Երեսակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեսակողը աշխատանքի ընթացքում

Երեսակում, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակման տեխնոլոգիական գործընթաց, որի ընթացքում քարերին հատուկ տեսք են տալիս, վերջիններիս գեղեցկությունը ընդգծելու և փայլը ավելի արտահատիչ դարձնելու նպատակով։ Գոյություն ունեն երեսակման տարբեր տեսակներ, նրանցից մեծ մասը այն քարերի անվանումներն են կրում, որոնց համար և ստացվել է ամենատպավորիչ արդյունքը։

Երեսակումը, ինչպես կարելի է գուշակել անվանումից, ենթադրում է քարի մակերեսի վրա երեսակների՝ երկրաչափական կանոնավոր պատկերների, ստեղծում։ Նրանք բյուրեղի մեջ ներթափանցող լույսը բազմաթիվ արտացոլումներից և բեկումներից հետո բաժանում են լուսապատկերի (օպտիկական սպեկտրի) բաղադրիչների և քարից դուրս գալիս լույսը երանգների խաղ է ստեղծում բյուրեղի մակերեսին։

Երեսակումը բարդության տարբեր մակարդակներ ունի։ Սովորական երեսակման ընթացքում քարի վրա 30 հարթություններ են ստեղծվում, իսկ ադամանդի ամենաբարդ երեսակման ժամանակ՝ մինչև 240։

Որակյալ կատարած երեսակումը քարի արժեքը զգալիորեն բարձրացնում է, մինչդեռ անորակ երեսակման արդյունքում քարը կարելի է «փչացնել» և արատավորել։