետ, որը երազում է քաղաքից դուրս հովվերգական կյանքի մասին, ինչպես նաև ընկերության ղեկավարի ու նրա սնոբիստ զարմիկի հետ, որը խոչընդոտում է Ֆինչի պլանների իրականացումը։