Գրչության կենտրոններ
Գրչության կենտրոններ , հայ մշակույթի միջնադարյան կենտրոններ, բնակավայրեր կամ հաստատություններ, որտեղ գրվել, ընդօրինակվել, զարդանկարվել ու կազմվել են ձեռագրեր։ Ձեռագրեր ստեղծվել են հիմնականում վանքերին ու մենաստաններին, եպիսկոպոսարաններին ու դպրանոցներին կից գրչատներում՝ նպատակ ունենալով ձեռագրերի բազմացումը ինչպես առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու, այնպես էլ հետագա սերունդներին փոխանցելու համար։ Եղել են նաև առանձին տներ, որտեղ գրիչները ձեռագրերն ընդօրինակելու համար օգտագործել են աշակերտների և ընտանիքի անդամների աշխատանքը։ Գրչության կենտրոններում ձեռագրեր ընդօրինակելու հետ ստեղծվել են պատմագրական, գրական, գիտական, դավանաբանայան բնույթի գործեր։ Գրչության կենտրոնները եղել են գրի պահպանման ու զարգացման, մանրանկարչության ու կազմարարական արվեստի, մագաղաթի ու թղթի մշակման, ներկերի ու թանաքի պատրաստման և գրչության արվեստին առնչված այլ արհեստների կենտրոններ։ Խոշոր կենտրոններում եղել են գրչապետներ ու սրբագրիչներ, որոնք հետևել են ձեռագրի գեղեցկությանը և գրագիտությանը։
Հայ գրչության կենտրոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ առաջին գրչության կենտրոնը Վաղարշապատն է։ Այդտեղ, 5-րդ դարից սկսած, գրվել, բազմացվել և Հայաստանի տարբեր կողմեր են առաքվել հայկական ձեռագրեր։ Սրանք իրենց հերթին ընդօրինակվել ու բազմացվել են այլ գրչության կենտրոններում։ Հաշվվում են ավելի քան 1500 գրչության կենտրոններ, որոնք գործել են տարբեր ժամանակներում և ունեցել տարբեր ընդգրկում։ Առավել նշանավոր էին Վաղարշապատի, Սյունյաց, Անձևացյաց, Տաթևի, Վարագի, Նարեկի, Արգինայի, Հաղպատի, Սանահինի, Աղթամարի, Գետիկի, Գոշավանքի, Խորանաշատի, Խոր վիրապի, Մշո Առաքելոց և Գլակա վանքերի, Երզնկայի, Կարինի, Կարսի, Գլաձորի, Ապրակունիսի, Խառաբաստի, Մեծոփի, Սսի, Դրազարկի, Ակների, Գռների, Ադանայի, Խիզանի, Վանի, Բաղեշի, Կաֆայի, Սուրխաթի, Սկևռայի, Կոստանդնուոլսի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի և այլ գրչության կենտրոններ։ Հայ գրչության կենտրոններ են եղել նաև Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Լեհաստանում, Եգիպտոսում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 237)։ |