Գեորգի Սեդով
Գեորգի Սեդով ռուս.՝ Георгий Яковлевич Седов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23 (մայիսի 5), 1877[1] Սեդովե, Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 20 (մարտի 5), 1914 (36 տարեկան) Ռուդոլֆի կղզի, Արխանգելսկի մարզ բնական մահով |
Գերեզման | Արխանգելսկի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ջրագիր և բևեռախույզ |
Գործունեության ոլորտ | գիտություն[2] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Պարգևներ | |
Georgy Sedov Վիքիպահեստում |
Գեորգի Յակովլևիչ Սեդով (ռուս.՝ Гео́ргий Я́ковлевич Седо́в, ապրիլի 23 (մայիսի 5), 1877[1], Սեդովե, Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20 (մարտի 5), 1914, Ռուդոլֆի կղզի, Արխանգելսկի մարզ), ռուս ճանապարհորդ, աշխարհագրագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Սեդովը ծնվել է 1877 թվականին Ազովի ծովի ափին գտնվող մի փոքրիկ ավանում, ձկնորսի ընտանիքում։ Պատանին մեծ ցանկություն ուներ ուսում ստանալու։ 1895 թվականին հեռացավ հայրական տնից և սկսեց հաճախել ծովագնացների դասընթացների։ Տարիներ անց դարձավ կրթված սպա, ծովային գործի գիտակ։ 1914 թվականին հիվանդացել է լնդախտով և փետրվար ամսին մահացել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա փայլուն գիտարշավներ է կատարել դեպի Կոլիմա, Նոր երկիր։ Սակայն դրանք միայն նախապատրաստական աշխատանքներ էին հասնելու իր երազած գլխավոր նպատակին՝ արշավախումբ կազմակերպել դեպի Հյուսիսային Բևեռ։
Չնայած ցարական կառավարությունը հրաժարվեց օգնել Սեդովին, այնուամենայնիվ նրան հաջողվեց արշավախմբային նավ հանդերձել։ 1912թ. ամռանը «Սվյատոյ Ֆոկա» («Սուրբ Փոկաս») նավը դուրս եկավ Արխանգելսկից և ուղղություն վերցրեց դեպի Ֆրանց Յոսիֆի երկիր, ուր արշավախումբը պետք է ձմեռեր։ Սեդովն ու նրա ընկերները մտադիր էին նոր՝ բևեռային օրվա առաջին շողերի հետ այդտեղից ոտքով ու շնասահնակներով ճանապարհ ընկնել դեպի բևեռ։
Սակայն այդ տարի ձմեռը շատ վաղ սկսվեց։ Ֆրանց Յոսիֆի երկիր չհասած՝ «Սվյատոյ Ֆոկան» Նոր երկրի հյուսիսարևմտյան ափերի մոտ շրջափակվեց սառույցներով։ Այստեղ էլ արշավախումբը ձմեռեց։ Սեդովն ու նրա ընկերները հետազոտեցին Նոր երկիրը, կազմեցին ծովափի նոր, ճշգրիտ քարտեզներ։ Եկավ ամառը, բայց սառույցներն առաջվա պես աքցանի մեջ էին պահում նավը։ Միայն օգոստոսին սառույցն սկսեց ջարդվել։ Անհավատալի դժվարությամբ, գրեթե առանց վառելանյութի, ասես առաջ մղվելով Սեդովի անսպառ եռանդից, «Սվյատոյ Ֆոկան» մի կերպ հասավ Ֆրանց Յոսիֆի երկիր և խարիսխ գցեց Խաղաղ անունը կրող ծովախորշում։ Այստեղ արշավախումբն ստացավ հերթական հարվածը, ածխով բեռնված նավը տեղ չէր հասել։
Նոր, ծանր ձմեռում էր սպասում, մինչդեռ արշավախմբի մասնակիցների ուժերն արդեն սպառվում էին։ Սկսվեց լնդախտը, որով հիվանդացավ նաև Սեդովը։ Սակայն կամքն ու հաստատակամությունը նրան չէին լքում։ Ընկերները համոզում էին մնալ նավի վրա, հետաձգել արշավը դեպի բևեռ, բայց Սեդովը չհամաձայնեց. հետաձգելը կնշանակեր ընդմիշտ հրաժարվել առաջադրած նպատակից։
Ֆրանց Յոսիֆի երկրի կղզիները շրջապատող սառույցների միջով դժվարությամբ առաջ են շարժվում երեք շնասահնակներ։ 1914 թվականի փետրվարն է։ Ուր որ է կավարտվի բևեռային գիշերը, բայց արևը դեռ ծածկված է բարձր լեռների ետևում։ Շնասահնակներն առաջ են շարժվում դանդաղորեն՝ անընդհատ ստիպված լինելով շրջանցել անկանոն կուտակված սառցաբեկորները։ Երեք շնասահնակները վարում են երկու մարդ։ Մեջտեղի սահնակին, վայր չընկնելու համար, կապված է հիվանդ Սեդովը։ Նա տանջալից հազում է, երբեմն կորցնում գիտակցությունը։ Ուշքի գալով՝ անհանգստությամբ աչքերին է մոտեցնում կողմնացույցը. «Ուղղությունը դեպի հյուսիս»,- լսվում է նրա հրամանը։ «Կա՛, ուղղությունը դեպի հյուսիս»,- պատասխանում են նավաստիները և բքի ու մառախուղի միջով շարժվում առաջ, դեպի հյուսիս։
Սեդովին չհաջողվեց հասնել Հյուսիսային բևեռ։ Նա կյանքը զոհեց հանուն իր մեծ երազանքի։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սեդով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 264)։ |