Ֆլորենս Նայթինգեյլի էֆեկտ
Ֆլորենս Նայթինգեյլի էֆեկտ (անգլ.՝ Florence Nightingale effect), հոգեբանական էֆեկտ, որն ի հայտ է գալիս, երբ բժիշկը կամ բուժքույրը, որը խնամում է հիվանդին, սկսում է նրա հանդեպ ռոմանտիկ զգացմունքներ տածել, որը վերածվում է սիրո կամ սեքսուալ հակման[1]։ Այս զգացմունքները կարող են երբեմն անհետանալ, եթե հիվանդի խնամքը դադարեցվում է կամ էլ վերջինս առողջանում կամ մահանում է։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆեկտն իր անունը ստացել է գթության քույր Ֆլորենս Նայթինգեյլից, որը ժամանակակից առողջապահության և բուժքույրության հիմնադիրն է։ Նա շատ ուշադիր էր իր հիվանդների նկատմամբ և գիշերները՝ լամպը ձեռքին, շրջում էր նրանց հիվանդասենյակներով։ Հիվանդները նրան անվանում էին «Լամպով դամա» և «Հրեշտակ», քանի որ շատ վիրավորների տառապանքները թեթևանում էին Նայթինգեյլին տեսնելիս, իսկ մահացածությունը հիվանդանոցներում կտրուկ նվազեց։ Նայթինգեյլի կողմից ներդրված կանոնները և վիրավորներին օգնություն ցույց տալու մեթոդները բժշկության մեջ դարձան հիվանդների ժամանակակից խնամքի հիմքը։
Բազմաթիվ լեգենդներ և ասեկոսեներ կան, ըստ որոնց Ֆլորենս Նայթինգեյլը սիրահարված էր իր հիվանդներից մեկին։ Իրականում նա չէր ամուսնացել, քանի որ վախենում էր, որ ընտանիքը կմիջամտի իր կարիերային և առանց աշխատանք կթողնի։ 1982 թվականին դերասան Ալբերտ Ֆիննին մի հարցազրույցի ժամանակ այս էֆեկտն անվանեց «համախտանիշ»[2]․ նախկինում այսպիսի համախտանիշը վերագրում էին բժիշկներին, որոնք իրենց աշխատանքի համար ստանում էին ոչ նյութական վարձատրություն[3]։
Էֆեկտ թե՞ համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժքույրի և հիվանդի միջև սիրային զգացմունքները ճիշտ է անվանել հենց էֆեկտ։ Ժամանակակից բժշկությունը Ֆլորենս Նայթինգեյլի համախտանիշ է անվանում խրոնիկական հոգնածության համախտանիշը․ հայտնի է, որ ինքը՝ Նայթինգեյլը, տառապում էր այս համախտանիշով իր ողջ կյանքի ընթացքում[4]։ Բժշկությունը չի ճանաչում այս էֆեկտը որպես բժշկական հիվանդություն, այլ այն ավելի շատ համարվում է փոփ մշակույթի տարրերից մեկը կամ բժշկական էթիկայի խախտում և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում։ Որոշ մարդիկ կարծում են, որ հիվանդն ինքն է սիրահարվում իրեն բուժող բժշկին (ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ դա լոկ հոգեբանական փոխանցում է)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wright, Robert F (2002). «A Review of the Four Prominent Marketing Schools of Thought». Journal of Advertising History.
- ↑ Judy Bachrach (1982 թ․ հունիսի 21). «Albert Finney». People. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ David Woods (1974 թ․ հոկտեմբերի 19). «Unions moving into MD offices and clinics» (PDF). Canandian Medical Association Journal. 111 (8): 864. PMC 1947902. PMID 4422568. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ "Nightingale Research Foundation"