Դին ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, ռազմական թանգարան և local authority museum? |
Տեղագրություն | Kilmarnock? |
Հասցե | Dean Road, Off Glasgow Road, Kilmarnock KA3 1XB[1] |
Վարչական միավոր | Արևելյան Էյրշիր[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն[3] |
Համալիրի մաս | East Ayrshire Leisure? |
Կառուցված | 1350 |
Կայք | eastayrshireleisure.com/countryside-outdoor/dean-castle-country-park/(անգլ.) |
Dean Castle Վիքիպահեստում |
Դին ամրոց (անգլ.՝ Dean Castle), Դին ամրոցի գավառական զբոսայգում գտնվող ամրոց, որը տեղակայված է Շոտլանդիայի արևելյան Այրշայր տարածաշրջանի Քիլմանրոք քաղաքում։ Այն Բոյդ ընտանիքի բերդն էր, որոնք հանդիսանում էին Քիլմանրոքի լորդերը ավելի քան 400 տարի։
Ամրոցն իր անունն ստացել է «դին», այսինքն «անտառապատ հովիտ» բառերից, որը տարածված տեղանուն է Շոտլանդիայում։ Սակայն մինչև մոտավորապես 1700 թվականն այն կոչվում էր Քիլմանրոքի ամրոց։ Լինելով սկզբնապես Բոյդ ընտանիքի սեփականությունը, այն ամուր պատմական կապ է ունեցել շոտլանդական պատմության մեջ հայտնի շատ անձանց ու իրադարձությունների հետ․ Ռոբերտ Բրյուս, որը Բոյդերին է տվել այդ տարածքները, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III, որի քույրն ամուսնացել է Բոյդ ընտանիքի ներկայացուցչի հետ, Քովենանթերներ, որոնց մի մասը բանտարկվել է այստեղ, Գեղեցկադեմ արքայազն Չարլի, որի ապստամբությանը միացել էր Քիլմանրոքի 4-րդ կոմսը, և Ռոբերտ Բուրնս, որին ամրոցի այդ ժամանակվա սեփականատեր Գլենքայրնի կոմսն է քաջալերել տպագրել իր բանաստեղծությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոյդ ընտանիքը տիրացել է Դին ամրոցի տարածքներին 1316 թվականին, երբ սըր Ռոբերտ Բոյդը պարգևատրվել է թագավոր Ռոբերտ I-ի կողմից Բենոքբըրնի ճակատամարտում իր մատուցած ծառայությունների համար՝ ստանալով Քիլմանրոքի ու արևմտյան Քիլբրայդի հողերը։
Դոնժոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնժոնը կառուցվել է մոտավորապես 1350 թվականին սըր Ռոբերտ Բոյդի որդի սըր Թոմաս Բոյդի կողմից։ Կառուցվել է բացառապես պաշտպանական նպատակներով, պարիսպները 2–3 մետր հաստ էին, ուներ քիչ թվով պատուհաններ, իսկ գլխավոր մուտքը գետնից բարձր էր։ Դին ամրոցի պարիսպների վրա չկան հրակնատներ նետաձգության համար, որը շատ հազվադեպ երևույթ էր այդ ժամանակահատվածին բնորոշ շոտլանդական ամրոցների համար․ կրակում էին վերևում գտնվող ատամնավոր պարիսպներից։
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի առաջին հատվածը կառուցվել է 1300-ական թվականների կեսին սըր Ռոբերտ Բոյդի (1-ին լորդ Բոյդ) և իր որդի սըր Թոմաս Բոյդի կողմից։ Տաարածքները տրամադրվել էին սըր Ռոբերտ Բոյդին շոտլանդական անկախության պատերազմներում նրա հավատարիմ ծառայության համար։ 1735 թվականին պալատի խոհանոցում հանկարծակի հրդեհ է բռնկվել ու տարածվելով դեպի եղեգնյա տանիքը, հասել դոնժոնի տանիքին։ Սրանից հետո ամրոցը լիովին ավերվել է և համարյա երկու դար մատնվել անուշադրության, թեև որոշ կառույցներ շարունակվում էին օգտագործվել։ Ամրոցի տեր Ուիլյամ Բոյդը՝ Քիլմանրոքի 4-րդ կոմսը, ֆինանսական դժվարություններ ուներ ու չէր կարող իրեն թույլ տալ վերանորոգել ամրոցը։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Բոյդի կողմից ամրոցը վաճառվել է 1746 թվականին և կալվածքը ձեռքից-ձեռք է անցել շատ անգամներ։ Երբ 8-րդ լորդ Հովարդ դե Վալդենը ժառանգել է ամրոցը, նա սկսել է այն վերանորոգել։ Դոնժոնն ավարտել է 1908 թվականին, իսկ պալատի վերանորոգումը՝ 1946 թվականին։
Ներկայիս պահակատունն ամբողջությամբ կառուցվել է 1935–36 թվականներին։ Սկզբնական ամրոցում այն չի եղել։ Սակայն այն խնամքով կրկնօրինակվել է տասնվեցերրդ դարի կառույցներից այնպիսի մանրամասներով, ինչպիսիք են կիսափայտե փեղկերով և կիսաթանկարժեք ապակիներով պատուհաները։ Ընդհանուր նախագիծն ու դեկորատիվ, բայց օգտագործելի հրակնատները կրկնօրինակված են Թոլքուհոն ամրոցի պահակատնից, Աբերդինշայր, որը կառուցվել էր 1580-ական թվականներին։ Պարսպի շուրջը փայտյա անցուղին, որը հսկում է պալատը, ավելացվել է վերականգնման ժամանակ։
Ներսակողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնժոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնժոնն ունի չորս հարկ։
Գետնահարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնահարկում գտնվում էր նկուղը, որտեղ էլ տեղավորված էր խոհանոցը վերևում գտնվող մեծ դահլիճի համար։ Շշաձև զնդանը նույնպես գտնվում էր գետնահարկում։ Երբ սկզբնապես կառուցվել է դոնժոնը, և՛ խոհանոց, և՛ զնդան կարելի էր մտնել միայն առաջին հարկից, սանդուղքի օգնությամբ․ դուրս տանող դռներ չկային։
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկում գտնվում է մեծ դահլիճն իր մեծ կամարաձև առաստաղով։ Մեծ դահլիճը հիմնականում օգտագործվել է լորդի ու իր հյուրերի պատվին տրվող ճոխ բանկետների ու հյուրասիրությունների համար։ Ամրոցում գիշերող հյուրերը նաև պետք է քնեին մեծ դահլիճի հատակին։ Դահլիճը ծառայում էր նաև որպես դատարան, քանի որ լորդը հանդիսանում էր դատավոր և դատավճիռներ կայացնում ու մահապատիժներ նշանակում տարածքում կատարված հանցագործությունների համար։ Առաջին հարկում էր գտնվում նաև գուսանների հարկաբաժինը, որտեղ թափառաշրջիկ երաժիշտները գործիքներ էին նվագում ու դեր կատարում լորդի ու տիրուհու համար։ Գուսանների հարկաբաժնից ոչ հեռու գտնվում էր նրանց հանդերձրանը, որտեղ թափառական երաժիշտները հագնում էին իրենց պայծառ զգեստները։ Այս սենյակը նաև օգտագործվել է քնելու համար․ պատճառը, որ նրանք ունեին իրենց սեփական սենյակն այն էր, որ վախենում էին, թե նրանցից ոմանք ախտակիրներ կլինեն։ Նրանք քնում էին այստեղ, որպեսզի մյուս հյուրերին հիվանդությամբ չվարակեն։ Պահակախմբի սենյակը նույնպես գտնվում էր առաջին հարկում։ Պահակախմբի սենյակում էր գտնվում ամրոցի միակ մուտքը դեպի զնդան, որը մի փոքրիկ անցք էր, որտեղ նետվում էին բանտարկյալները։ Այս սենյակում միշտ լինում էր որևէ պահակ, որը պետք է հսկեր և՛ զնդանը, և՛ ամրոցի միակ մուտքը՝ գետնից բարձր մի փոքրիկ դուռ, որը գտնվում էր պահակախմբի սենյակի մոտ։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հարկում գտնվում էր լորդի ու տիկնոջ մասնավոր հարկաբաժինը։ Այն կարող էր մեծ վարագույրով բաժանվել երկու մասի, մի կեսը տիկնանց համար, մյուս կեսը՝ տղամարդկանց։ Սենյակի յուրաքանչյուր ծայրում բուխարի կար, համապատասխանաբար երկու սեռի համար։ Այստեղ գտնվում էր նաև մի փոքրիկ մասնավոր մատուռ։ Այն օգտագործվում էր լորդի ու տիրուհու կողմից և քահանայի, որը մնում էր ամրոցում ու ընտանիքի համար պատարագ մատուցում։
Երրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա գտնվում է դոնժոնի տանիքին, որտեղ աղեղնաձիգները կարող էին պաշտպանել ամրոցը հարձակման դեպքում։ Երրորդ հարկում գտնվում էր նաև սենյակների մի փոքր խումբ զինվորների համար։
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատը հիմնականում նախագծված էր հարմարավետության համար։ Պալատի գետնահարկում գտնվում էր խոհանոցը մեծ բուխարիով ու փռով։ Առաջին հարկում գտնվում էր բանկետի սրահը, դրանից վերև՝ երկրորդ հարկում, ընտանեկան ննջասենյակները։ Սկզբնական աստիճանասանդուղքը, որը բարձրանում էր դեպի առաջին հարկ, փայտյա էր, որը նաև դուրս էր գալիս կառույցից, սակայն ելնելով եղանակային պայմաններից, ամրոցի ներսում կառուցվել է նաև քարե աստիճանասանդուղք։
Պալատի կառուցման ժամանակ պաշտպանությունն աչքաթող չի արվել։ Աշտարակում կան ատամնավոր պարիսպներ, որոնց ներսում գտնվում էին լորդ Բոյդի մասնավոր սենյակները։ Այս աշտարակը հայտնի էր որպես «ցածր աշտարակ», քանի որ թեպետ բարձր, այն ավելի ցածր էր, քան դոնժոնը։ Նաև բակն էր պաշտպանված բարձր պարիսպով, որը կոչվում էր «բարմկին»։ Այն պաշտպանում էր բակում գտնվող բազմաթիվ կառույցները նույնպես, ինչպիսիք էին ախոռները, մառաններըն ու դարբնոցները։
Ամրոցն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին 9-րդ լորդ Հովարդ դե Վալդենը նվիրել է ամրոցը, կալվածքը, իր հոր զենքի ու զրահի ու իր պապի երաժշտական գործիքների հավաքածուները Քիլմանրոքի ժողովրդին։
Զենք ու զրահի հավաքածուն ցուցադրված է դոնժոնի մեծ դահլիճում, իսկ երաժշտական գործիքները՝ դոնժոնի լորդական հարկաբաժնում։ Բանկետի դահլիճում ցուցադրված են արևելյան Այրշայրի խորհրդին պատկանած մի շարք իրեր, այդ թվում Ռոբերտ Բուրնսի պոեզիայի Քիլմանրոքի հրատարակությունն ու արվեստի շատ այլ գործեր։
Քիլմանրոքի կոմսերի մասնավոր հարկաբաժնում գտնվում է ամրոցի մոդելը։ Ըստ լեգենդի, երբ 1746 թվականի օգոստոսի 18-ին Քիլմանրոքի 4-րդ կոմսը գլխատվել է Լոնդոնում դավաճանության համար, նրա գլուխը բերվել է Դին ամրոց ու պահվել մի մեծ սնդուկում, որն այսօր էլ գտնվում է ցածր աշտարակում։
Ամրոցում պահվող 4-րդ կոմսի գլխի պատմությունը գրավել է շատ ուրվականներ որսացողների, որոնք ուսումնասիրել են ամրոցն ու հավատում են, թե այնտեղ ուրվական է ապրում։
Ուիլյամ Ուոլասի մեծ կիսանդրին ցուցադրվում է պալատի գետնահարկում։
Դին ամրոցն ու գավառական զբոսայգին պահպանվում են արևելյան Այրշայրի խորհրդի կողմից ու մուտքն ազատ է։ Կան ամենօրյա շրջագայություններ դեպի ամրոց, որոնք նույնպես անվճար են։
Ռոբերտ Բուրնսի անվան համաշխարհային ֆեդերացիան վերջերս ցուցանակ է բացել ի հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ընթացքում։ Հուշատախտակին գրված է․
«Նվիրվում է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին․ մարդու անմարդկայնությունը մարդու հանդեպ ստիպում է անհամար հազարավորներին սգալ» - Ռոբերտ Բըրնս (1759-1796)
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dean Castle Country Park website. Արխիվացված 2013-01-21 archive.today
- East Ayrshire Council page on Dean Castle.
- The Lordship & Barony of Kilmarnock - page with images of Dean Castle.
- Video and commentary on the ambush and death of Sir Thomas Boyd in 1439.
- Video and commentary on the Bringan Ford
- Video and commentary on the death of Lord Soulis