Օսմոկարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աուրելիա ինֆուզորիայի կրծկուն վակուոլները

Օսմոկարգավորում (օսմոս և լատ.՝ regulare՝ ուղղորդել), ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների ամբողջություն, որով ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի հեղուկների (արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ) օսմոտիկ ճնշման հարաբերական կայունությունը։ Այն բնորոշ է քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող բոլոր կենդանիներին, ինչպես նաև մարդուն։ Ծովային օրգանիզմներից օսմոկարգավորմամբ օժտված են ողնաշարավորները (բացի միքսիններից), որոշ խեցգետնակերպեր։ Օսմոտիկ ճնշման փոփոխությունն ընկալվում է օսմոընկալիչներով, որոնցում առաջացած ազդակները փոխանցվում են նյարդային կենտրոններին, իսկ վերջիններս կարգավորում են ջրի և աղերի փոխանակությունը, դրանց արտազատումը օսմոկարգավորիչ օրգաններով՝ նեֆրիդներով, երիկամներով, քրտնագեղձերով․ Կաթնասունների օսմոկարգավորման հիմնական օրգանները երիկամներն են, որոնք ջրի ավելցուկի դեպքում ընդունակ են արտազատելու հիպոտոնիկ, ջրի սակավության դեպքում՝ խիտ մեզ։ Որոշ ձկներ (օրինակ, սաղմոնները) և որոշ խեցգետնակերպեր օժտված են օսմոկարգավորման 2 մեխանիզմներով և կարող են ապրել ինչպես քաղցրահամ, այնպես էլ աղի ջրերում։ Պոյկիլոօսմոտիկ կենդանիները (ծովային փափկամորթներ, փշամորթներ և այլն) ունեն բջջային օսմոկարգավորում, արյան բջիջներում օսմոտիկ ճնշումը բարձրանալիս նույն չափով այնտեղ աճում է նաև օրգանական նյութերի (հատկապես ամինաթթուների) կոնցենտրացիան, նյութեր, որոնց համար բջջաթաղանթը թույլ թափանցելի է։ Դրանով բջջում աղերի և ջրի պարունակությունը չի փոփոխվում, օսմոտիկ ճնշումը հավասարվում է օսմոտիկորեն ակտիվ նյութերի կուտակման հաշվին։ Այսպիսով, բջջային օսմոկարգավորման պայմաններ է ստեղծում վերը նշված կենդանիների սահմանափակ հարմարվելուն արտաքին միջավայրի օսմոտիկ ճնշման տատանումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png