Jump to content

Դեմքը կորցրած մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմքը կորցրած մարդը
ռուս.՝ Человек, потерявший лицо
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
ՀեղինակԱլեքսանդր Բելյաև
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1929
ՀաջորդԻր դեմքը գտած մարդը

«Դեմքը կորցրած մարդը» (ռուս.՝ Человек, потерявший лицо), Ալեքսանդր Բելյաևի ֆանտաստիկ վեպը, որը լույս է տեսել 1929 թվականին։ Վեպը նվիրված է էնդոկրինոլոգիայի նվաճումների կիրառմանը՝ մարդու մարմինը փոխելու նպատակով, և դրան առնչվող էթիկական խնդիրներին: 1940 թվականին վեպը արմատապես վերամշակվել է և լույս տեսել «Իր դեմքը գտած մարդը» վերնագրով, որում գործում են նույն կերպարները և առկա են նույն սյուժետային գծերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Վոկրուգ սվետա» ամսագրում (1929, № 19-25)։ 1963 թվականին վեպն ընդգրկվել է գրողի ստեղծագործությունների ութ հատորից բաղկացած ժողովածուի («Մոլոդայա գվարդիա» հրատարակչություն) մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում։ Գաճաճ կատակերգու Անտոնիո Պրեստոն դարձել է Ամերիկայի ամենահայտնի և հարուստ կինոդերասաններից մեկը իր այլանդակության և դերասանական տաղանդի հակադրության շնորհիվ: Բայց և այնպես կինոյում նրա հաջողությունը չի օգնում անձնական կյանքում: Երկրի ամենագեղեցիկ դերասանուհի Հեդդա Լյուքսն շարունակ մերժում է նրա կինը դառնալու առաջարկները։ Իմանալով Սակրամենտոյում ֆիզիկական թերությունները շտկող ռուս բժիշկ Սորոկինի մասին՝ Պրեստոն բոլորից գաղտնի ժամանում է Սակրամենտո՝ շտկելու իր անճոռնիությունը՝ երազելով Հեդդա Լյուքսի հետ ամուսնանալու և կինոյում իսկական դրամատիկ դերեր ստանալու մասին։ Հորմոնալ թերապիա կիրառելով՝ Սորոկինը Պրեստոյին վերադարձնում է այն մարմինն ու դեմքը, որը նա պետք է ունենար, եթե չլիներ կրետինիզմ հիվանդությունը: Պրեստոն դառնում է բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ, և արդյունքում նույնիսկ ծառան չի ճանաչում նրան: Հեդդա Լյուքսը դժվարությամբ է համոզվում, որ անծանոթն իսկապես Պրեստոն է, բայց կրկին մերժում է նրան, քանի որ Պրեստոն այժմ բոլորին անհայտ մարդ է՝ երիտասարդ դերասանի շարքային արտաքինով։ Այժմ դերասանի կարիերան նույնպես անհնար է նույն պատճառով. կինոընկերության սեփականատեր պարոն Փիթչն օգտագործել է նրա այլանդակությունը հաճախորդներ գրավելու նպատակով և չի ցանկանում կապիտալ ներդնել Պրեստոյի նոր կերպարի առաջխաղացման համար: Հուսահատված Պրեստոն հրաժեշտի երեկո է կազմակերպում բոլոր ծանոթների համար, որտեղ ճառ է արտանասում և հանկարծակի անհետանում։ Որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս հանցավոր մի խմբավորում, որի պարագլուխը կարողանում է մարդկանց արտաքինը փոխել։ Ավազակախումբը տներ չի թալանում, միայն ստիպում է մարդկանց ինչ-որ թուրմերի խառնուրդ խմել։ Այն բանից հետո, երբ, ըստ ոստիկանության, պարագլուխը վերջապես սպանվում է, հրաժեշտի երեկոյի բոլոր մասնակիցները վերածվում են այլանդակների։ Փիթչը անասելի գիրանում է, Հեդդա Լյուքսի հասակը հասնում է 287 սմ-ի, իսկ նրա փեսացուն՝ Լորենցո Մարրան, դառնում է անճոռնի թզուկ։ Ամենադաժան պատիժը բաժին է ընկնում նահանգապետին, որը վերածվում է սևամորթի և սեփական փորձով ճաշակում ռասայական խտրականությունը։ Նրանք կռահում են, որ դարձել են Անտոնիո Պրեստոյի վրեժխնդրության զոհը։ Բժիշկ Սորոկինը բուժում է նրանց, բայց երախտագիտության փոխարեն ստիպված է լինում հեռանալ Ամերիկայից։ Եվրոպա մեկնող շոգենավի տախտակամածի վրա նա հանդիպում է Պրեստոյին, որը հերթական անգամ փոխել էր իր արտաքինը…

Սյուժեի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպը նկարագրում է այնպիսի հիվանդություններ, որոնք առաջանում են հիպոֆիզի հիպերֆունկցիայի պատճառով, ինչպիսիք են գիգանտիզմը և ակրոմեգալիան:
  • Հեդդա Լյուքսի հասակը հասել է 287 սմ-ի՝ գերազանցելով «առասպելային հսկա Մախնովի» հասակը (285 սմ):

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոնիո Պրեստո՝ հայնտի ամերիկացի կատակերգու իտալական ծագման, պրոդյուսեր
  • Հեդդա Լյուքս՝ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը
  • Հոֆման՝ օպերատոր
  • պարոն Փիթչ՝ «Փիթչ և Կո․» կինոընկերության սեփականատեր
  • Սորոկին՝ ռուս բժիշկ-ներզատաբան Սակրամենտոյում
  • Սեբաստիան՝ Պրեստոյի ծառա (սպասավոր)
  • Լորենցո Մարրա՝ դերասան, Հեդդա Լյուքսի ամուսինը
  • Կուրց՝ բանկիր և շանտաժիշտ
  • լորդ Ռադկլիֆ, Թագավոր՝ հրոսակախմբի պարագլուխ

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Беляев. Собрание сочинений в восьми томах. Том 4. Властелин мира. Вечный хлеб. Человек, потерявший лицо. Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия», 1963, с. 319-415.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]