Jump to content

Curriculum vitae (ինքնակենսագրական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Curriculum vitaeից)
CV-ի օրինակ

Ինքնակենսագրական (լատ. «curriculum vitae»՝ կյանքի պատմություն), մարդու մասնագիտական գործունեության վերաբերյալ կարճ տեղեկություն պարունակող փաստաթուղթ։ Այն օգտագործվում է գործնական միջավայրում։

Ինքնակենսագրականը պատկանում է գրավոր հաղորդակցաման համոզող նամակի տեսակին, քանի որ դրանով անձը փորձում է հետաքրքրություն առաջացնել այն կազմակերպության մոտ, որին դիմել է։

Ինքնակենսագրականն իր մեջ ներառում է անձնական տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն, լեզուների իմացություն, համակարգչային հմտություններ, լրացուցիչ կրթություն բաժինները։

Անձնական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական տվյալների մեջ կան պարտադիր և ոչ պարտադիր հատվածներ։ Պարտադիր դաշտերից է անուն ազգանունը, որը ցանկալի է գրել երևացող տեղ և մի քիչ մեծ մյուս ինֆորմացիայի համեմատ։ Ինքնակենսագրականը պարտադիր պետք է սկսվի անուն ազգանունով՝ պարզ և հաստ, մինչև մնացած տեղեկատվությանը անցնելն՝ ինչպիսիք են հեռախոսահամարը, հասցեն, ծննդյան ամսաթիվը և այլն։ Այն չպետք է վերնագրվի «CV» («Curriculum vitae») կամ այլ անվամբ[1]։

Հաջորդը՝ հեռախոսահամարը, որը պարտադիր է լինի գործող համար։ Էլեկտրոնային փոստի հասցեն (e-mail) ևս պարտադիր դաշտերից է համարվում և կարևոր է, որ այն արտացոլի անուն ազգանունը, չլինի ծիծաղելի։ Պարտադիր է նշել ծննդյան օրը, ամիսը և թիվը, քանի որ այս ինֆորմացիան ամբողջացնում է գործատուի պատկերացումը դիմոողի մասին։ Ցանկալի, բայց ոչ պարտադիր դաշտերից է բնակության հասցեն, որի մեջ պետք է արտացոլվի «մարզ, քաղաք, փողոց, բնակարան (տուն)»։

Ինքնակենսագրականում նկարն ոչ պարտադիր, բայց ցանկալի բաղադրիչներից մեկն է։ Եթե որոշել ենք ինքնակեսագրականում ներառել նկար, ապա այն պետք է լինի ֆորմալ, ձևաչափով մոտ լինի անձնագրի նկարին։ Կարևոր պայման է ինքնակենսագրականի նկարում դեմքով նայել ուղիղ, և այն պետք է ունենա չեզոք, միագույն ֆոն։

Աշխատանքային փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում պետք է ներառվի բոլոր այն վայրերը, որտեղ վճարովի և/կամ անվճար (կամավոր) հիմունքներով ծավալվել է գործունեություն։ Աշխատանքային փորձը գրագետ ներկայացնելու համար ձախ կողմում նշում ենք տարեթվերը, իսկ աջ մասում որտեղ և ինչով ենք զբաղվել։ Այս ինֆորմացիան ներկայացնում ենք տարեթվերի նվազման կարգով, այսինքն՝ առաջինը գրում ենք վերջին կատարած աշխատանքը, քանի որ գործատուին ավելի հետաքրքրում է վերջին ժամանակներում կատարած աշխատանքը, քան ավելի վաղ ծավալած գործունեությունը։

Սկզբում պետք է գրել աշխատանքային փորձը, որից հետո նոր կրթությունը։

Կրթության բաժնում գրում ենք բոլոր այն ուսումնական հաստատությունների անունները, որտեղ տվյալ մարդը սովորել է։ Ինչպես աշխատանքային փորձի դեպքում, այնպես էլ կրթության դեպքում ձախ հատվածում գրվում է տարեթվերը՝ նվազման կարգով, իսկ աջ կողմում ինչ է սովորել, և որտեղ։ Եթե դիմողն արդեն սովորում է համալսարանում, ապա այս դեպքում իմաստ չունի նշել, թե որ դպրոցում է սովորել։

Լեզուների իմացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է նշել, թե կոնկրետ ինչ լեզուների է տիրապետում։ Ինչպես ինքնակենսագրականի մնացած հատվածներում, այնպես էլ լեզուների բաժնում պետք է լինել անկեղծ և գրել այն լեզուները, որոնց իսկապես տիրապետում եք։ Եթե տվյալ լեզվի իմացության հետ ունենք միջազգային սերտիֆիկատ, կարող ենք դրա հետ կապված նշում կատարել։

Հայերեն լեզվով ինքնակենսագրական գրելու դեպքում չի նշվում, որ տիրապետում եք հայերենին, իսկ եթե ինքնակենսագրականը գրում եք այլ լեզվով, ապա այս դեպքում նշվում է, որ հայերենը մայրենի լեզուն է։

Լեզուների հետ կապված ինֆորմացիան կարող ենք ներկայացնել թվերի կամ այլ սիմվոլների տեսքով (օրինակ՝ տոկոսներ, կետեր, աստղեր և այլն)։

Համակարգչային հմտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հատվածում պետք է գրել բոլոր այն ծրագրերը, որոնց տիրապետում է դիմողը։Ինչպես լեզուների դեպքում, այստեղ ևս կարող է իմացության մակարդակը ներկայացնել թվերի կամ այլ սիմվոլների տեսքով։ Կարևոր է օրինաչափությունը պահպանել և ինչ տեսքով ներկայացվել է լեզուների իմացությունը, նույն տեսքով էլ ներկայացվի համակարգչային հմտությունները։

Լրացուցիչ կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ կրթության հատվածում պետք է գրել, այն ուսումնառությունը, որն ակադեմիական չէ, բայց անմիջապես կապ ունի մեր մասնագիտական կամ անձնային որակների և հմտությունների բարելավման հետ։ Ինչպես աշխատանքային փորձի և կրթության դեպքում, լրացուցիչ կրթության դեպքում ևս ինֆորմացիան պետք է գրել նույն ձևաչափով, այն է՝ ձախ կողմում տարեթվերը՝ նվազման կարգով, իսկ աջ մասում՝ որտեղ և ինչ է ուսումնասիրվել։

Շատ կարևոր է ընտրել այնպիսի տառատեսակ, որը կլինի հեշտ ընթերցվող և չի դժվարեցնի տեքստի ընկալումը։ Կարելի է օգտագործել հետևյալ տառատեսակները` Montserrat, Veranda, Roboto և այլն[2]։

Ինքնակենսագրականում տառերը չպետք է այնքան փոքր լինեն, որ դժվարընթեռնելի լինի, և չպետք է այնքան մեծ լինեն, որ նմանվի նախադպրոցական տարիքի երեխաների գրքի։

Ցանկալի է գրել սև գույնով՝ սպիտակ ֆոնի վրա, բայց կարելի է օգտագործել նաև ինչ որ հատվածում որոշակի գույն, որը չի ծանրաբեռնի ինքնակենսագրականի ընդհանուր տեսքը։

Տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

CV և ռեզյումե տերմինները Հայաստանում հաճախ կիրառվում են որպես լրիվ հոմանիշեր և նշանակում են փաստաթուղթ, որը հայցորդը ներկայացնում է պոտենցիալ գործատուին՝ իր թեկնածությունը դնելով ազատ աշխատատեղի (թափուր հաստիքի) համար։

ԱՄՆ-ում CV-ն և ռեզյումեն կարող են տարբեր փաստաթղթեր նշանակել։ Հիմնական տարբերությունն այն է, որ CV-ն պարունակում է մանրամասն տեղեկություններ թեկնածուի մասին և կարող է մի քանի տասնյակ A4 ֆորմատի էջի ծավալ ունենալ։ Այդպիսի մանրամասն նկարագրությունը օգտակար է գիտական աշխատողների կամ լրագրողների համար, օրինակ, երբ անհրաժեշտ է թվարկել բոլոր հրապարակումները։

Ճապոնական ոճի ռեզյումե
Ամերիկյան ոճի ռեզյումե

ԱՄՆ-ում և Կանադայում CV-ն սովորաբար օգտագործվում է գիտական և բժշկական շրջանակներում, իսկ résumé տերմինը կիրառում են այս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի ընդունելիս։ CV-ում շեշտն ավելի շատ դրվում է կրթության վրա, սովորաբար CV-ում ներառում են հրապարակումների, գիտական աշխատությունների, ստաժավորման, զգալի ձեռքբերումների ամբողջական ցուցակը։ Որոշ մասնագիտությունների դեպքում CV-ում կարող են ներառվել նույնիսկ որոշ աշխատանքներից հատվածներ, և այդ CV-ների ծավալը կարող է հասնել մի քանի տասնյակ էջերի։

  • Ինքնակենսագրականը պետք է լինի հեշտ ընթեռնելի։
  • Այն հատվածները, որոնք կարիք կա ընգծելու, պետք է գրել մգեցված։
  • Ցանկալի է ունենալ ենթավերնագրեր, որոնցով կառանձնացվեն բաժինները՝ անձնական տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։
  • Ցանկալի է ինքնակենսագրականը լինի մեկ A4 էջի սահմանում, ամենաշատը երկու էջ, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավաքագրման մասնագետները յուրաքանչյուր ինքնակենսագրականի վրա ծախսում են 30 վայրկյան[3]։
  • Ինքնակենսագրականն ուղարկել PDF ձևաչափով։
  • Պետք է խուսափել աղյուսակներից։
  • Ինքնակենսագրականը ստեղծելու համար, բացի Word ծրագրից, կարելի է օգտվել նմուշներից, և խմբագրել Canva ծրագրով, կամ օգտվել առցանց ռեզումե ստեղծելու ծրագրերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ինես, Ջեյմս (Great Britain 2009). The CV book. Your definitive guide to writing the perfect CV. Great Britain: Pearson. էջեր 43. ISBN 978-0-273-72174-1.
  2. Գարսիա, Յուան. [grad.illinois.edu/CareerDevelopment «Curriculum Vitae, Tips and Samples»]. Illinois Graduate College. The Graduate College. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Դիլբարյան, Վահագն (2016). 100 բիզնես գաղտնիքներ. Երևան: Էդիթ Պրինտ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ curriculum vitae Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Curriculum vitae (ինքնակենսագրական)» հոդվածին։