Գեստապո (գերմ.՝ Gestapo-լրիվ՝ Geheime Staatspolizei), պետական գաղտնի ոստիկանություն ֆաշիստական Գերմանիայում։ Ստեղծվել է 1933 թվականի ապրիլին՝ ֆաշիզմի քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով։ Գերմանիայում և նրա սահմաններից դուրս հանդես էր գալիս որպես արյունալի տեռորի գործիք։ 1936 թվականին Գեստապոյի կայսերական ղեկավար նշանակվեց Հիտլերը։ Գեստապոյի համակենտրոնացման ճամբարներում և զնդաններում առանց հետաքննության և դատի սպանվել ու տանջամահ են արվել հարյուր հազարավոր հակաֆաշիստներ։ Գեստապոն գործակալներ ուներ հիմնարկ-ձեռնարկություններում և բնակելի թաղամասերում, իսկ հատուկ բաժինը հսկում էր նացիստական կուսակցության անդամներին։ 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գեստապոյի մարմինները (գաղտնի ոստիկանություն, զոնդեր-կոմանդներ և այլն) օկուպացված տարածքներում դաժան հաշվեհարդար էին տեսնում խաղաղ բնակչության և ռազմագերիների նկատմամբ։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո Գերմանիայի Վերահսկիչ խորհրդի համար 2 օրենքով (1945) Գեստապոն վերացվեց և հայտարարվեց օրենքից դուրս։ 1946 թվականին, Նյուրնբերգում, Միջազգային զինվորական տրիբունալը Գեստապոն ճանաչեց հանցագործ կազմակերպություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 18)։