Jump to content

Երդիկ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երդիկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ազգագրական թանգարանի առաստաղին

Երդիկ, հայկական ճարտարապետության մեջ տան կտուրին թողած բացվածք, որ ծառայում է իբրև բնական լույսի թափանցման միջոց և օդանցք։ Հայկական ավանդական կացարանի գլխատունը լուսավորվել է երդիկի միջոցով[1]։

Երդիկի ձևն ու չափերը կախված են եղել շինության գործառական նշանակությունից։ Տներում այն սովորաբար քառակուսի է եղել` 0,5х0,5 մ, երբեմն 0,7х0,7 մ չափերով, հազարաշենում երբեմն եղել է ութանկյուն։ Գոմի օդայում (գոմատուն)երդիկը հիմնականում եղել է ուղղանկյուն` 0,5-2,2 մ երկարությամբ և 0,2-0,35 մ լայնությամբ։ Բոլոր շինություններում, կախված նշանակությունից, տեղադրվել են մեկ կամ մի քանի երդիկներ ծածկի տարբեր հատվածներում։ Վերևից երդիկի փայտե շրջանակին տեղադրել են բացվածքով քարե քառակուսի կամ ամրացրել են կոտրած տակով կուժ։ Գեղարքունիքում, երբեմն նաև Շիրակում, երդիկի շրջանակի գերաններին կիսաշրջանաձև փորվածքներ են արվել, որպեսզի լույսն ավելի լավ թափանցի։

Երդիկը փակվել է տարբեր կերպ։ Շատ տեղերում երդիկի ուղղանկյունաձև բացվածքում գողություններից զերծ մնալու նպատակով մետաղական խաչաձև ձողեր են տեղադրել։ Գիշերը այն փակել են ճիմի ծածկոցով, քարե սալիկով, փայտե վահանով, ուշ շրջանում` փայտե շրջանակով ապակիով։ Մարդկանց կեցության համար նախատեսված շինություններում երբեմն երդիկին հատուկ հարմարանք են ավելացրել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել այն փակել ներսից` առանց տան կտուրը բարձրանալու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայեր / Լ. Մ. Վարդանյան, Գ. Գ. Սարգսյան, Ա. Ե. Տեր-Սարգսյանց — Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ։ Մ.: Գիտություն, 2012. — էջ 223. — 648 էջ — 600 օրինակ — ISBN 978-5-02-037563-5