Տրիպանոսոմոզներ
| Տրիպանոսոմոզներ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության տեսակը |
| Պատճառ | Տրիպանոսոմներ[1] |
| Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և անասնաբուժություն |

Տրիպանոսոմոզներ, մարդու և կենդանիների հիվանդություն, որի հարուցիչը տրիպանոսոմներն են։ Տրիպանոսոմոզները դասվում են փոխանցողական (տրանսմիսիվ) հիվանդությունների շարքը։ Մարդու համար վտանգավոր են աֆրիկական տրիպանոսոմոզները (տես Քնախտ) և ամերիկական տրիպանոսոմոզներ կամ Շագասի հիվանդությունը։ Ամերիկական տրիպանոսոմոզները 1909 թվականին նկարագրել է Կ․ Շագասը՝ Բրազիլիայում։ Հիվանդությունը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Չիլի, Արգենտինա, Վենեսուելա), հիմնականում բնակչության չքավոր խավերում։ Հիվանդությունը փոխանցվում է արյունածուծ փայտոջիլների (տրիատոմային փայտոջիլ) միջոցով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է և վայրի ու ընտանի կենդանիները։ Հարուցիչները փայտոջիլների արտաթորանքների հետ ընկնում են աչքի, քթի, շրթունքների մաշկի լորձաթաղանթների անցման հատվածների վրա։ Հիմնական ախտանշաններն են․ սուր շրջանում՝ տենդը և ավշահանգույցների մեծացումը, քրոնիկական շրջանում՝ սրտի և ստամոքսաաղիքային համակարգի ախտահարումը։
Կանխարգելումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալ–կենցաղային պայմանների բարելավում, վարակված կենդանիների վարակազերծում կամ ոչնչացում։ Կենդանիների տրիպանոսոմոզները տարածված են Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, Ասիայի երկրներում ու մեծ վնաս են հասցնում անասնապահությանը։ Տրիպանոսոմոզներով հիվանդանում են բոլոր ողնաշարավորները։ Ընտանի կենդանիների հիմնական հարուցիչները T․ brucci, T․ viva, Т․ congolense, T․ simiae, T․ evansi և T․ equiperdum (մտրակավորների դասից) նախակենդանիներն են։ ԽՍՀՄ տարածքում (գլխավորապես Ղազախստանում և Միջինասիական հանրապետություններում) առավել վտանգավոր են միասմբակավորների զուգավորման հիվանդությունը և ուղտերի, ձիերի, էշերի, ջորիների ու շների սու-աուրուն։
Զուգավորման հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորման հիվանդությունը տարածվում է հիվանդ և առողջ կենդանիների զուգավորումից (այստեղից էլ՝ անվանումը)։ Ախտանշաններն են․ սեռական օրգանների այրոց, նյարդային համակարգի ախտահարումներ, քրոնիկական ընթացքի դեպքում՝ կիսալուծանք, անդամալուծություն, սակավարյունություն, հյուծվածություն, մաշկի վրա առաջանում են օղակաձև ուռուցքներ՝ «տալերյան բծեր»։ Հիվանդությունն ախտորոշում են կլինիկական, շճաբանական (կոմպլեմենտի կապման ռեակցիա) և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա՝ հաշվի առնելով համաճարակաբանական տվյալները։ Բուժումը՝ նագանին, նովարսենոլ, սուրմին ևն։ Կանխարգելումը․ սերմնավորումից առաջ բոլոր ձիերի շճաբանական և կլինիկական հետազոտություն, հիվանդ և դրական ռեակցիայով կենդանիների մեկուսացում, իսկ անապահով տնտեսություններում նագանինի սրսկումներ բոլոր հովատակներին ևն։
Սու-աուրու
[խմբագրել | խմբագրել կոդը]Սու-աուրու (ղազախ․, բառացի՝ ջրից․ առաջացած հիվանդություն, սու-ջուր և աուրու-հիվանդություն) հիվանդության հարուցիչը փոխանցվում է մեխանիկական ճանապարհով՝ արյունածուծ միջատների (մորեխներ) միջոցով հիվանդ և առողջ կենդանիներին համատեղ պահելու ժամանակ։ Ուղտերը կարող են հիվանդանալ սուր (ենթասուր) և քրոնիկական ձևերով։ Գաղտնի շրջանը 12–20 օր է։ Նկատվում է տենդ, լորձաթաղանթների գունատություն, այտուցներ, աչքի և մաշկի ախտահարումներ (չբուժելու դեպքում հիվանդ կենդանիները սատկում են)։ Ուղտերի սու-աուրուն ախտորոշում են ականջի կտրվածքից վերցրած արյան մանրադիտակային զննությամբ, իսկ միասմբակավորների սու-աուրուն՝ կլինիկական մանրադիտակային և շճաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Բուժումը՝ նագանին, անտրիցիդ, սովարսեն ևն։ Կանխարգելումը․ պայքար արյունածուծ միջատների դեմ, կանխարգելիչ հետազոտություններ (տարեկան երկու անգամ), կենդանիների մշակում նագանինով կամ անտիցիդով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական կենդանիների պարազիտոլոգիա և ինվազիոն հիվանդություններ, Ե․, 1964։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 105)։ |