Բես Թրումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բես Թրումեն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ William Chrisman High School? և The Barstow School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 13, 1885(1885-02-13)[1][2][3][…]
Ծննդավայր Ինդենպենդենս, Միսսուրի
Վախճանի օր հոկտեմբերի 18, 1982(1982-10-18)[1][3][4][…] (97 տարեկան)
Վախճանի վայր Ինդենպենդենս, Միսսուրի
Թաղված Harry S. Truman Presidential Library and Museum
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր David Willock Wallace?[5]
Մայր Margaret Elizabeth Gates?[5]
Ամուսին Հարի Թրումեն
Զավակներ Մարգարեթ Թրուման[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Էլիզաբեթ Վիրջինիա «Բես» Թրուման (անգլ.՝ Elizabeth Virginia «Bess» Truman, փետրվարի 13, 1885(1885-02-13)[1][2][3][…], Ինդենպենդենս, Միսսուրի - հոկտեմբերի 18, 1982(1982-10-18)[1][3][4][…], Ինդենպենդենս, Միսսուրի), ԱՄՆ-ի առաջին տիկինը, 33-րդ նախագահ Հարի Թրումանի կինը՝ 1945-1953 թվականներին։ Այս պահին Բեսը Միացյալ Նահանգների պատմության մեջ համարվում է ավելի երկար ապրած Առաջին տիկին, քան մնացած տիկինները[6]։

Վաղ տարիներ և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեփենդենսի Նորթ Դելավեր փողոցի տունը, որտեղ անցել է Բես Թրումանի կյանքի մեծ մասը

Էլիզաբեթ Վիրջինիա Թրումանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 13-ին Ինդենպենդենսում, Միսսուրի, Դեյվիդ Ուիլոք Ուոլեսի (1860-1903) և Մարգարեթ «Մաջ» Էլիզաբեթի (1862-1952) ընտանիքում։ Ընտանիքում աղջիկը ստացել է Բես մականունը, որը նրա հետ մնացել է ողջ կյանքի ընթացքում[7]։ Բեսը ավագ երեխան էր և Դեյվիդի ու Մարգարեթի չորս երեխաներից միակ դուստրը։ Բեսի հայրը Ջեքսոնի շրջանում մի քանի քաղաքական գրասենյակների սեփականատեր էր[8]։

Բեսը Հարի Թրումանի հետ ծանոթացել է Պրեսբիտերական կիրակնօրյա դպրոցում 1890 թվականին[8], երբ նրա ընտանիքը նոր էր տեղափոխվել Ինդեփենդենս[7]։ Հարին առաջին հայացքից սիրահարվել է կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով Բեսին[7][8]։ Մինչև 1900 թվականն ավագ դպրոցը ավարտելը, Բեսն ու Հարին ամեն օր տեսնում էին իրար։ 1903 թվականին Բեսի հայրը ինքնասպան է եղել իրենց տանը։ Ինչն է Դեյվիդին դրդել այդ քայլին՝ անհայտ է, սակայն լուրեր էին պտտվում, որ նա տառապում էր դեպրեսիայով և մեծ պարտքեր ուներ[9][10]։ Հոր հուղարկավորությունից հետո Բեսը մոր և եղբայրների հետ մեկ տարով մեկնում է Կոլորադո Սպրինգս, որտեղ ապրում էին Մաջի ծնողները։ Այնուհետև, 1905 թվականին Բեսը ընդունվում է Կանզաս Սիթիի Միսս Բարստոուի իգական դպրոց։ 1906 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բեսը վերադարձավ Ինդեփենդենսի հայրական տուն։ Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե սիրահարները տեսնվել են արդյոք 1901-1910 թվականներին[8]։

Հարին և Բեսը, Ինդեփենդենսի տան բակում, հարսանիքի օրը

1910 թվականին Հարի Թրումանն օգնում էր հորը Գրանդվյուից ոչ հեռու գտնվող ֆերմայում, երբ կրկին հանդիպում է Բեսի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Հարին պատմում է նրա հետ ամուսնանալու իր ցանկության մասին, սակայն Բեսը խնդրում է նրան չշտապել, քանի որ նա կարծում էր, որ պետք է օգնի մորը իրենց մեծ տանը, որտեղ այժմ, բացի Մաջ Ուոլեսից և նրա չորս երեխաներից, ապրում էին նաև նրա տարեց ծնողները[8]։ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից քիչ առաջ Հարին կրկին Բեսին առաջարկ է անում, որին վերջինս համաձայնում է, սակայն նշանադրությունը հետաձգվում է մինչև 1918 թվականին Ֆրանսիայում մարտերի դաշտերից լեյտենանտ Թրումանի վերադարձը [8][7]։ Բեսը և Հարին ամուսնանում են 1919 թվականի հունիսին[7] Ինդեփենդենսի Սուրբ Երրորդություն եպիսկոպոսական եկեղեցում[11]։ Նորապսակները բնակություն են հաստատում Բեսի ծնողների տանը, այստեղ ծնվում է նրանց միակ երեխան՝ Մերի Մարգարեթը[7]։ 1952 թվականին մոր մահից հետո Բեսը եղբայրներից տուն է գնել Ինդեփենդենսում և այն դարձրել Թրումանների ընտանիքի նստավայրը[8]։

Ամուսնու կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսի հետ ամուսնանալուց առաջ Հարին բացել է գալանտերեա Կանզաս Սիթիի գործարար կենտրոնում, որը սնանկացել է 1921 թվականին։ Քաղաքական կարիերայի սկզբում Հարիի ընտանիքը շարունակել է ապրել Ինդեփենդենսի Ուոլեսների տանը։ 1922 թվականին, Կանզաս Սիթիի քաղաքապետ Թոմ Փենդերգաստի աջակցության շնորհիվ, Թրումանը նշանակվել է Ջեքսոնի շրջանի արևելյան մասի դատավոր[8], այնուհետև երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 1926 և 1930 թվականներին։ 1934 թվականին Հարին ընտրվեց Միսսուրիի նահանգից սենատ, այդ պահից սկսած Բեսը դստեր հետ կես տարի անցկացրեց Վաշինգտոնում և Ինդեփենդենսում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում Բրիջ ակումբում և վայելում էր բազմաթիվ ընկերների հետ շփումը[8]։ Բեսը չի հետաքրքրվել քաղաքականությամբ և ուղեկցել է ամուսնուն իր բոլոր ուղևորություններում միայն այն պատճառով, որ իրեն պարտավորված էր զգում[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեսը և Մերի Մարգարեթը մնացին Վաշինգտոնում, այդ ժամանակ Բեսը ընդունվեց Ջորջ Վաշինգտոնի համալսարան։ 1944 թվականի նոյեմբերին Ֆրանկլին Ռուզվելտը նախագահական ընտրություններից առաջ կանգ առավ Թրումանի՝ փոխնախագահի պաշտոնի թեկնածության վրա։ 1945 թվականի հունվարի 20-ին Հարրին պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը. Բեսը դեմ էր այդ պաշտոնում ամուսնու նշանակմանը. նախագահ Ռուզվելտի առողջական վիճակը կասկած չէր թողնում, որ շուտով Բեսի ամուսինը կզբաղեցնի պետության բարձրագույն պաշտոնը, իսկ նա ստիպված կլինի փոխել կենսակերպը։ Բացի այդ, Բեսը վստահ էր, որ Սպիտակ տունը անբարենպաստ միջավայր էր Մերի Մարգարեթին դաստիարակելու համար[8]։ Փոխնախագահի պաշտոնում Հարին ընդամենը ութսուներկու օր է անցկացրել, իսկ հետո Ռուզվելտի մահը նրան նախագահական պաշտոն է բերել։

ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ տանը գաղտնիության բացակայությունը զայրացնում էր Բեսին։ Ինչպես ավելի ուշ հիշում էր Հարին, Բեսին չէին հետաքրքրում այդ բոլոր ձևականություններն ու շքեղությունը, որոնք ներքուստ շրջապատել էին նախագահական զույգին։ Չնայած նա համառորեն կատարում էր իր դիրքին համապատասխանող բոլոր սոցիալական պարտավորությունները, Բեսը սովորական կյանքում անում էր միայն այն, ինչ անհրաժեշտ էր համարում։ Մինչ Հարիի երկրորդ ժամկետի ընթացքում վերակառուցվում էր Սպիտակ տունը, ընտանիքը ապրում էր Բլեր հաուսի հյուրատանը, ուր սոցիալական շփումները նվազագույնի էին հասցվել։ Ամուսնու նախագահության ժամանակ Բեսը պարբերաբար երկար ժամանակով այցելում էր Ինդեփենդենս[8]։

Բեսը միայն մեկ մամուլի ասուլիս է տվել ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումներից հետո[12] և դրա համար ստացել «Բեսս առանց մեկնաբանության» մականունը. մամուլի ասուլիսը բաղկացած էր նախապես պատրաստված հարցերից, որոնց պատասխանները հիմնականում միատարր էին, բացի այդ, Բեսը բազմաթիվ հարցերի պատասխանել է «առանց մեկնաբանությունների»[13][14]։ Ի վերջո, երբ լրագրողները հարց ուղղեցին, թե որն է առաջին տիկնոջ ակնհայտ համեմատությունը նրա ավելի ակտիվ նախորդի՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ, Բեսը ընդհատել է խորհրդաժողովը[14]։ Բեսը Թրումանի նախագահության ամբողջ ընթացքում Էլեոնորի ստվերում էր մնացել, և ստվերը տարեցտարի ավելի ու ավելի ինտենսիվ էր դառնում, բայց Բեսը ոչինչ չէր պատրաստվում փոխել՝ խուսափելով հանրային ուշադրությունից։ Հետագայում Բեսի հետ շփումը գերադասում էր իր քարտուղարների միջոցով վարել՝ Էդիթ Հելմնի ու Ռիթլ Օդումի[14]։

Բեսը 1945-1947 թվականներին դարձել է ութսուն կազմակերպությունների անդամ, պատրոն, հովանավոր, պատվավոր անդամ կամ պատվավոր նախագահ։ Նա ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի և Կարմիր խաչի ակումբի գործունեությանը։ Բեսը նաև սկաուտական աղջիկների, կանանց ազգային ժողովրդավարական ակումբի և ազգային ձեռքբերումների մրցանակաբաշխության կոմիտեի պատվավոր նախագահն էր, ամերիկյան թերթերի կանանց ակումբի, կանանց բիզնես ակումբի, ֆերմերային և այգեգործական կանանց ազգային ասոցիացիայի պատվավոր անդամ և բազմաթիվ այլ պաշտոններ[14]։

1952 թվականին Հարրին չի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ 1953 թվականին ամուսինները վերադարձել են Ինդեփենդենս[7][8]։

Վերադարձ տուն, այրիություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով հարազատ տան հարմարավետ մթնոլորտում՝ Բեսը վերադառնում է տնային տնտեսուհու սովորական կենսակերպին։ Նա ամեն առավոտ արթնանում էր ամուսնու արթնանալուց երկու-երեք ժամ առաջ, նրա համար նախաճաշ էր պատրաստում և տնային գործերի անցնում իր օգնական Վիտա Գարրի հետ[8]։ Հարին այդ ժամանակ աշխատել է իր գրադարանի շինարարության վրա և հուշեր է գրել։

Բես և Հարի Թրումանները Ինդեփենդենսում

1956 թվականի ապրիլին Բեսի դուստրը՝ Մերի Մարգարեթը, ամուսնանում է «The New York Times»-ի լրագրող Քլիֆթոն Դանիելի հետ։ 1950-ականների վերջին Բեսի մոտ բարորակ ուռուցք է հայտնաբերվել և 1959-ին այն ենթարկվել է մաստէկտոմիայի[15]։ Երբ 1965 թվականին ուժի մեջ մտավ Մեդիկերի ծրագիրը, որը ստորագրվեց Նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից, Թրումաններն առաջինը ստացան դրա բոլոր արտոնությունները[16]։

88 տարեկան հասակում, 1972 թվականին Հարիի մահվան պահին Բեսը 87 տարեկան էր, ինչը նրանց ամենածեր նախագահական զույգն է դարձրել, որը երբևէ զբաղեցրել է Սպիտակ տունը։ Բեսը համաձայնել է դառնալ սենատոր Թոմաս Իգլթոնի վերընտրման արշավի պատվավոր նախագահ[6]։ Ամուսնու մահից հետո Բեսը մնում էր Ինդեփենդենսի իր տանը, որտեղ նրան հաճախ էր այցելում Մերի Մարգարեթն ամուսնու և չորս որդիների հետ[7]։

Բեսն ամուսնու մահվանից հետո ապրել է ևս տասը տարի և մահացել 1982 թվականի հոկտեմբերի 18-ին՝ սրտային անբավարարությունից․ մասնավոր հոգեհանգիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին, որից հետո Բես Թրումանը թաղվել է ամուսնու կողքին Հարի Սի Թրումենի գրադարանի բակում՝ Ինդեփենդենսում, Միսսուրի[8][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. 6,0 6,1 Algeo, 2009, էջ 226
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Klapthor, Black, 2002, էջ 74
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Christensen, Foley, Kremer, 1999, էջ 752
  9. 24,000 Pages of Bess Truman’s Family Papers Are Released(անգլ.) // The New York Times. — 2009.
  10. Betty Boyd Caroli. «Bess Truman» (անգլերեն). Encyclopædia Britannica's Guide to American Presidents. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  11. Margolies, 2012, էջ 37
  12. Watson, 2000, էջ 89
  13. Burnes, 2003, էջ 34
  14. 14,0 14,1 14,2 14,3 Wertheimer, 2004, էջ 212
  15. Neal, 2004, էջ 259
  16. Andrew Glass (2007 թ․ հուլիսի 30). «President Johnson signs Medicare bill on July 30, 1965» (անգլերեն). POLITICO. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բես Թրումեն» հոդվածին։