Դավիթ Քերական
Դավիթ Քերական | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Մահացել է | 6-րդ դար |
Մասնագիտություն | լեզվաբան և քերական |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Դավիթ Քերական, Դավիթ Մեկնիչ (ծնունդի և մահվան թվականները անհայտ են), V-VI դարերի հայ քերական։ Երբեմն նույնացվում է Դավիթ Անհաղթի հետ։ Մեզ է հասել նրա «Մեկնություն քերականին» աշխատությունը։ Ի տարբերություն Դիոնիսոսի, նա հակված է դեպի ռացիոնալիզմը և հանդես է եկել որպես «քերականական արվեստի» բանական հիմունքների ջատագով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկային բնության մեջ առանձնացնում է երկու կողմ՝ «ոգի բանական» և «մարմին գործնական», որոնք լինում են բարի, միջակ և չար։ Քննելով բարու դրսևորումները՝ կանգ է առնում «քերթողական արվեստի» վրա, որի մեջ է մտցնում նաև քերականությունը։ Տառ և գիր տերմինները նա զանազանում է իրարից՝ նշելով, որ տառը վերացական է, մինչդեռ գիրը նրա շոշափելի պատկերն է, մարմնավորումը։ Որակական տարբերություններ է գտնում ձայների միջև և զանազանում կենդանիների ու առարկաների ձայները մարդկայինից։ Ապա որոշում է բաղաձայն ու ձայնավոր հնչյունները, տառը նմանեցնում մարդկային մտքին, իսկ նրա հարաբերությունը ձայնավորներին ու բաղաձայններին՝ մտքի հարաբերությանը մարմնի անդամներին։
Մշակումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակել է բառերի ստուգաբանության առանձին տեսություն և սահմանել ստուգաբանության երեք եղանակ՝
- ըստ առարկայի ձևի՝ սափոր = սա+փոր
- ըստ արհեստի կամ նրա հարաբերության առարկայի հետ՝ փայտատ=փայտ+ատ,
- ըստ բնաձայնության կամ առարկան հիշեցնող հնչյունակազմի՝ ճնճղուկ։
Դավիթ Քերականը տարբերում է բառն ու բան և սահմանում դրանք։ Բառը համարում է բանի նվազագույն մասը, որի մեջ միտքն այնպես կատարյալ չի արտահայտվում, ինչպես բանի մեջ։ Նշում է նաև չափածո և արձակ խոսքի միջև եղած տարբերությունները։ Անցնելով խոսքի մասերի գոյացմանը՝ սահմանափակվում է միայն անվան ու բայի առաջնայնության խնդրով։ Խոսքի մասերը սահմանելիս առաջ է քաշում իրերի ու երևույթների իմացական տարբերակման հարցը, սահմանում գոյականը, բայը, մակբայը, դերանունն են, նշում դրանց առանձնահատկությունները։ Արվեստը բաժանելով երեք տեսակի՝ չար, միջակ, բարի, վերջինիս հատուկ գծերը տեսնում է հոգևոր երգ-երաժշտության մեջ։ Նկատի ունենալով երաժշտության հուզական բնույթն ու ներգործման ուժը, երաժշտությանը վերաբերող իր ասույթներում աշխատում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը և ում պետք է ծառայի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջահուկյան Գ. Բ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնդարյան Հայստանում, Երևան, 1954։
- Թահմիզյան Ն., Էջեր հայկական վաղ-միջնադարյան երաժշտական գեղագիտությունից, «Տեղեկագիր» ՀԽՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1961, №2:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։ |