Ֆգուրա (մալթ.՝ Il-Fgura, իտալերեն՝ Figura), քաղաք Մալթայի արևելյան մասում, Մեծ նավահանգստի գոտում: Վերջին վեց տասնամյակների ընթացքում բուռն զարգացում է ապրել՝ ֆերմերային փոքրիկ գյուղակից վերափոխվելով աշխույժ առևտրային կենտրոնի և դառնալով երկրի ամենաարագ աճող բնակավայրերից մեկը: Բնակչության թվաքանակը 2014 թվականիմարտի 31-ի տվյալներով եղել է 11.670[2]: Բնակչության խտության ցուցանիշով Ֆգուրան առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում Մալթայում: Քաղաքի գլխավոր տեսարժան հուշարձանը Կարմել սարի վրա 1988 թվականին կառուցված ու օծված Աստվածամոր ծխական եկեղեցին է[3]: Ֆգուրայի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն 2300 տարի առաջ: Այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված փյունիկյան վեց դամբանները, որոնցում գտնվել են մարդկային կմախքներ, կենդանիների մնացորդներ, խեցեղեն, բրոնզե առարկաներ: Այս կարևոր պատմական հայտնագործության կապակցությամբ Ֆգուրայի փողոցներից մեկն անվանվել է Հայտնագործությունների փյունիկյան փողոց («Triq is-Sejba Punika»):