Դեմքը կորցրած մարդը
Դեմքը կորցրած մարդը ռուս.՝ Человек, потерявший лицо | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Հեղինակ | Ալեքսանդր Բելյաև |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1929 |
Հաջորդ | Իր դեմքը գտած մարդը |
«Դեմքը կորցրած մարդը» (ռուս.՝ Человек, потерявший лицо), Ալեքսանդր Բելյաևի ֆանտաստիկ վեպը, որը լույս է տեսել 1929 թվականին։ Վեպը նվիրված է էնդոկրինոլոգիայի նվաճումների կիրառմանը՝ մարդու մարմինը փոխելու նպատակով, և դրան առնչվող էթիկական խնդիրներին: 1940 թվականին վեպը արմատապես վերամշակվել է և լույս տեսել «Իր դեմքը գտած մարդը» վերնագրով, որում գործում են նույն կերպարները և առկա են նույն սյուժետային գծերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Վոկրուգ սվետա» ամսագրում (1929, № 19-25)։ 1963 թվականին վեպն ընդգրկվել է գրողի ստեղծագործությունների ութ հատորից բաղկացած ժողովածուի («Մոլոդայա գվարդիա» հրատարակչություն) մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում։ Գաճաճ կատակերգու Անտոնիո Պրեստոն դարձել է Ամերիկայի ամենահայտնի և հարուստ կինոդերասաններից մեկը իր այլանդակության և դերասանական տաղանդի հակադրության շնորհիվ: Բայց և այնպես կինոյում նրա հաջողությունը չի օգնում անձնական կյանքում: Երկրի ամենագեղեցիկ դերասանուհի Հեդդա Լյուքսն շարունակ մերժում է նրա կինը դառնալու առաջարկները։ Իմանալով Սակրամենտոյում ֆիզիկական թերությունները շտկող ռուս բժիշկ Սորոկինի մասին՝ Պրեստոն բոլորից գաղտնի ժամանում է Սակրամենտո՝ շտկելու իր անճոռնիությունը՝ երազելով Հեդդա Լյուքսի հետ ամուսնանալու և կինոյում իսկական դրամատիկ դերեր ստանալու մասին։ Հորմոնալ թերապիա կիրառելով՝ Սորոկինը Պրեստոյին վերադարձնում է այն մարմինն ու դեմքը, որը նա պետք է ունենար, եթե չլիներ կրետինիզմ հիվանդությունը: Պրեստոն դառնում է բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ, և արդյունքում նույնիսկ ծառան չի ճանաչում նրան: Հեդդա Լյուքսը դժվարությամբ է համոզվում, որ անծանոթն իսկապես Պրեստոն է, բայց կրկին մերժում է նրան, քանի որ Պրեստոն այժմ բոլորին անհայտ մարդ է՝ երիտասարդ դերասանի շարքային արտաքինով։ Այժմ դերասանի կարիերան նույնպես անհնար է նույն պատճառով. կինոընկերության սեփականատեր պարոն Փիթչն օգտագործել է նրա այլանդակությունը հաճախորդներ գրավելու նպատակով և չի ցանկանում կապիտալ ներդնել Պրեստոյի նոր կերպարի առաջխաղացման համար: Հուսահատված Պրեստոն հրաժեշտի երեկո է կազմակերպում բոլոր ծանոթների համար, որտեղ ճառ է արտանասում և հանկարծակի անհետանում։ Որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս հանցավոր մի խմբավորում, որի պարագլուխը կարողանում է մարդկանց արտաքինը փոխել։ Ավազակախումբը տներ չի թալանում, միայն ստիպում է մարդկանց ինչ-որ թուրմերի խառնուրդ խմել։ Այն բանից հետո, երբ, ըստ ոստիկանության, պարագլուխը վերջապես սպանվում է, հրաժեշտի երեկոյի բոլոր մասնակիցները վերածվում են այլանդակների։ Փիթչը անասելի գիրանում է, Հեդդա Լյուքսի հասակը հասնում է 287 սմ-ի, իսկ նրա փեսացուն՝ Լորենցո Մարրան, դառնում է անճոռնի թզուկ։ Ամենադաժան պատիժը բաժին է ընկնում նահանգապետին, որը վերածվում է սևամորթի և սեփական փորձով ճաշակում ռասայական խտրականությունը։ Նրանք կռահում են, որ դարձել են Անտոնիո Պրեստոյի վրեժխնդրության զոհը։ Բժիշկ Սորոկինը բուժում է նրանց, բայց երախտագիտության փոխարեն ստիպված է լինում հեռանալ Ամերիկայից։ Եվրոպա մեկնող շոգենավի տախտակամածի վրա նա հանդիպում է Պրեստոյին, որը հերթական անգամ փոխել էր իր արտաքինը…
Սյուժեի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպը նկարագրում է այնպիսի հիվանդություններ, որոնք առաջանում են հիպոֆիզի հիպերֆունկցիայի պատճառով, ինչպիսիք են գիգանտիզմը և ակրոմեգալիան:
- Հեդդա Լյուքսի հասակը հասել է 287 սմ-ի՝ գերազանցելով «առասպելային հսկա Մախնովի» հասակը (285 սմ):
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոնիո Պրեստո՝ հայնտի ամերիկացի կատակերգու իտալական ծագման, պրոդյուսեր
- Հեդդա Լյուքս՝ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը
- Հոֆման՝ օպերատոր
- պարոն Փիթչ՝ «Փիթչ և Կո․» կինոընկերության սեփականատեր
- Սորոկին՝ ռուս բժիշկ-ներզատաբան Սակրամենտոյում
- Սեբաստիան՝ Պրեստոյի ծառա (սպասավոր)
- Լորենցո Մարրա՝ դերասան, Հեդդա Լյուքսի ամուսինը
- Կուրց՝ բանկիր և շանտաժիշտ
- լորդ Ռադկլիֆ, Թագավոր՝ հրոսակախմբի պարագլուխ
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Беляев. Собрание сочинений в восьми томах. Том 4. Властелин мира. Вечный хлеб. Человек, потерявший лицо. Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия», 1963, с. 319-415.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Беляев. Человек, потерявший лицо (текст романа на сайте "Александр Беляев").
- Светлана Беляева «Звезда мерцает за окном…» (Александр Романович Беляев Романы. Повести. Рассказы /Библиотека всемирной литературы. М., Эксмо, 2008.)
- Александр Беляев «Человек, потерявший лицо» - ռուսերեն աուդիոգիրք