Jump to content

Դեդուկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(1) Բոլոր մարդիկ մահկանացու են։
(2) Սոկրատեսը մարդ է։

դեդուկցիա
(3) Սոկրատեսը մահկանացու է։

Դեդուկցիա (լատին․՝ deductio — բխեցում), մտահանգման (կշռադատության) տեսակներից, լայն իմաստով՝ հետազոտության մեթոդներից մեկը։

Դեդուկցիան ավանդաբար սահմանվել Է, ներկայումս էլ երբեմն սահմանվում է իբրև այնպիսի մտահանգում, որով ընդհանուր նախադրյալներից կատարվում է մասնավոր եզրակացություն, և այդ առումով այն հակադրվում է ինդուկցիային։ Բայց այս սահմանումը ճշգրտման կարիք ունի, քանի որ անվերապահորեն դեդուկտիվ համարվող մտահանգումների որոշ տեսակներ այդպիսի հատկանիշ չունեն։ Ուստի, դեդուկցիա ասելով ներկայումս ավելի հաճախ հասկացվում է անալիտիկ բնույթի կշռադատությունը, որտեղ եզրակացությունն ստացվում է միայն որպես նախադրյալներում ոչ բացահայտ ձևով պարունակվող ինֆորմացիայի բացահայտում-առանձնացում՝ որոշակի տրամաբանական միջոցներով, այն է՝ արտածման կանոններով։ Դրանով պայմանավորված՝ դեդուկցիայի մեջ եզրակացությունը միշտ լինում է հավաստի (եթե նախադրյալները հավաստի են)։ Այդպես ըմբռնված դեդուկցիան հակադրվում է սկզբունքորեն միայն հավանական եզրակացություն տվող մտահանգումներին (ոչ լրիվ ինդուկցիա, անալոգիա և այլն, իսկ լրիվ ինդուկցիան դիտվում է որպես դեդուկցիա)։

Դեդուկցիայի տեսությունը տրամաբանության հիմնական բովանդակությունն է, նույնիսկ երբեմն նույնացվում է ընդհանրապես ձևական տրամաբանության հետ։ Ելնելով նրանից, որ դեդուկցիան որպես հետազոտության մեթոդ «նոր բան» չի տալիս, որոշ տրամաբաններ այն համարել են կշռադատության ոչ լիարժեք, գիտության համար առանձին նշանակություն չունեցող եղանակ, իսկ իսկական գիտելիք, ըստ նրանց, տալիս է միայն ինդուկցիան։ Ուրիշները (Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ), ընդհակառակը, գերապատվությունը տվել են դեդուկցիային՝ գտնելով, որ այն տալիս է անհրաժեշտաբար հավաստի եզրակացությունը և «ճշմարիտ է բոլոր հնարավոր աշխարհներում», մինչդեռ ինդուկցիան (ոչ լրիվ) տալիս է միայն հավանական կամ պատահականորեն հավաստի եզրակացություն։

Դեդուկցիայի տեսության մշակման գործում մեծ ավանդ է մուծել Արիստոտելն՝ իր սիլլոգիստիկայով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 324