Ասլանդուզի ճակատամարտ
Թվական | 1812 թվականի հոկտեմբերի 19-20 |
---|---|
Մասն է | Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813) |
Վայր | Ասլանդուզ բնակավայրի մոտ, Արաքսի աջ ափին |
Արդյունք | Ռուսների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն | Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Ռուսական կայսրություն Պյոտր Կոտլյարովսկի | Աբբաս Միրզա |
Կողմերի ուժեր | |
մոտ 2200 5 հրանոթ | մոտ 30 հազար 12 հրանոթ |
Ռազմական կորուստներ | |
127 հոգի, այդ թվում` 28 սպանված և 99 վիրավոր | Տարբեր տվյալներով` մի քանի հազար սպանված և վիրավոր |
Ընդհանուր կորուստներ |
Ասլանդուզի ճակատամարտ, ճակատամարտ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել Արաքսի աջ ափին գտնվող Ասլանդուզ բնակավայրի մոտ 1812 թվականի հոկտեմբերի 19-20-ին (նոր տոմարով` հոկտեմբերի 31-նոյեմբերի 1-ին) և ավարտվել ռուսական զորքերի հաղթանակով։ Գեներալ-մայոր Պյոտր Կոտլյարովսկու հրամանատարության տակ գործող ռուսական փոքր զորախումբը, օգտագործելով անսպասելիության գործոնը, պարտության է մատնել պարսկական թագաժառանգ Աբբաս Միրզայի 30 հազարանոց բանակին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1804 թվականին սկսված ռուս-պարսկական պատերազմն ընթանում էր ռուսների ակնհայտ առավելությամբ։ 1804-ին Ռուսաստանին միացվեցին Գանձակի, 1805-ին` Շիրվանի, Շաքիի, Ղարաբաղի խանությունները և Շորագյալը, 1806-ին` Դերբենդի, Ղուբայի և Բաքվի խանությունները։
Չնայած կրած ծանր պարտություններին` Աբբաս Միրզայի գլխավորությամբ գործող պարսիկները չէին դադարում փորձերը հետ բերելու կորցրած տարածքները։ 1812 թվականի աշնանը Աբբաս Միրզան մոտ 30 հազարանոց բանակով գտնվում էր Արաքսի աջ ափին և պլանավորում էր ներխուժել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները` օգտվելով Նապոլեոնի ներխուժումից Ռուսաստան և Կախեթում բռնկված ապստամբությունից։
Ռուսական կողմից Ղարաբաղի խանության տարածքի պաշտպանությունը հանձնարարված էր գեներալ Կոտլյարովսկու զորախմբին, որը տեղակայված էր Ամարասի շրջանում։ Կոտլյարովսկին իր ղեկավարությունից ուներ հրահանգ` չանցնել Արաքսը, սակայն հոկտեմբերին որոշում է կայացնում չսպասել պարսիկների գործողություններին և հարձակվել Ասլանդուզի մոտ ճամբար դրած պարսիկների վրա։
Ճակատամարտը[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբաս Միրզայի գլխավորած պարսկական բանակը, որը կազմված էր մոտ 30 հազար մարդուց և ուներ 12 հրանոթ, հոկտեմբերի 10-ից դիրքավորված էր Արաքսի աջ ափին` Ասլանդուզի մոտ։ Կոտլյարովսկին, թեև իր հրամանատարության տակ ուներ ընդամենը մոտ 2200 հոգի և 6 հրանոթ, որոշեց գործել։ Ռուսական զորախումբը, կատարելով 70 վերստանոց արագ անցում Ամարասից, աննկատ անցավ Արաքսը Ասլանդուզի ծանծաղուտից հոսանքով դեպի վեր և պարսիկների համար անսպասելի հոկտեմբերի 19-ի առավոտյան գրոհեց վերջիններիս դիրքերը։
Աբբաս Միրզայի ճամբարի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բլրի վրա կանգնած էր միայն պարսկական հեծելազորը, իսկ հետևակը ճամբարել էր Արաքսի աջ վտակ Դարավուտ-չայ գետի հովտում։ Ռուսները արագ հարվածով գրավեցին բլուրը և, այդտեղ տեղադրելով իրենց հրետանին, սկսեցին կրակով նեղել պարսիկներին։ Պարսիկները փորձ կատարեցին շրջանցել բլուրը և կտրել ռուսներին Արաքսից, սակայն Կոտլյարովսկին, թողնելով զորքերի մի մասը բլրի վրա, թևից գրոհեց պարսիկների վրա և փախուստի մատնեց նրանց` ստիպելով նահանջել դեպի Դարավուտ-չայ գետի աջ ափին գտնվող ամրությունները։
Կոտլյարովսկին նախ հանգիստ տվեց իր զորքերին, ապա հոկտեմբերի 20-ի գիշերը հանկարծակի հարվածով գրոհեց պարսկական դիրքերը։ Պարսկական զորքերի մի մասը փախուստի մատնվեց, որոշ մասը փորձեց դիրքավորվել ամրություններում, որոնք սակայն վճռական գրոհով վերցվեցին։
Ճակատամարտի արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսների հաղթանակը լիակատար էր։ Պարսիկները տվեցին մոտ 1200 զոհ և 537 գերի, հակառակորդի ձեռքն անցան 11 անգլիական հրանոթներ։ Աբբաս Միրզան ինքը 20 հեծյալների խմբի հետ հազիվ փրկվեց գերի ընկնելուց։ Ռուսական զորքերի կորուստները կազմեցին 28 հոգի սպանված և 99 վիրավոր։
Հետագա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերին Կոտլյարովսկին իր զորախմբով Լեռնային Ղարաբաղից անցավ Թալիշի խանության տարածքը, պաշարեց և ապա գրոհով վերցրեց Լենքորանի բերդը։ Վախենալով ռուսների հետագա առաջխաղացումից` պարսիկները ստիպված են լինում գնալ խաղաղ բանակցությունների։ Դրանց արդյունքում 1813 թվականի հոկտեմբերի 12-ին (նոր տոմարով` 24-ին) ստորագրվում է Գյուլիստանի պայմանագիրը, որը վերջ է դնում ռուս-պարսկական պատերազմին։ Այդ պայմանագրով Պարսկաստանն ընդունում է Անդրկովկասի զգալի մասի` ժամանակակից Վրաստանի տարածքի, Ղարաբաղի, Գանձակի, Դերբենդի, Ղուբայի, Շիրվանի, Շաքիի, Բաքվի և Թալիշի խանությունների տարածքների անցումը Ռուսաստանին։ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակեցին մնալ Պարսկաստանի կազմում մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը։
Հայերի մասնակցությունը ճակատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական աղբյուրները ճակատամարտին հայերի մասնակցության մասին տեղեկություններ չեն տալիս։ Ըստ հայկական աղբյուրների` ճակատամարտին մասնակցել է Մելիք-Վանի Աթաբեկյանի գլխավորած հայ հեծյալ ջոկատը[2]։