Jump to content

Բութանի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտական տոնակատարություն Բութանում

Հանգրվանած լինելով Հիմալայների գոգավորություններում, և շնորհիվ իր աշխարհագրական մեկուսացմանը, Բութանը, այդպիսով, պաշտպանում է իրեն արտաքին մշակութային ազդեցություններից։ Այս նոսր բնակչությամբ երկիրը, որը հարավում սահմանակցում է Հնդկաստանին, իսկ հյուսիսում՝ Չինաստանին, երկար ժամանակ պահպանել է լրիվ մեկուսացման իր քաղաքականությունը՝ թե՛տնտեսական և թե՛ մշակութային՝ նպատակ ունենալով պահպանել իր մշակութային ժառանգությունը և անկախությունը։ Միայն 20րդ դարի վերջին տասնամյակներում օտարերկրացիներին թույլ տվեցին այցելել այդ երկիրը, և այն էլ սահմանափակ քանակներով։ Այս եղանակով Բութանը հաջողությամբ պահպանել է իր մշակույթի շատ կողմերը, որոնք գալիս են 17րդ դարի վերջերից։

Բութանի ժամանակակից մշակույթը ծագում է հնագույն մշակույթից։ Հենց այդ մշակույթն էլ նպաստեց այս երկրի վաղ աճին։ Ջոնգհա և շարչոպ լեզվատեսակները Բութանի գլխավոր լեզուներն են, որոնք շատ մոտ են տիբեթերենին, իսկ բութանյան վանականները գրում և կարդում են տիբեթերենի հնագույն տարբերակով, որը հայտնի է որպես չհոկի։ Բութանցիները ֆիզիկապես նման են տիբեթցիներին, բայց պատմությունը չի արձանագրում, որ նրանք հատել են Հիմալայները և բնակություն են հաստատել Բութանի հարավային հովիտներում։ Թե՛ բութանցիները, և թե՛տիբեթցիները երկրպագում են տանտրիկ գուրուին՝ Փադմասամբհավային, որը 18րդ դարի հիմալայան բուդդիզմի հիմնադիրն է։

Վանքի լուսամուտից դուրս նայող բուդդիստ վանական

Բութանի բնակչությունը դավանում է բուդդիզմ, որն էլ այդ երկրի գլխավոր կրոնն է։ Կրոնական համոզմունքները ակնհայտ են բութանյան կյանքի բոլոր բնագավառներում։ Աղոթքի դրոշները ծածանվում են լեռնալանջերին՝ առաջարկելով աղոթքներ բոլոր կենդանի էակների համար։ Տներից յուրաքանչյուրի տանիքին ամրացված է փոքրիկ սպիտակ դրոշ, ցույց է տալիս, որ այդ տան տերը արել է գումար նվիրաբերելու իր առաջարկությունը՝ տեղական աստծուն հանդարտացնելու համար։

Բնակչության մոտ 23% հնդիկներ են, 0,2% մուսուլմաններ։ Ընդհանուր առմամբ, բնակչության 75% բուդդիստներ են, իսկ 0,4% ուրիշ կրոններ են։

Կրոնական տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին մեկ անգամ Թրոնգան կամ ամենակարևոր գյուղը կարող է անցկացնել կրոնական տոնակատարություն, կամ ինչպես դա կոչում են՝ Ցեչու։ Գյուղացիները շրջակա տարածաշրջաններից գալիս են այստեղ՝ մի քանի օր տևող կրոնական ծեսերը տեսնելու և միմյանց հետ շփվելու համար, ինչպես նաև նվիրատվություններ են անում այդ տոնակատարության լամային և վանքին։ Այդ տոնակատարության գլխավոր արարողությունը կրոնական դիմակավորված պարերի հստակ շարանն է, որը կոչվում է չամ, և այդ պարերը տեղի են ունենում արքունական ընդարձակ բակում։

Յուրաքանչյուր պար տևում է մինչև մի քանի ժամ, իսկ այդ ամբողջ պարերի շարանը ավարտելը կարող է տևել 2-ից 4 օր։ Այդ պարերին պարզապես ներկա գտնվելը արդեն օրհնություն է հանդիսատեսի համար, և նաև ունի խորհուրդ ՝ փոխանցելու Տանտրիկ բուդդիզմի սկզբունքները գյուղացիներին։ Մի շարք պարեր կարող են վերաբերել հենց Շաբդրանգ Նգավանգ Նամգյալին՝ Բութանի հիմնադրին, և դրանք անփոփոխ փոխանցվել են 17րդ դարից մինչև այսօր։

Տոնակատարության կամ ցեչուի ավարտի օրը, նախքան լուսաբացը, մի վիթխարի գոբելեն (թոնգդրել) է բերվում և ձոնգի բակում մի քանի ժամ բացվում է։ Հավատում են, որ զուտ այդ տեսարանը բերում է հոգևոր ազատություն։ Թոնգդրելը լրիվ բացվում է նախքան առավոտյան արևի ճառագայթները կազդարարաեն առավոտի բացվելը։

Վանական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձոնգ (բնակավայր, գյուղ) Թրոնգսա]).

Բութանում ապագա վանականները գնում են վանքեր 6-ից 9 տարեկանում և անմիջապես հանձնվում են տվյալ հաստատության ղեկավարի վերահսկողությանը։ Նրանք սովորում են կարդալ չհոկեյ լեզվով, որը հին սուրբ տեքստերի լեզուն է, ինչպես նաև ջոնգհա և անգլերեն։ Ժամանակի ընթացքում նրանք ընտրում են 2 հնարավոր ուղղություններից մեկը՝ սովորել աստվածաբանություն և բուդդիստական տեսություն, կամ ընտրել ավելի տարածված տարբերակը՝ այսինքն դառնալ ծիսակատարությունների և տարբեր բուդդայական հմտությունների գիտակ։

Վանականների ամենօրյա կյանքը շատ դաժան է, հատկապես, երբ նրանք գտնվում են բարձր լեռներում գտնվող վանքերից մեկում։ Այս տեսակ վանքերում ուտելիքը հաճախ սակավ է լինում, և պետք է համալրվի հենց իրենց՝վանականների կամ այցելուների կողմից։ Նրանց հագուստը չի համապատասխանում ձմռան ցրտաշունչ պայմաններին, իսկ վանքերը չեն ջեռուցվում։ Հիմնականում, վանական կյանքի այս տեսակ դժվարությունների և զրկանքների պատճառով է, որ նրանք մեծ հարգանք են վայելում հասարակության մեջ։ Ունենալ այս վանքում ծառայող որդի կամ եղբայր՝ նշանակում է շատ լավ կարմա այդ ընտանիքի համար։

Վանականի հոգևոր կատարելագործումը շարունակվում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի իր հոգևոր դերից որպես քահանա, նա կարող է մի քանի անգամ գնալ և ապրել ճգնավորի կյանքով, որը հիմնականում տևում է 3 տարի, 3 ամիս և 3 օր։ Այս ընթացքում նրան պարբերաբար հանդիպում է իր հոգևոր ուսուցիչը, ով ստուգում է, արդյո՞ք նա հոգևոր աճ է ունեցել և, որ իր ճգնավորության այդ ժամանակը իզուր չի անցնում։

Յուրաքանչյուր վանք գլխավորում է վանահայրը (աբբա), ում կոչում են լամա, չնայած տիտղոսները կարող են տարբեր լինել։ Ամենակարևոր վանականը Բութանի գլխավոր վանահայրն է, ում տիտղոսը Ջէ Կհենպո է։ Տեսականորեն, իր դիրքով նա հավասարազոր է արքային։

Կենտրոնական վանական մարմինը մոտ 600 վանականներ են, ովքեր զբաղվում են երկրի առավել կարևոր կրոնական գործերով։ Ամռանը նրանք հավաքվում են իրենց մայրաքաղաք Տհիմպհույում, իսկ ձմռանը իջնում են Պունակհա ձոնգ, որը ամենասրբազան ձոնգն է, և որտեղ 17րդ դարի վերջից մինչև այսօր, հսկողության տակ պահվում է Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի մարմինը։

Ազգային դրես կոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանի բոլոր քաղաքացիները պարտավոր են կրել ազգային հագուստ, որը կոչվում է Դրիգլամ Նամժա, երբ ցերեկային ժամերին գտնվում են հասարակական վայրերում։ Դրես կոդի պահանջները որոշ տարածաշրջաններում( ձոնգերում) ավելի խիստ են, քան մյուսներում։ Տղամարդիկ հագնում են գհո կամ մինչև ծնկները հասնող ծանր խալաթ, որը կապում են գոտիով։ Կանայք հագնում են գունագեղ վերնաշապիկներ, որոնց վրայից էլ հագնում են մեծ, ուղղանկյունաձև կտոր, որը կոչվում է կիրա։ Իսկ կիրայի վերևից հագնում են կարճ, մետաքսե բաճկոն կամ տեգո։

Ամենորյա գհո-ն և կիրա-ն բամբակյա կամ բրդյա են՝ կախված տարվա եղանակից, ունենում են պարզ նախշեր` վանդկաներով և գծերով, գերակշռում են շականակագույն երանգները։ Հատուկ միջոցառումների և տոնակատարությունների ժամանակ հագնում են վառ գույներով մետաքսե կիրա և ավելի հազվադեպ՝ գհո։ Լրացուցիչ սահմանափակումներ են առաջանում ձոնգ կամ տաճար, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին այցելելու ժամանակ։ Ցածր դասի տղամարդիկ կրում են սպիտակ շարֆ (կաբնի), որը կախված է ձախ ուսից և հասնում է մինչև աջ ազդր։ Բութանի արական բնակչության մյուս ներկայացուցիչների կրած կաբնիի գույնը կախված է այն կրողի դասակարգային պատկանելիությունից։

Տեղական և տարածաշրջանային պաշտոնյաները, նախարարները, կառավարության անդամները և ինքը՝ արքան, հագնում են գունավոր կաբնիներ։ Կանայք հագնում են ռաչու՝ նեղ, ասեղնագործած կտորի մաս՝ գցված ձախ ուսով։ Այդ դրես կոդը հանդիպում է որոշակի դիմադրության՝ Հնդկաստանի հետ սահմանին ապրող էթնիկ նեպալացիների կողմից, որոնք չեն ցանկանում կրել այլ մշակույթի հագուստ։

Տղամարդիկ և կանայք հասարակության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ և կանայք միասին աշխատում են դաշտերում և երկուսն էլ կարող են ունենալ սեփական փոքրիկ խանութներ կամ բիզնեսներ։ Տղամարդիկ նաև լիարժեք մասնակցություն են ունենում տնային գործերում՝ հաճախ եփում են և ավանդորեն իրենք են պատրաստում և վերանորոգում հագուստը (բայց թելը չեն մանում)։ Քաղաքներում սկսում է տարածվել ընտանեկան կառուցվածքի «արևմտյան» ձևը, ասինքն, երբ տղամարդը տան կերակրողն է, իսկ կինը՝ տնային տնտեսուհի։ Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ կարող են վանականներ լինել, չնայած գործնականում, կին վանականների (միանձնուհիներ) թիվը համեմատաբար փոքր է։

Տիբեթյան ծագում ունեցող բութանցի կանայք՝ ավանդական հագուստներով

Ամուսնությունները տեղի են ունենում երկու կողմերի կամքով, իսկ ամուսնալուծությունները այնքան էլ տարածված չեն։ Ամուսնական արարողության ժամանակ փոխանակվում են սպիտակ շարֆերով և կիսում բաժակը։ Ամուսնությունները պաշտոնապես գրանցվում են, երբ ամուսինները իրար հետ ապրել են 6 ամսից ավելի։ Ըստ սովորույթի՝ փեսացուն է գնում ապրելու կնոջ ընտանիքի հետ, բայց, նաև, նոր ամուսնացած զույգը կարող է որոշել, որ ընտանիքի հետ ապրի՝ կախված թե որ ընտանիքը ավելի շատ աշխատուժի կարիք ունի։

Ասիական երկրների մեջ, Բութանը բացառություն է՝ օժիտ տանելու ավանդույթ չունենալով։ Ժառանգականությունը մայրական կողմից է փոխանցվում։ Դուստրերը ծնվելուց հետո չեն կրում իրենց հայրերի ազգանունը, իսկ ամուսնությունից հետո չեն վերցնում ամուսնու ազգանունը։ Գյուղական իրենց տարածքը գրանցվում է կնոջ անունով։ Կանայք ունեն իրենց սեփական գործը։ Այստեղ ընդունված է ինչպես բազմակնությունը, այնպես էլ բազմայրությունը, բայց գերակշռում է բազմակնությունը։ Երբեմն ապագա փեսացուն աշխատում է հարսնացուի ընտանիքում, որպեսզի վաստակի նրա հետ ամուսնանալու իրավունքը[1]։

Բութանյան անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ թագավորական ընտանիքի՝ բութանյան անունները չեն ներառում ազգանուններ։ Դրա փոխարեն, երբ ծնվում է երեխան, տեղական լամայի, տատիկ պապիկների և ծնողների կողմից երեխայի համար ընտրվում է 2 հաջողակ անուն։ Առաջին անուններից չի երևում, անձը կի՞ն է, թե՞ տղամարդ։ Որոշ դեպքերում 2րդ անունը կարող է օգտակար լինել այդ առումով։

Քանի որ անունների թիվը սահմանափակ է, անխուսափելիորեն, շատ մարդկանց առաջին և երկրորդ անունները համընկնում են։ Այդ խնդիրը լուծելու համար, կիրառվում է ոչ պաշտոնական անունների համակարգը, որոնցից պարզ է դառնում, թե որտեղից է այս կամ այն անձը։ Եթե, ասենք, մի ինչ-որ "Չոնգ Կինլի" Պարո հովտի Չոզոմ գյուղից է, նրան կանվանեն «Պարո Կինլի», երբ նա այդ հովտի սահմաններից դուրս ճանապարհորդի։

Հիմնական ուտելիքներն են կարմիր բրինձը (իր կառուցվածքով նման է շագանակագույն բրնձին, բայց ունի ընկույզի համ, և բրնձի այն միակ տեսակն է, որն աճում է բարձրադիր վայրերում), հնդկացորենը, և լայնորեն օգտագործվում է նաև եգիպտացորեն։ Բարձրադիր վայրերի սննդակարգը ներառում է հավի, եղնուղտի միս, ապխտած տավարի միս, խոզի միս, խոզի ճարպ և գառան միս։ Ցուրտ եղանակների սիրելի ուտելիքներն են ապուրները, շոգեխաշած միսը, բրինձը, ձարխոտը, ոսպը և կծու պղպեղով ու պանրով համեմած չորացրած բանջարեղենները։

Կաթնամթերքը, հատկապես եղնուղտերից և կովերից ստացած կարագը և պանիրը, նույնպես շատ տարածված են, և, իրականում, ամբողջ կաթը վերածվում է կարագի և պանրի։ Հայտնի խմիչքներն են՝ կարագով թեյը, սև թեյը, բրնձի գինին (արա), որը տեղական արտադրանք է, և գարեջուրը։ Հայտնի համեմունքներն են՝ կարրին, կարդամոնը, կոճապղպեղը, սխտորը, Սիչուան պղպեղը, քրքումը և չամանը։

Չանգլիմիթինգ մարզադաշտ՝ շքերթի ժամանակ

Աղեղնաձգությունը Բութանում համարվում է ազգային սպորտ, և պարբերաբար մրցույթներ են անցկացվում շատ գյուղերում։ Այն տեխնիկական մանրամասներով տարբերվում է օլիմպիական չափանիշներից, օրինակ, թիրախների տեղադրումը և մթնոլորտը։ Թիրախները տեղադրված են իրարից 100 մետր հեռավորության վրա, և թիմերը կրակում են դաշտի մի ծայրից մյուսը։ Թիմի յուրաքանչյուր անդամ մեկ շրջանում կրակում է 2 աղեղ։

Ավանդական բութանյան աղեղնաձգությունը սոցիալական իրադարձություն է, և մրցույթները կազմակերպվում են գյուղերի, քաղաքների և սիրողական թիմերի միջև։ Այդ մրցույթների ժամանակ սովորաբար շատ ուտելիքներ և խմիչքներ են լինում, ինչպես նաև երգ և պար։ Կա արարողություն՝ շեղելու հակառակորդի ուշադրությունը, երբ մեկը կանգնում է հակառակորդ թիմի թիրախի մոտ և ծաղրում է կրակողի կարողությունը։

Մեկ այլ ավանդական սպորտաձևն էլ դիգորն է, որը գնդի հրումն է և պայտի նետումը։

Ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է Բութանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stange, Mary Zeiss; Carol K. Oyster; Jane E. Sloan (2011). Encyclopedia of Women in Today's World, Volume 1. SAGE. էջ 149. ISBN 9781412976855.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]