Տորֆահանույթ

Տորֆահանույթ, տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տորֆահանույթի Էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը, 8-25 մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային, իսկ երբեմն Էլ՝ մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվող շերտը 25-40 սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափի ֆրակցիաների։ Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89% ։ Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են (տես Տորֆամեքենաներ)։ Միջինացված կոնղիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |