Ամորֆ վիճակ
Ամորֆ վիճակ, (<հուն. α - ժխտ. մասնիկ + μορφή - ձև), նյութի պինդ վիճակ՝ օժտված երկու յուրահատկությամբ.
ա. նրա հատկությունները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական ևն) բնական պայմաններում կախված չեն դիտարկման ուղղությունից (իզոտրոպություն),
բ. ջերմաստիճանի բարձրացման ժամանակ նյութը փափկանալով հեղուկ վիճակի է անցնում աստիճանաբար, այսինքն՝ ամորֆ վիճակը չունի հալման որոշակի ջերմաստիճան։
Այս հատկությունները պայմանավորված են ամորֆ վիճակում հեռավոր կարգի (որը բնորոշ է բյուրեղներին) բացակայությամբ։ Ամորֆ վիճակում գոյություն ունի մոտակա կարգ, այսինքն՝ հարևան մասնիկների տեղաբաշխման համաձայնեցվածություն, որը պահպանվում է միայն մոլեկուլների չափերին համեմատելի հեռավորությունների վրա։ Այդ համաձայնեցվածությունը հեռավորության մեծացմանը զուգընթաց նվազում է։
Մոտակա կարգը հատուկ է նաև հեղուկներին, սակայն հեղուկներում հարևան մասնիկները շատ արագ փոխում են իրենց տեղերը։ Այդ տեղափոխությունները դանդաղում են նյութի մածուցիկության աճին զուգընթաց։ Այդ պատճառով ամորֆ վիճակը կարելի է դիտել որպես մածուցիկության շատ բարձր գործակից ունեցող, գերսառեցված հեղուկ։ Հատկությունների իզոտրոպությունը բնորոշ է նաև բազմաբյուրեղային վիճակին, որին, սակայն, հատուկ է հալման խիստ որոշակի ջերմաստիճան։ Ամորֆ վիճակի կառուցվածքի տարբերությունը բյուրեղայինից հեշտությամբ նկատվում է ռենտգենագրամների օգնությամբ։
Ցածր ջերմաստիճաններում նյութի կայուն պինդ վիճակը բյուրեղայինն է։ Սակայն մոլեկուլների հատկությունից կախված, բյուրեղացումը կարող է քիչ կամ շատ ժամանակ պահանջել (մոլեկուլները պետք է «հասցնեն» բյուրեղային կարգ ընդունել)։ Երբեմն այդ ժամանակը չափազանց մեծ է լինում, և նյութը գործնականում չի բյուրեղանում։ Ամորֆ վիճակ ստացվում է նաև սառեցման ընթացքն արագացնելու ճանապարհով։
Օրինակ՝ բյուրեղային քվարցը հալելուց հետո արագ սառեցնելով ստանում են ամորֆ քվարցային ապակի։ Այդպես են նաև շատ սիլիկատներ, որոնք սառչելով դառնում են սովորական ապակի։ Այդ պատճառով ամորֆ վիճակը հաճախ անվանում են նաև ապակենման վիճակ։ Սակայն անգամ շատ արագ սառեցումը հաճախ բավարար չէ խանգարելու բյուրեղների առաջացմանը, նյութերի մեծ մասը ամորֆ վիճակ չի ընդունում։ Բնության մեջ ամորֆ վիճակ ավելի քիչ է տարածված, քան բյուրեղայինը։ Ամորֆ վիճակում են գտնվում ծիածանաքարը, օբսիդիանը (սատանի եղունգ), սաթը, ձյութերը ևն։ Ամորֆ վիճակում կարող են գտնվել ոչ միայն առանձին ատոմներից և սովորական մոլեկուլներից բաղկացած նյութերը, ապակիներն ու հեղուկները, այլև բարձրամոլեկուլային միացությունները կամ պոլիմերները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 328)։ |