Արտաշես Ավոյան
Արտաշես Ավոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1994) |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
Կուսակցություն | անկուսակցական |
Արտաշես Ռոլանդի Ավոյան (դեկտեմբերի 25, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Օրինաց երկիր» խմբակցությունից[1], քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։
1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1994-1997 թվականներին աշխատել է զինվորական դատախազությունում որպես քննիչ, այնուհետև՝ հատկապես կարևորագույն գործերով ՀԿԳ ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար։ 1997-1998 թվականներին աշխատել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միությունում՝ որպես իրավաբանական բաժնի մասնագետ։ 1998-1999 թվականներ՝ Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ավագ խորհրդատու։
1999-2004 թվականներին եղել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
2004-2005 թվականներին աշխատել է որպես Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի գլխավոր խորհրդական։ 2005-2007 թվականներին վերանշանակվել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցությունը։ 2007-2008 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Բազմաթիվ օրենքների, օրենքների նախագծերի հեղինակ և համահեղինակ։ 2008 թվականի մայիսի 29-ից հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի ներկայացուցիչ։
2008 թվականի հուլիսի 22-ին, երբ Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ա.Ավոյանը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է նույն կառույցի աշխատակազմի ղեկավար՝ միաժամանակ զբաղեցնելով քարտուղարի տեղակալի պաշտոնը։
2011 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականի (գեներալ-լեյտենանտ) դասային աստիճան։
2014 թվականի ապրիլի 30-ին ազատվել է Ազգային Անվտանգության Խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[2]։
2017 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Ոստիկանության պետի խորհրդական, իսկ 2018 թվականին համատեղության կարգով Հայաստանի ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նախագահի տեղակալ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Հայրը՝ Ռոլանդ Գրիգորի Ավոյանը (Փիլիսոփայության գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր. (1991) ծնվել է 1942 թ. մարտի 28-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1992 թթ.՝ Ռոլանդ Ավոյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1992-1996 թթ.՝ եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչը, իսկ 1993-1996 թթ.՝ Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և իրավունքի ամբիոնի վարիչը։ Հեղինակել է «Իմաստնության որոնումների ճանապարհով» բուհական դասագրիրքը (2000), ինչպես նաև Երկ. Լեզվական նշանի իմացաբանական մի քանի հարցեր, Ե., 1972: Значение в языке. Философс-кий анализ, М., 1985. Մահացել է 19.12. 2000 թ., Երևան քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Ա. ԱՎՈՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականներ
- Հայ պետական գործիչներ
- ՕԵԿ անդամներ