Գեորգի Սեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Գեորգի Սեդով
Sedow georgy.jpg
Ծնվել է ապրիլի 23 (մայիսի 5), 1877
Սեդովե, Նովոազովսկի շրջան, Դոնեցկի մարզ
Մահացել է փետրվարի 20 (մարտի 5), 1914 (36 տարեկանում)
Ռուդոլֆի կղզի, Ռուսաստան
բնական մահով
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող և Hydrograph
Տիրապետում է լեզուներին ռուսերեն
Պարգևներ Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Georgiy Sedov Վիքիպահեստում

Գեորգի Յակովլևիչ Սեդով (ռուս.՝ Гео́ргий Я́ковлевич Седо́в, ապրիլի 23 (մայիսի 5), 1877 - փետրվարի 20 (մարտի 5), 1914, Ռուդոլֆի կղզի, Արկտիկա), ռուս ականավոր ճանապարհորդ, աշխարհագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սեդովը ծնվել է 1877 թվականին Ազովի ծովի ափին գտնվող մի փոքրիկ ավանում, ձկնորսի ընտանիքում։ Պատանին մեծ ցանկություն ուներ ուսում ստանալու։ 1895 թվականին հեռացավ հայրական տնից և սկսեց հաճախել ծովագնացների դասընթացների։ Տարիներ անց դարձավ կրթված սպա, ծովային գործի գիտակ։ 1914 թվականին հիվանդացել է լնդախտով և փետրվար ամսին մահացել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա փայլուն գիտարշավներ է կատարել դեպի Կոլիմա, Նոր երկիր։ Սակայն դրանք միայն նախապատրաստական աշխատանքներ էին հասնելու իր երազած գլխավոր նպատակին՝ արշավախումբ կազմակերպել դեպի Հյուսիսային Բևեռ։

Չնայած ցարական կառավարությունը հրաժարվեց օգնել Սեդովին, այնուամենայնիվ նրան հաջողվեց արշավախմբային նավ հանդերձել։ 1912թ. ամռանը «Սվյատոյ Ֆոկա» («Սուրբ Փոկաս») նավը դուրս եկավ Արխանգելսկից և ուղղություն վերցրեց դեպի Ֆրանց Յոսիֆի երկիր, ուր արշավախումբը պետք է ձմեռեր։ Սեդովն ու նրա ընկերները մտադիր էին նոր՝ բևեռային օրվա առաջին շողերի հետ այդտեղից ոտքով ու շնասահնակներով ճանապարհ ընկնել դեպի բևեռ։

Սակայն այդ տարի ձմեռը շատ վաղ սկսվեց։ Ֆրանց Յոսիֆի երկիր չհասած՝ «Սվյատոյ Ֆոկան» Նոր երկրի հյուսիսարևմտյան ափերի մոտ շրջափակվեց սառույցներով։ Այստեղ էլ արշավախումբը ձմեռեց։ Սեդովն ու նրա ընկերները հետազոտեցին Նոր երկիրը, կազմեցին ծովափի նոր, ճշգրիտ քարտեզներ։ Եկավ ամառը, բայց սառույցներն առաջվա պես աքցանի մեջ էին պահում նավը։ Միայն օգոստոսին սառույցն սկսեց ջարդվել։ Անհավատալի դժվարությամբ, գրեթե առանց վառելանյութի, ասես առաջ մղվելով Սեդովի անսպառ եռանդից, «Սվյատոյ Ֆոկան» մի կերպ հասավ Ֆրանց Յոսիֆի երկիր և խարիսխ գցեց Խաղաղ անունը կրող ծովախորշում։ Այստեղ արշավախումբն ստացավ հերթական հարվածը, ածխով բեռնված նավը տեղ չէր հասել։

Նոր, ծանր ձմեռում էր սպասում, մինչդեռ արշավախմբի մասնակիցների ուժերն արդեն սպառվում էին։ Սկսվեց լնդախտը, որով հիվանդացավ նաև Սեդովը։ Սակայն կամքն ու հաստատակամությունը նրան չէին լքում։ Ընկերները համոզում էին մնալ նավի վրա, հետաձգել արշավը դեպի բևեռ, բայց Սեդովը չհամաձայնեց. հետաձգելը կնշանակեր ընդմիշտ հրաժարվել առաջադրած նպատակից։

Ֆրանց Յոսիֆի երկրի կղզիները շրջապատող սառույցների միջով դժվարությամբ առաջ են շարժվում երեք շնասահնակներ։ 1914 թվականի փետրվարն է։ Ուր որ է կավարտվի բևեռային գիշերը, բայց արևը դեռ ծածկված է բարձր լեռների ետևում։ Շնասահնակներն առաջ են շարժվում դանդաղորեն՝ անընդհատ ստիպված լինելով շրջանցել անկանոն կուտակված սառցաբեկորները։ Երեք շնասահնակները վարում են երկու մարդ։ Մեջտեղի սահնակին, վայր չընկնելու համար, կապված է հիվանդ Սեդովը։ Նա տանջալից հազում է, երբեմն կորցնում գիտակցությունը։ Ուշքի գալով՝ անհանգստությամբ աչքերին է մոտեցնում կողմնացույցը. «Ուղղությունը դեպի հյուսիս»,- լսվում է նրա հրամանը։ «Կա՛, ուղղությունը դեպի հյուսիս»,- պատասխանում են նավաստիները և բքի ու մառախուղի միջով շարժվում առաջ, դեպի հյուսիս։

Սեդովին չհաջողվեց հասնել Հյուսիսային բևեռ։ Նա կյանքը զոհեց հանուն իր մեծ երազանքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 528 CC-BY-SA-icon-80x15.png