Քերզոնի վերջնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քերզոնի վերջնագիր (1923), անգլիական կառավարության հուշագիրը (որ կազմել էր Ջորջ Նաթանիել Քերզոնը) սովետական կառավարությանը 1923 թվականի մայիսի 8-ին։ Կազմված էր վերջնագրի ձևով և պահանջում էր ետ կանչել սովետական դիվանագիտական ներկայացուցիչներին Իրանից ու Աֆղանստանից, պաշտոնապես ներողություն խնդրել «հակաբրիտանական պրոպագանդայի» համար, սահմանել 3-մղոնանոց (12 մղոնի փոխարեն) տերիտորիալ գոտի Մուրմանսկի ծովափի երկայնքով, դրամական փոխհատուցում տրամադրել անգլիական լրտեսների նկատմամբ գործադրված պատժամիջոցների համար։ Անգլիական կառավարությունը «հավատացյալներին պաշտպանելու» պատրվակով փորձում էր միջամտել ԽՍՀՄ–ի ներքին գործերին և այլն։ Սույն պայմանները 10-օրյա ժամկետում չկատարելու դեպքում անգլիական կառավարությունը սպառնում էր չեղյալ համարել 1921 թվականի սովետա–անգլիական առևտրական համաձայնագիրը։ Բայց սովետական կառավարության վճռական պատասխանը (1923 թվականի մայիսի 11-ին), ինչպես նաև սովետական աշխատավորների, անգլիական ու միջազգային պրոլետարիատի բողոքի հուժկու շարժումը հարկադրեցին անգլիական կառավարությանը նախ երկարաձգել Քերզոնի վերջնագրի ժամկետը, իսկ ապա և փաստորեն հրաժարվել դրանից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png