Ապրետավորում
Արտաքին տեսք
Ապրետավորում, (ֆր.՝ apprêter - վերջնականապես մշակել), գործվածքների վերջնամշակման հիմնական գործողություններից մեկը, դրանց քսածածկումը կամ տոգորումը լուծույթներով՝ ապրետներով։ Վերջիններս գործվածքներին տալիս են բարձր մաշակայունություն, անջրանցիկություն, չկծկվելու, չտրորվելու, հականեխիչ, հրակայուն և այլ հատկություններ։
Բամբակե և վուշե գործվածքները մշակում են օսլայի ապրետով, որի բաղադրության մեջ, բացի օսլայից ու նրա հիդրոլիզի արգասիքից (դեքստրինից), մտնում են՝
- փափկացնող (յուղեր, ճարպեր, օճառներ)
- խոնավածուծ (գլիցերին, կերակրի աղ)
- փայլ տվող (մոմ, պարաֆին) նյութեր։
Սակայն օսլան և մյուս սոսնձող նյութերը հեշտ են լվացվում։ Բացի այդ, օսլան սննդամթերք է, և նրա կիրառումը ապրետավորման նպատակներով ցանկալի չէ։
Որպես չլվացվող ապրետներ կարող են օգտագործվել նաև ցելյուլոզի տարբեր եթերներ (մասնավորապես՝ օքսիէթիլային եթեր)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 515)։ |