Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ։
Մարմինը կլորավուն է, գնդանման։ Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն։
Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է։ Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ։
Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստական ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում։
Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակին։ Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից։ Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում։
Դնում է 4 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Թխսակալում է 12-13 օր։ Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին։ Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ։ Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն։
Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատուներին։ Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։