Էլիզ Պետրոսյանը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 13-ին, Թուրքիայի Բալըքքեսիր քաղաքում։ Ծնողներն ու քույրերը զոհ են գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Ապրել է Կոստանդնուպոլսի որբանոցում։ 1917-1925 թվականներին սովորել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում։ 1925 թվականին սովորելու նպատակով եկել է Խորհրդային Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է նույն համալսարանում իբրև գրականության կաբինետի լաբորանտ։ 1931-1934 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Մոսկվա)։ 1934 թվականին «Կլարտե խումբը և կոմունիստ գրողներ Ա. Բարբյուսի, Պո Վայան Կուտյուրիեյի, Ռ. Լըֆևրի ստեղծագործությունները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1934 թվականից արտասահմանյան գրականություն է դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1938-1956 թվականներին եղել է համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը[2]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։