Jump to content

Տուրի հոգևորականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուրի հոգևորականը
ֆր.՝ Le Curé de Tours
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ[1]
ՁևՆովել
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ԿերպարներFrançois Birotteau?
Հրատարակվել է1832
ՇարքՄարդկային կատակերգություն
ՀաջորդLa Rabouilleuse?

«Տուրի հոգևորականը» (ֆր.՝ Le Curé de Tours), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վիպակներից։ Գրվել է 1832 թվականին և ընդգրկվել է «Մարդկային կատակերգություն» երկերի ժողովածուի մեջ։ Առաջին անգամ տպագրվել է 1832 թվականին «Գավառական կյանքի դրվագներ» շարքում։

1826 թվական։ Տուր։ 60-ամյա վանահայր Բիրոտոն[2], ով արդեն երկու տարի բնակվում էր օրիորդ Սոֆյա Գամարի տանը, կասկածում է, որ որ տանտիրուհին անհասկանալի պատճառներով ցանկանում է զանազան անհարմարություններ պատճառելով իրեն դուրս հանել տնից։ Հեղափոխության ժամանակ տեղի սուրբ Գատյեն տաճարի կողմից տունը բռնազավթվել էր և վաճառվել տանտիրուհու հորը և քսան տարի շարունակ շինությունը վարձով տալիս էին միայն հոգևորականներին։ Այս կացարանը Բիրոտոն ժառանգել էր իր ընկերոջից՝ վանահայր Շապլուից, մյուս կենվորը 50-ամյա վանահայր Տրուբերն էր, որն ապրում էր տան առաջին հարկում՝ ծայրահեղ վատ պայմաններում։ Բիրոտոն չի ցանկանում լքել այն հարմարավետ սենյակը, որը, կանոնիկ քահանայի աստիճանի հետ միասին, եղել է իր կյանքի միակ երազանքը, և որն իր ընկերոջ հետ միասին կահավորել են թանկարժեք կահույքով՝ հոգևոր դուստրերից ստացած ողորմությամբ։

Տուրի հոգևորականը, նկարազարդումը Անրի Մոնյեի

Իր գալու պահից սկսած՝ Շապլուի համար անմիջապես պարզ էր դարձել տանտիրուհու բնավորությունը և հանուն հանգիստ կյանքի, սկսել էր հաճոյանալ նրան. շողոքորթում էր, խուսափում էր որևէ վեճից կամ բախումից, կրճատում էր համատեղ անց կացվող ժամանակը։ Իսկ Տրուբերը, երբ ազատ ժամանակ էր ունենում գիշերային գաղտնի աշխատանքից, հատուկ ուշադրության էր արժանացնում Սոֆյա Գամարին՝ նպատակ ունենալով տիրանալ հանգուցյալի սենյակին. ըստ տեղի շշուկների՝ նման վարքը բացատրվում էր Սոֆյայի ունեցվածքի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ։ Իր մահից առաջ Շապլուն հաճախ ընկերոջը խորհուրդ էր տալիս զգուշանալ Տրուբերից, որի վերելքին ինքը խոչընդոտում էր ամեն կերպ։ Արդյունքում աբբահայրը, որն արդեն վատառողջ էր, դարձավ առաջնորդարանի գլխավոր փոխանորդի թեկնածու։ Իր տեղափոխվելուց հետո կես տարվա ընթացքում Բիրոտոն Սոֆյա Գամարի տանը հիմնել էր արիստոկրատական ակումբ, որի այցելուները բարձր արիստոկրատիայի ներկայացուցիչներն էին, սակայն տանտիրուհու դատարկության և անպետքության պատճառով հրաժարվեց այդ ձեռնարկից և սկսեց այցելել Տուրի բարձրաստիճան տներում կազմակերպված երեկույթներին։ Այդ պատճառով ծեր տանտիրուհին իր վարձակալի նկատմամբ լցվեց չարությամբ, որը տարածվեց իր քաղքենի ընկերների շրջանում։

Բիրոտոն որոշում է մի քանի օրով տեղափոխվել բարոնուհի դը Լիստոմերի մոտ՝ հույս ունենալով, որ այդ ընթացքում Սոֆյան կհանդարտվի։ Տաս օրից նրա մոտ է գալիս տանտիրուհու շահերը ներկայացնող փաստաբան Կառոնը, որը տեղեկացնում է հնարավոր դատական հայցի մասին. փաստաթղթում նշված չէ կենվորի երկարատև բացակայության պատճառի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ աբբան հրաժարվել է պանսիոնից։ Տիկին Լիստոմերն իր հյուրերի և զարմիկ բարոնի հետ միասին հայր Բիրոտոյին խորհուրդ են տալիս հակահարված տալ Տրուբերի՝ նոր բնակատարածք ձեռք բերելու քողարկված փորձին, և միայն կալվածատեր դը Բուրբոնն էր, որ այս ամենը համարում էր անհաջողությունների սկիզբ Բիրոտոյի համար, որին, այնուամենայնիվ, վիճակված էր հեռանալ։ Այդ պահին հայտնի են դառնում խոսակցություններ Տրուբերի առաջնորդական տեղապահ և կղերականների կառավարիչ նշանակվելու և սպասվելիք դատավարության մասին, որը կարող էր բացասաբար անդրադառնալ Բիրոտոյին խոստացված կանոնիկ քահանայի կոչում ստանալու խոստման վրա։ Այժմ արիստոկրատների հավաքը նրան խորհուրդ է տալիս ինքնակամ հեռանալ Գամարի տնից, և աբբան առանց կարդալու ստորագրում է Կառոնի առաջարկած փաստաթուղթը։

Ֆրանսիայի արքա Լյուսովիկոս XI-ի կիսանդրին (Ժան Բաֆիե, 1910 թ. փետրվար), ում հետ դե Բուրբոնը համեմատում է Տրուբերին

Հաջորդ օրը Բիրոտոն գալիս է Սոֆյա Գամարի տուն՝ իր կահույքը տանելու և տեսնում է, որ Տրուբերն արդեն տեղավորվել է իր սենյակում։ Տանտիրուհու հետ զրույցից պարզ է դառնում, որ ըստ պայմանագրի՝ կամավոր տեղափոխվելու դեպքում ողջ կահ-կարասին մնում է որպես վարձավճար Բիրոտոյի և հանգուցյալ Շապլուի սենյակների դիմաց։ Գամար պատմում է նաև իր նոր կենվորի՝ նորանշանակ վանահայր Պուարելի մասին։ Ազնվականների ակումբում դը Բուրբոնը հայտնում է կնքված պայմանագրի անազնիվ լինելու մասի, ինչից հետո բոլորը միաբերան խոստանում են օգնել վանահորը առաջիկա դատի ժամանակ։ Միայն կալվածատերն է, որ խորհուրդ տալիս հրաժարվել փոխանորդի կոչումից և հեռանալ Տուրից, որպեսզի Տրուբերի աչքից հեռու լինի, քանի որ՝ այստեղ հավաքված տասնչորս մարդուց ոչ մեկը երկու շաբաթ անց արդեն ձեզ չի պաշտպանելու:

Օրիորդ Գամարն առաջինն է դատական հայց ներկայացնում՝ պատասխանող կողմին դնելով անհարմար վիճակի մեջ։ Միաժամանակ հայտնի է դառնում, որ Տրուբերին նշանակել են գլխավոր փոխանորդ։ Տեղացի փաստաբանները խորհուրդ են տալիս հաշտվել, և միայն 36-ամյա բարոն դը Լիստոմերը որոշում է շարունակել պայքարը։ Լիբերալ փաստաբանի ընտրությունից հետո կազմակերպվում է դատաքննություն, որպեսզի գնահատվի պառաված օրիորդի մոտ մնացած շարժական գույքը և 30 հազ. ֆրանկ արժողությամբ երկու նկարները, որոնք պատկանել են Բիրոտոյին։ Այս գործընթացի շնորհիվ Սոֆյա Գամարի դեմ հարուցված դատական հայցը լուրջ արձագանքի է արժանանում։ Մի քանի օր անց, բարոնին, որն սպասում էր նոր կոչում ստանալուն, տեղեկացնում են հնարավոր ազատման մասին, ինչի պատճառով նա տեղափոխվում է Փարիզ։ Այնտեղ պատգամավոր հորեղբոր՝ մարքիզ դը Լիստոմերի օգնությամբ կարողանում է պարզել, որ նախարարությունում դժգոհ են իրենից, որովհետև թշնամական վերաբերմունք ունի Տրուբերի նկատմամբ, ով այդ նահանգի ամնենակարևոր դեմքն է և կոնգրեգացիայի ներկայացուցիչը։ Բարոնը վերադառնում է Տուր և հանդիպում է մորաքրոջ և դը Բուրբոնի հետ, որովհետև կռահել էր հոգևորականի՝ ողջ նահանգում ունեցած գաղտնի ազդեցության մասին։

Տեսարան Տուրի տաճարից (դեկտեմբեր 2017 թ.)

Կալվածատերը, նկատի ունենալով Տրուբերի փառամոլությունը, բարոնին խորհուրդ է տալիս հաշտվել նրա հետ և առերևույթ դադարեցնել շփումը Բիրոտոյի հետ, քանի որ ապագայում նրանց կհաջողվի Բիրոտոյին կարգել կանոնիկ քահանա, երբ բարոնին հաջողվի ստանալ առաջին աստիճանի կապիտանի կոչում, իսկ մարքիզին՝ պերի կոչում։ Հաջորդ օրը բարոնուհին աբբային պատմում է Շապլուի և նրա ժառանգի նկատմամբ Տրուբերի վրեժխնդրության մասին, ինչից հետո համոզում է նրան դիմել դատարան՝ բազմաչարչար սենյակում մնացած Շապլուի դիմանկարը ստանալու համար։ Դրանից հետո բարոնուհին գալիս է պառաված օրիորդի մոտ և պայմանավորվում է գործընթացը դադարեցնելու մասին, սակայն, շատ չանցած, օրիորդը մրսում և մահվան մահճում է հայտնվում։

Այդ պատճառով տիկին Լիստոմերը հանդիպում է անձամբ աբբահոր հետ, ինչի արդյունքում հաջողվում է հաշտություն կնքել և Շապլուի դիմանկարը կրկնօրինակելու թույլտվություն ստանալ։ Հաջորդ օրը մահանում է Գամար՝ Տրուբերին կտակելով իր ողջ կարողությունը՝ 300 հազ. ֆրանկ։ Տրուբերը տիկին դը Լիստոմերին և նրա զարմիկին հրավիրում է հուղարկավորության արարողությանը, իսկ Բիրոտոն եկեղեցու գավիթում՝ բոլորի աչքից հեռու անկեղծորեն աղոթում է Սոֆյա Գամարի հոգու խաղաղության համար։ Երեկոյան փակ դռների հետևում դը Բուրբոնը բարոնուհուն պատմում է, թե ինչպես ընդամենը մի ակնթարթ Տրուբերի հայացքում նկատել է ցնծություն պառաված օրիորդի մահվան համար և ատելություն ու քամահրանք հանգուցյալի նկատմամբ։

Բիրոտոյին նշանակում են Տուրի Սեն-Սենֆորնիեն ոչ այնքան հարուստ արվարձանի ծխական քահանա, ինչի պատճառով նա հայտնվում է անծանոթ շրջապատում և անսովոր իրավիճակում։ Վեց ամսից Տրուբերը դառնում է Տուրի եպիսկոպոս՝ Գիացինտ անունով։ Բարոնուհի դը Լիստոմերը իր կտակով Բիրոտոյին հատկացնում է տարեկան 1,5 հազ. ֆրանկ, ինչից հետո Տրուբերը հետաձգում է իր այցը թեմ և սկսում է սպառնալ բարոնուհու հարազատների մասնագիտական վերելքին։ Եպիսկոպոսը հրաժարվում է ժառանգությունից, հոգևորականներին է թողնում տունը, Շապլուի գրադարանը և նկարները՝ իր մոտ թողնելով միայն Շապլուի դիմանկարը։ Բարոնուհու կամքի նկատմամբ աբբայի դրսևորած անբարեխղճության պատճառով բարոնը բողոքարկում է Բիրոտոյի իրավունքները բարոնուհու ժառանգության նկատմամբ և մի քանի օր անց ստանում է առաջին աստիճանի կապիտանի կոչում։ Եկեղեցական իշխանությունները կարգապահական տույժ են կիրառում Սեն-Սենֆորյեն վանքի վանահոր նկատմամբ՝ արգելելով նրան ժամերգություն անցկացնել։

Մեկ տարի անց մոնսենյոր Գիացինտը Փարիզի ճանապարհին նկատում է արևի տակ դուրս հանված հիվանդ Ֆրանսուա Բիրոտոյին, նրա վրա խղճահարությամբ և արգահատանքով լի հայացք է նետում և շարունակում է իր ճանապարհը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1832 թվականին «Ամուրիները» (ֆր.՝ Les célibataires) վերնագրով՝ «Կենցաղային կյանքի դրվագներ» շարքում։ Հաջորդ տարի նույն վերնագրով ընդգրկվել է «Գավառական կյանքի դրվագներում», իսկ 1843 թվականին՝ «Մարդկային կատակերգության» երկրորդ հատորում՝ «Տուրի հոգևորականը»[3] վերնագրով։

Ստեղծագործությունը նվիրվել է դիմանկարիչ-քանդակագործ Պիեռ Ժան-Դավիդին։

Կապ մյուս ստեղծագործությունների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Բիրոտոն հիշատակվում է նաև «Կայսր Բիրոտոյի վերելքի և անկման պատմությունը» և «Հովտաշուշանը» վեպերում։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվական- Տուրի հոգևորականը։ Ռեժիսոր Գաբրիել Ասկել։ Ֆրանսուա Բիրոտոյի դերում՝ Ժան Կարմե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://wolnelektury.pl/katalog/lektura/balzac-proboszcz-z-tours/
  2. Le Curé de Tours; La Comédie humaine, Pléiade edn, vol. IV, 1976, p. 186.
  3. Оноре Бальзак. Собрание сочинений в пятнадцати томах. Том 5. М., Гослитиздат. 1952

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (անգլերեն) James J. Baran, " Statues, Statutes and Status in Balzac’s Le Curé de Tours ", Journal of Evolutionary Psychology, août 1993, №14,
  • (անգլերեն) James J. Baran, " The Architecture of Desire in Balzac’s Le Curé de Tours ", Degré second, décembre 1992, №13
  • Anne Bouzigues, " Le Rouge et le Noir et Le Curé de Tours ", L'Année balzacienne, 1968
  • Émile Danino, " Contrats et castration dans Le Curé de Tours (Balzac) ", (Pre)publications, 1980, №61
  • Hélène Colombani Giaufret, " Balzac linguiste dans Les Célibataires ", Studi di storia della civiltà letteraria francese, I—II, Paris, Champion, 1996
  • Léon-François Hoffman, " Éros en filigrane : Le Curé de Tours ", L’Année balzacienne, Paris, Garnier Frères, 1967
  • Fredric M. Leeds, " Balzac’s Le Curé de Tours ", Explicator, 1975, №34, article 9.
  • Suzanne Jean Bérard, " Encore la maison du Curé de Tours ", L’Année balzacienne, 1968
  • Nicole Mozet, " Le Curé de Tours, un espace œdipien ? ", L’Œuvre d’identité. Essais sur le romantisme, de Nodier à Baudelaire, Université de Montréal, Département d’études françaises, octobre 1996
  • (անգլերեն) Allan H. Pasco, " The Tangible and the Intangible in Balzac’s Le Curé de Tours ", Currencies: Fiscal Fortunes and Cultural Capital in Nineteenth-Century France, Oxford, Peter Lang, 2005
  • (անգլերեն) Naomi Schor, " Details and Realism: Le Curé de Tours ", Poetics Today, 1984, №5
  • (անգլերեն) Michael Tilby, " Tours or Dis? Balzac’s Tale of Two Cities (Le Curé de Tours) ", Nottingham French Studies, printemps 2007, №46
  • (անգլերեն) Adeline R. Tintner, " «The Old Things»: Balzac’s Le Curé de Tours and James’s The Spoils of Poynton ", Nineteenth-Century Fiction, mars 1972, №26, p. 436—455.
  • (անգլերեն) Dorothy Wirtz, " Animalism in Balzac’s Curé de Tours and Pierrette ", Romance Notes, 1969, №11, p. 61-67.
  • (անգլերեն) Geof Woollen, " Le Curé de Tours and the Ten Year Itch ", French Studies Bulletin, hiver 1988—1989, №29