Ֆեստինգերի գիտափորձ
Լեոն Ֆեստինգերի գիտափորձ (անգլ.՝ Leon Festinger), գիտափորձերի շարք սոցիալական հոգեբանության բնագավառում, որն անցկացրել են ամերիկացի հոգեբաններ Լեոն Ֆեստինգերը և Ջեյմս Կառլսմիթը 1956 թվականին։ Գիտափորձը հանգամանորեն ներկայացված է «Հարկադրական զիջողականության կոգնիտիվ հետևանքները» (Cognitive consequences of forced compliance // J. Abnorm. Soc. Psychol.; 1959) հոդվածում[1]։
Գիտափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին մշակված կոգնիտիվ դիսոնանսի (իմացական աններդաշնակություն) տեսության շրջանակներում Ֆեստինգերը հաստատում է, որ անձն իր բնույթով ձգտում է համաձայնեցնել իր ներքին դիրքորոշումները և արտաքին գործողությունները։ Այն դեպքում, երբ հակասություն է առաջանում դիրքորոշումների և գործողությունների միջև, նա փորձում է ռացիոնալիզացնել իր վարքագիծը։ Ավելին, կոգնիտիվ դիսոնանսի առաջացման դեպքում անձն ամբողջ ուժով ձգտում է խուսափել այն իրադրությունից, որը կարող է մեծացնել դիսոնանսը։ Իսկ եթե նրա գործողությունները չեն համընկնում իր ներքին դիրքորոշումների հետ որևէ արտաքին պատճառի արդյունքում (օրինակ՝ ուժ գործադրելու սպառնալիք կամ խրախուսման խոստում), ապա դիսոնանսի աստիճանը նվազում է։ Դիսոնանսի կառավարման եղանակներից է սեփական կարծիքը և դիրքորոշումները փոխել այնպես, որ դրանք համընկնեն անձի արտաքին գործողությունների հետ[2]։
Իր տեսությունը հաստատելու նպատակով Ֆեստինգերն անցկացրել է մի շարք հոգեբանական գիտափորձեր, որոնք նպատակ ունեին ցույց տալ, որ անձը ձգտում է խուսափել կոգնիտիվ դիսոնանսի առաջացումից, ինչպես նաև ուսումնասիրել առաջացող իրավիճակին տրվող արձագանքները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստինգերի և Կառլսմիթի դասական գիտափորձերին մասնակցել են Սթենֆորդի համալսարանի ուսանողները։ Հետազոտվողներին բացատրել են, որ գիտափորձի նպատակը արդյունավետության մակարդակի ուսումնասիրությունն է, որպեսզի հետագայում այդ արդյունքների հիման վրա այն բարձրացնեն։ Գիտափորձին մասնակցել է 71 մարդ։
Գիտափորձի ընթացքում նրանց առաջադրվել են ձանձրալի և անմիտ առաջադրանքներ։ Առաջին կես ժամվա ընթացքում հետազոտվողները մեկ ձեռքի օգնությամբ սկուտեղից սեղանին էին տեղափոխում 12 կոճերը։ Հաջորդ կես ժամվա ընթացքում մասնակիցները, կրկին օգտագործելով մեկ ձեռքը, ժամ սլաքի ուղղությամբ պտտում էին տախտակին ամրացված լծակները։ Գիտափորձի ընթացքում լաբորատորիայում էր գտնվում հետազոտողը, ով ուներ վայրկյանաչափ և նոթագրումներ էր անում։
Առաջադրանքը կատարելուց հետո հետազոտողը բարձրաձայնում էր գիտափորձի մտացածին նպատակը՝ սպասելիքների ազդեցությունը իրականացվող աշխատանքի վրա։ Հետո հետազոտվողին ասում էին, որ նա ընդգրկված է մի խմբում, որի անդամները ոչ մի տեղեկություն չունեն գիտափորձի մասին։ Հետազոտվողին առաջարկվում էր ժամանակավորապես հանդես գալ որպես հետազոտողի օգնական (ով որոշ ժամանակով բացակայում է) և հաջորդ մասնակիցներին ներկայացնել այն աշխատանքը, որը նրանք պիտի անեն՝ բնութագրելով այն որպես հետաքրքիր և հաճելի աշխատանք։ Նրան տրվում էր թղթիկ՝ «Բ խմբի համար» գրառմամբ։ Առաջադրանքը բարդանում էր նրանով, որ գիտափորձի մասնակիցը մյուսներին պետք է խաբեր և համոզեր, որ առաջադրանքները գրավիչ ու հետաքրքիր են։
Գիտափորձի բոլոր մասնակիցները բաժանված էին երեք խմբի․ մի խմբին խաբելու համար առաջարկվում էր 1$, մյուսին՝ 20$, իսկ երրորդ խումբը ստուգիչ խումբն էր, որը չէր մասնակցում խաբելուն։ Որոշ մասնակիցներ հրաժարվեցին առաջարկվող դերից անգամ խրախուսվելու պարագայում, սակայն մեծ մասն ընդունեց առաջարկը[3]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձի ավարտին բոլոր երեք խմբերը մասնակցեցին հարցազրույցի, որտեղ հոգեբանության ֆակուլտետի աշխատակիցը առաջարկեց նրանց անցկացված գիտափորձը գնահատել ըստ չորս չափանիշի․
- Արդյոք առաջադրանքները հետաքրքիր էին։ (Were the tasks interesting and enjoyable?)
- Արդյոք գիտափորձը իրեն հնարավորություն տվեց ինչ-որ նոր բան բացահայտել իր կարողությունների մասին։ (Did the experiment give the subject an opportunity to learn about their own abilities?)
- Որքա՞ն կարևոր էր տվյալ գիտափորձը։ (Would the subject say that the experiment as he had experienced it was actually likely to measure anything important?)
- Արդյոք նա ցանկություն ունի մասնակցել նմանատիպ գիտափորձերի։ (Would the subject have any desire to participate in another similar experiment?)
Գիտափորձի ոչ բոլոր մասնակիցներն են խստորեն հետևել նշված կանոններին։ 5 հոգի, որոնց խրախուսանք էր առաջարկվել (մասնակիցներից երեքին առաջարկվել էր 1$, երկուսին՝ 20$), շատ կասկածելի էին համարում խաբելու համար վճար ստանալու երևույթը։ Այդ փաստը նրանց դրդեց կասկածի տակ առնել գիտափորձի իրական նպատակը։ 1$ ստացած 2 մասնակից հաջորդ մասնակիցներին ասացին, որ առաջադրանքները ձանձրալի էին, սակայն իրենց վճարել են, որպեսզի խաբեն։ 3 հետազոտվող հրաժարվեց մասնակցել խաբեությանը՝ չնայած խոստացված խրախուսանքին։ Եվս մեկ մասնակից, ով ստացել էր 1$, առաջադրանքները դրական բնութագրեց, սակայն հետո խնդրեց հաջորդ մասնակցի հեռախոսահամարը, որպեսզի գիտափորձից հետո ամեն ինչ պատմի նրան։ Վերջին հաշվով, մնաց 60 հետազոտվող, որոնց պատասխանների հիման վրա էլ ամփոփվել են գիտափորձի արդյունքները։
Հետազոտողների համար առավել մեծ հետաքրքրություն էին ներկայացնում առաջին հարցի պատասխանները, քանի որ մնացած երեք հարցերի պատասխանների մեջ առանձնապես մեծ տարբերություններ չկային։ Առաջին հարցին տրված պատասխանների սանդղակն ընդգրկում էր -5-ից մինչև 5 սանդղակը, որտեղ «-5»-ը նշանակում էր «ձանձրալի, անհետաքրքիր», «0»-ն՝ «չեզոք», իսկ «+5»-ը՝ «հետաքրքիր, գրավիչ»։ Ստուգիչ խմբի անդամների մեծ մասը առաջադրանքները համարել էր ձանձրալի և անհետաքրքիր, ինչը միանգամայն սպասելի էր։ Այն մասնակիցները, ում վճարել էին 20$, առաջադրանքները գնահատել էին չեզոք։ Այն մասնակիցները, ովքեր խաբելու համար ստացել էին 1$, նշել էին, որ կատարված աշխատանքը հետաքրքիր էր և գրավիչ։ Ֆեստինգերի և Կառլսմիթի կարծիքով այդպիսի գնահատականը միանգամայն կանխատեսելի էր և հաստատում էր կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը։ 1$ և 20$ ստացած մասնակիցների մեջ գիտափորձի ընթացքում զարգացել է դիսոնանս, ինչի արդյունքում առաջացել է անհամապատասխանություն առաջադրանքների միապաղաղության և ցուցադրվող հետաքրքրության միջև։ Եթե երկրորդ խմբի անդամները ստեղծված իրադրությունը կարող էին արդարացնել նրանով, որ գոնե բավարար գումար էին ստացել խաբելու դիմաց՝ այդ կերպ չեզոքացնելով հոգեբանական անհարմարության վիճակը, ապա 1$ ստացած մասնակիցները ստիպված էին փոխել իրավիճակի իրենց ընկալումը և մտքերը, որպեսզի խուսափեն դիսոնանսի վիճակից[3]։
Եզրակացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձի արդյունքներն ակնհայտորեն հաստատում էին Ֆեստինգերի կոգնիտիվ դիսոնանսի տեսության դրույթները։ Ֆեստինգերը կարծում էր, որ դիսոնանսն առավել արտահայտված կլինի այն դեպքում, երբ դիրքորոշումների անհամապատասխանությունը ամենաշատ նշանակությունը կունենա հետազոտվողի համար։ Տվյալ դեպքում ենթադրվում էր, որ մարդկանց մեծամասնությունը համոզված է իր բնածին անկեղծության մեջ, ուստի անհամաձայնությունն առավել վառ կարտահայտվի։ Իսկապես, 1$ ստացած խմբի անդամները, բախվելով գործունեության և դրա նկարագրության անհամապատասխանությանը, ստիպված էին իրենք իրենց համոզել, որ առաջադրանքները հետաքրքիր են, որպեսզի խուսափեն հոգեբանական անհարմարության վիճակից, և արդարացնել կեղծիքը։ Արդյունքում տեղի ունեցավ գործող դիրքորոշումների փոփոխություն և դիսոնանսի վիճակի չեզոքացում[3]։
Համանման գիտափորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի հոգեբան Արթուր Քոենը նմանատիպ գիտափորձ է անցկացրել Եյլի համալսարանի ուսանողների հետ ուսանողական ընդվզումից անմիջապես հետո, որը խստորեն ճնշել էր Նյու-Հեյվենի ոստիկանությունը։ Ուսանողներին առաջարկվեց էսսե գրել, որտեղ կարդարացնեին ոստիկանության գործողությունները, քանի որ հետազոտվողներին հարկավոր էին ոստիկանության օգտին համոզիչ փաստարկներ։ Գրվող էսսեի դիմաց ուսանողներին խրախուսանք էր առաջարկվում։ Արված աշխատանքի համար մի խմբին վճարում էին 50 ցենտ, մյուսին՝ 1 դոլար, երրորդին՝ 5 դոլար, իսկ չորրորդին՝ 10 դոլար։ Էսսեները գրելուց հետո հետազոտվողներին առաջարկեցին լրացնել հարցաթերթիկ, որն արտացոլում էր ոստիկանների նկատմամբ նրանց վերաբերմունքը։ Ստուգիչ խումբը էսսե չէր գրել․ նրանց վերաբերմունքը որոշվեց հարցաթերթիկների պատասխանների միջոցով։
Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ ինչքան խրախուսանքը մեծ էր, այնքան դիսոնանսը փոքր էր։ Այն ուսանողները, ովքեր ստացել էին 50 ցենտ, վերջին հաշվով փոխել էին վերաբերմունքը դեպի ավելի դրականի, քան նրանք, ովքեր գրել էին դոլարի դիմաց։ Իր հերթին, մեկ դոլար ստացածների վերաբերմունքն ավելի դրական էր, քան նրանցը, ովքեր ստացել էին 5 դոլար։ 5 և 10 դոլար ստացած խմբերի վերաբերմունքը ոստիկանության հանդեպ ևս կտրուկ տարբերվում էր։ Իսկ ստուգիչ խմբի վերաբերմունքը խիստ բացասական էր[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստինգերի գիտափորձի հիմնական քննադատներն էին Նատալյա Չապանիսը և Ալֆոնս Չապանիսը։ Նրանք կասկածում էին, որ տվյալ գիտափորձի պայմանները կարող են հանգեցնել դիսոնանսի առաջացմանը։ Ստուգիչ խմբի անդամները գնահատել էին առաջադրանքները իբրև չեզոք կամ ձանձրալի, այն դեպքում, երբ Ֆեստինգերը ենթադրում էր, որ հենց առաջադրանքների միօրինակությունն ու միատեսակությունն են հանգեցնում դիսոնանսի առաջացմանը։ Այդ պարագայում, ինչպես հաստատում են Նատալյա և Ալֆոնս Չապանիսները, կամ ներկայացվող առաջադրանքներն այնքան ձանձրալի և միատեսակ չէին, որպեսզի ներգործեին հետազոտվողների հոգեվիճակի վրա, կամ գիտափորձից առաջ դրա նպատակի մասին ներկայացվող կեղծ հրահանգները հետազոտվողներին այնքան հետաքրքիր են թվացել, որ առաջադրանքների կրկնվող և ձանձրալի բնույթը չի առաջացրել հոգեբանական անհարմարություն։
Քննադատության է ենթարկվել նաև գիտափորձի վարձատրությունը։ Հետազոտվողներն ուսանողներ էին, ում համար 20$-ը մեծ գումար էր անգամ մեկ ամբողջ օր աշխատելու դիմաց։ Ուստի երբ նրանց առաջարկում էին այդքան մեծ վարձատրություն կես ժամ տևող անմիտ աշխատանքի դիմաց, զարմանալի չէր, որ շատերը դա համարում էին խաբեություն կամ հրաժարվում մասնակցելուց։ Նատալյա և Ալֆոնս Չապանիսները եզրակացրին, որ մասնակիցները կարող էին խաբել կամ խուսափողաբար պատասխանել գիտափորձը գնահատելիս, քանի որ անվստահությամբ էին մոտենում վերջինիս նպատակին[5]։
Ազդեցություն տնտեսության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն Ֆեստինգերի գաղափարներն ու գիտափորձերը հետագայում արտացոլվեցին նաև վարքային տնտեսության տեսության մեջ։ Այս ուղղության համախոհները հաստատում են, որ տնտեսական որոշումների ընդունման վրա ներգործում են նաև հոգեբանական, այդ թվում՝ մտավոր գործոնները։ Այդ կերպ, տնտեսական գործակալները ամբողջ ուժով կձգտեն արդարացնել ընդունված որոշումները, եթե դրանք իռացիոնալ կամ նույնիսկ վնասակար լինեն՝ դրանով ձգտելով նվազեցնել առաջացած դիսոնանսի զգացողությունը։ Հուզական և մտավոր գործոնները կարող են դրսևորվել հատկապես ներդրողների և բանկային աշխատողների գործունեության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Festinger, L., & Carlsmith, J. M. (1959). Cognitive consequences of forced compliance. Journal of Abnormal Psychology [PsycARTICLES], 58(2), 203-210. doi:10.1037/h0041593
- ↑ Фестингер, Леон. Введение в теорию диссонанса. — СПб: Ювента, 1999. — С. 15—52.
- ↑ 3,0 3,1 3,2 Festinger, Leon, Carlsmith, James Cognitive consequences of forced compliance // Journal of Abnormal and Social Psychology[en]. — 1959. — № 58. — С. 203—211.
- ↑ Cohen, A.R., Brehm, J.W. and Fleming, W.H. Attitude change and justification for compliance // Journal of Abnormal and Social Psychology[en]. — 1958. — № 56. — С. 276-278.
- ↑ Chapanis, Natalia P. and Chapanis, A Cognitive dissonance: five years later // Psycological bulletin. — 1964. — № 61.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фестингер Л. Введение в теорию диссонанса. // Фестингер Л. Теория когнитивного диссонанса.[1] — СПб.: Ювента, 1999. — С. 15—52.
- Festinger, L. and Carlsmith, J. M. (1959). «Cognitive consequences of forced compliance». Journal of Abnormal and Social Psychology, 58, 203—211
- Cohen, A.R., Brehm, J.W. and Fleming, W.H. Attitude change and justification for compliance. J. abnorm. soc. Psychol., 1958, 56, 276—278.
- Chapanis, Natalia P. and Chapanis, A. Cognitive dissonance: five years later. Psychol. Bull., 1964
- S.R. Maddi. Personality theories: a comparative analysis. Homewood, Ill: Dorsey Press, 1968 СПб.: Издательство «Речь», 2002. — С. 24—26
- Аронсон Э. Общественное животное. Введение в социальную психологию. / изд. 7.; пер. с англ. — М.: Аспект Пресс, 1998. — 517 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեստինգերի տեսությունը youtube.com-ում
- «Введение в теорию диссонанса». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- Cognitive consequences of forced compliance Արխիվացված 2015-09-10 Wayback Machine
- «Электронная еврейская энциклопедия». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- «Cognitive dissonance. Part 1». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.