Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 12-13 գ։ Կտուցը երկար է, ճակատը՝ տափակ։ Հոնքը և ակնօղակը բաց գույնի են։ Մարմինը վերևից դարչնավուն-մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ։ Թևերը երկար են, մուգ՝ սպիտակավուն հատվածով, պոչը՝ երկար, սևավուն՝ սպիտակ եզրերով, թռիչքի պահին՝ ցայտուն դարչնագույն երանգով։
Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսից հունիսի կեսին։ Այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում է բների կառուցումը։ Առաջին կիսակառույց բները գրանցվում են հունիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, կառուցում է էգը։ Բնադրում է ցածր թփուտներում։ Ձվերի լրիվ քանակը բներում հայտնվում են հունիսի վերջին։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց վարդագույն՝ մուգ պտերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը։ Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերի ընտանիքները և ինքնուրույն երիտասարդ անհատները գրանցվում են հուլիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ նաև օգոստոսի ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։