Փոխլրացնող բարիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոխլրացնող բարիքները ունեն պահանջարկի բացասական գնային առաձգականություն․ y բարիքի գնի աճը բերում է x բարիքի պահանջարկի նվազմանը:

Փոխլրացնող բարիքներ, բարիքներ տնտեսագիտության մեջ, որոնցից մեկի գրավչությունը մեծանում է իրեն լրացնող բարիքի հայտնիության մեծացման հետ մեկտեղ։ Տեխնիկապես այն ցույց է տալիս պահանջարկի բացասական խաչաձև առաձգականությունը, այն է ՝ մի բարիքի պահանջարկը նվազում է, երբ աճում է մեկ այլ բարիքի գինը[1]։ Եթե «Ա» բարիքը լրացնում է «Բ» բարիքին, ապա «Ա» բարիքի գնի աճը կհանգեցնի բացասական տեղաշարժի «Ա»-ի պահանջարկի կորի երկայնքով (պահանջարկի նվազում) և «Բ»-ի պահանջարկի կորի տեղաշարժին դեպի ձախ, քանի որ յուրաքանչյուր բարիքից ավելի քիչ կպահանջվի։ Հակառակը տեղի ունի փոխարինող բարիքների համար, որոնցից մեկի պահանջարկը նվազում է, երբ մյուսի գինը նվազում է[2]։

Մյուս կողմից, «Ա» բարիքի գնի նվազումը կհանգեցնի դրական տեղաշարժի «Ա»-ի պահանջարկի կորի երկայնքով (պահանջարկի աճ) և «Բ»-ի պահանջարկի կորի տեղաշարժին դեպի աջ, քանի որ յուրաքանչյուր բարիքից ավելի շատ կպահանջվի։ Ուստի, մի բարիքի նկատմամբ պահանջարկը ուղիղ համեմատականորեն կապված է մեկ այլ բարիքի նկատմամբ պահանջարկի հետ․ եթե այդ բարիքներից մեկի պահանջարկը մեծ է, մյուսի պահանջարկը ևս մեծ է։

Երբ 2 բարիքներ փոխլրացնող են, նրանք ունենում են համատեղ պահանջարկ։ Օրինակ, ածելիի շեղբի պահանջարկը կարող է կախված լինել օգտագործվող ածելիների քանակից. դա է պատճառը, որ ածելիները երբեմն վաճառվում են շատ ցածր գներով՝ ավելացնելու շեղբերի պահանջարկը[3]։ Մեկ այլ օրինակ էլ այն է, որ երբեմն ատամի խոզանակը անվճար փաթեթավորված է ատամի մածուկի հետ, որտեղ խոզանակը լրացնում է մածուկին։ Ատամի խոզանակ արտադրելու ծախսերը կարող են ավելին լինել, քան մածուկինը, բայց դրա վաճառքը կապված է մածուկի պահանջարկի հետ։

Բոլոր ոչ փոխլրացնող բարիքները ինչ-որ իմաստով կարող են համարվել փոխարինողներ[4]։ Եթե «Ա» և «Բ» բարիքները խիստ փոխլրացնողներ են առօրյայում, ապա սպառողները պատրաստ են ավելի շատ վճարել «Ա» բարիքի յուրաքանչյուր լրացուցիչ միավորի համար, ավելի շատ «Բ» բարիք սպառելու հետ մեկտեղ։ Հակառակը ճիշտ է փոխարինողների համար. սպառողները պատրաստ են ավելի քիչ վճարել «Գ» բարիքի յուրաքանչյուր լրացուցիչ միավորի համար, ավելի շատ «Բ» բարիք սպառելու հետ մեկտեղ։

Փոխլրացումը կարող է պայմանավորված լինել այն հոգեբանական պրոցեսներով, որոնցով մեկ բարիքի (օրինակ ՝ կոլայի) սպառումը խթանում է դրան լրացնողների նկատմամբ պահանջարկը (օրինակ՝ չիզբուրգեր)։ Սննդի կամ ըմպելիքի սպառումը հանգեցնում է դրանց լրացնողների սպառմանը. սնունդ, որը սպառողները կարծում են, որ միասին ավելի համեղ կլինեն։ Կոլա խմելը մեծացնում է սպառողների՝ չիզբուրգերի դիմաց վճարելու պատրաստակամությունը։ Այս ազդեցությունը, թվում է, ավելի շատ կախված է սպառողների կողմից այդ կապի ընկալումից, քան դրանց զգացական հատկություններից[5]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Supply and Demand curves.
Հոթդոգի առաջարկը և պահանջարկը, երբ բուլկիի գինը նվազում է:

Փոխլրացնող բարիքների օրինակ կարող են լինել ավտոմեքենաները և բենզինը։ Ավտոմեքենաների առաջարկը և պահանջարկը ներկայացված են աջ կողմի գծապատկերում՝ նախնական D1 պահանջարկով։ Ենթադրենք ավտոմեքենաների սկզբնական գինը P1 է ` պահանջվող Q1 քանակությամբ։ Եթե բենզինի գինը որոշ չափով իջնի, դա կհանգեցնի պահանջվող ավտոմեքենաների ավելի մեծ քանակի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ պահանջարկի կորը կտեղաշարժվի աջ, դեպի նոր դիրք՝ D2: Ենթադրելով, որ ավտոմեքենաների առաջարկի S կորը հաստատուն է, պահանջվող ավտոմեքենաների նոր՝ ավելի մեծ քանակը D2 կորի դեպքում կլինի նոր՝ ավելի բարձր գներով՝ P2-ով։ Այլ օրինակներ են ՝ բջջային հեռախոսները և բջջային ծառայությունները, տպիչը և քարթրիջը և այլն։

Կատարյալ փոխլրացնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարյալ փոխլրացնողնորի անտարբերության կորերը

Կատարյալ փոխլրացնող են այն բարիքները, որոնք պետք է սպառվեն մեկը մյուսի հետ։ Կատարյալ փոխլրացնող բարիքի անտարբերության կորերը ունեն ուղիղ անկյան տեսք, ինչպես ցույց է տրված գծապատկերում[6]։ Նման նախընտրությունները կարող են ներկայացվել Լեոնտևի օգտակարության ֆունկցիայի միջոցով։

Քիչ ապրանքներ են հանդես գալիս որպես կատարյալ փոխլրացնողներ[6]։ Մի օրինակ է միևնույն կոշիկի ձախը և աջը. կոշիկները, բնականաբար, վաճառվում են զույգերով, և ձախ ու աջ կոշիկների վաճառքների միջև հարաբերությունը երբեք էականորեն չի փոխվի 1:1-ից:

Այնուամենայնիվ, փոխլրացման աստիճանը պարտադիր չէ, որ փոխադարձ նույնը լինի. այն կարող է չափվել ըստ պահանջարկի խաչաձև գնային առաձգականության։ Վիդեո խաղերի պարագայում կոնկրետ վիդեո խաղը (լրացնող բարիքը) պետք է սպառել վահանակի հետ (հիմնական բարիքը)։ Հակառակը չի գործում. վահանակը պարտադիր չէ սպառել այդ խաղի հետ։

Օրինակ

Մարքեթինգում փոխլրացնող բարիքները լրացուցիչ շուկայական ուժ են տալիս արտադրողին։ Այն թույլ է տալիս վաճառողին ստեղծել իրենից սպառողների կախվածություն՝ մեծանալով վաճառողին փոխելու հետ կապված ծախսերը։ Գոյություն ունեն լրացնող և հիմնական բարիքների գնային քաղաքականության մի քանի ձևեր `

  • Հիմնական բարիքի համար համեմատականորեն ավելի ցածր գին սահմանել, քան լրացնող բարիքի համար – այս մոտեցումը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել սպառողների շրջան (օրինակ՝ էժան տպիչ և թանկ քարթրիջ),
  • Հիմնական բարիքի համար համեմատականորեն ավելի բարձր գին սահմանել, քան լրացնող բարիքի համար – այս մոտեցումը մուտքի և ելքի արգելք է ստեղծում (օրինակ՝ թանկարժեք ավտոմեքենա և էժան գազ)։

Համախառն փոխլրացնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն երկու բարիքների միջև փոխլրացնող կապը ինտուիտիվ չէ և պետք է հաստատվի՝ ուսումնասիրելով պահանջարկի խաչաձև առաձգականությունը` օգտագործելով շուկայի տվյալները։

Մոսակի սահմանումն պնդում է, որ «x բարիքը y-ի համախառն լրացնողն է, եթե (∂f x (p, ω) / ∂p y)- ը բացասական է, որտեղ f i (p, ω), i = 1, 2,…, n-ը նշանակում է սովորական անհատական պահանջարկը որոշակի բարիքի համար»։ Իրականում, Մոսակի պարագայում x- ը y-ի համախառն լրացնող չէ, բայց y-ն x-ի համախառն լրացնող է։ Կարիք չկա, որ առաձգականությունը սիմետրիկ լինի։ Այսպիսով, y-ն x-ի համախառն լրացնող է, մինչդեռ x-ը միաժամանակ կարող է լինել y-ի համախառն փոխարինող։

Ապացույց

Y բարիքի գնի փոփոխության՝ x բարիքի պահանջարկի վրա ազդեցության Հիքսյան արտահայտությունը τ * օգտակարության մակարդակի և բարիքների z * = (x *, y *, ...) ընտրված զամբյուղի դեպքում կլինի ՝

∂f x (p, ω) / ∂p y = ∂h x (p, τ ∗) / ∂p y − y ∗ ∂f x (p, ω) / ∂ω։

Եթե x-ը y-ի համախառն փոխարինող է, հավասարման ձախ մասը և աջ մասի առաջին բաղադրիչը դրական են։ Մոսակի մոտեցման համաչափության համաձայն՝ գնահատելով հավասարությունը ելնելով x*-ից, կստանանք, որ աջ մասի առաջին անդամը մնում է նույնը, մինչդեռ գոյություն ունեն որոշ ծայրահեղ դեպքեր, երբ x *- ը բավականաչափ մեծ է, որպեսզի բացասական դարձնի ամբողջ աջ մասը։ Այս դեպքում y-ը x-ի համախառն լրացնող է։ Ընդհանուր առմամբ, x-ը և y-ը սիմետրիկ չեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carbaugh, Robert (2006). Contemporary Economics: An Applications Approach. Cengage Learning. էջ 35. ISBN 978-0-324-31461-8.
  2. O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, New Jersey: Pearson Prentice Hall. էջ 88. ISBN 0-13-063085-3.
  3. «Customer in Marketing by David Mercer». Future Observatory. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
  4. Newman, Peter. «Substitutes and Complements». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)Կաղապար:Full citation needed
  5. Huh, Young Eun; Vosgerau, Joachim; Morewedge, Carey K. (2016 թ․ մարտի 14). «Selective Sensitization: Consuming a Food Activates a Goal to Consume its Complements». Journal of Marketing Research. 53 (6): 1034–1049. doi:10.1509/jmr.12.0240. ISSN 0022-2437.
  6. 6,0 6,1 Mankiw, Gregory (2008). Principle of Economics. Cengage Learning. էջեր 463–464. ISBN 978-0-324-58997-9.