Դառնուկ
Դառնուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Rhodeus sericeus (Pallas, 1776) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Դառնուկ (լատին․՝ Rhodeus sericeus), ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Հայաստանի ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել Է 1996-ին։ Հանդիպում է Արաքս, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։ Մանր ձուկ է։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը լայն է՝ կողքերից սեղմված, երկարությունը՝ 4-5 (երբեմն՝ մինչև 8) սմ, զանգվածը՝ 6 գ և ավելի։ Արուները սովորաբար էգերից խոշոր են։ Բերանը փոքր է, գտնվում է դնչի ծայրին։ Թեփուկները խոշոր են, 1 երկայնական շարքում՝ 30-38 հատ։ Կողագիծն արտահայտվում է միայն առաջին 1-7 թեփուկների վրա կամ ընդհանրապես բացակայում է։ Կլանային ատամները միաշարք են, յուրաքանչյուր կողմում՝ 5-ական։ Պոչային լողակը մկրատաձև, է, մեջքային լողակը՝ 12-13-ճառագայթանի, հետնալողակը՝ 11-13։ Մեջքը մոխրականաչավունից սև. է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ։
Մարմնի միջին մասից մինչև պոչային լողակի հիմքը ձգվում է սև՝ կանաչավուն նրբերանգով նեղ շերտ։ Լողակները բաց մոխրագույն են։ Աչքի ծիածանաթաղանթը դեղին է, վերին մասում՝ կարմիր։ Հարսանեկան շրջանում արուների մարմնի գունավորումը հիմնովին փոխվում է. կողքերը ձեռք են բերում ծիածանային գունավորում՝ վարդագույն, երկնագույն և կանաչ նրբերանգներով, մեջքային լողակը և հետնալողակը մոխրագույնից վերածվում են վառ կարմրի, բերանի անկյունային մասերում հայտնվում է սպիտակավուն մաշկային ցան։ Էգերի գունավորումն այդ ընթացքում չի փոխվում, նրանց մոտ հայտնվում է երկար ձվադիր, որը կարող է հասնել մարմնի երկարությանը։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Բազմանում է գարնանից մինչև աշնան սկիզբը։ Յուրաքանչյուր առանձնյակ կարող Է ձվադրել մինչև 9 անգամ՝ որոշակի ընդմիջումներով և փոքր քանակներով։ Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 600 ձկնկիթի։ Երկարավուն ձվադիրի օգնությամբ էգերը դեղնավուն ձկնկիթը դնում են երկփեղկանի փափկամարմինների՝ անատամիկների սիֆոնի մեջ, որտեղ և կատարվում է նրա բեղմնավորումը։ Ձկնկիթի զարգացումը, մանրաձկների կյանքի առաջին փուլերն ընթանում են փափկամարմնի թիկնոցային խոռոչում։ Հասնելով մոտ 1 սմ երկարության՝ երիտասարդ ձկները թողնում են իրենց ապաստարանը և սկսում ինքնուրույն կյանք վարել։ Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս և բույսերով հարուստ տեղամասերում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է բույսերով, ինչպես նաև մանր անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, որդերով։
Տնտեսական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է որոշակի վնաս հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաջամ, ճանար, կողակ) ձկնկիթներով և թրթուրներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնուկ» հոդվածին։ |
|