Տեղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տոպոգրաֆիաից)
Եվրոպայի տեղագրությունը
Իռլանդիայի տեղագրությունը

Տեղագրություն, գիտատեխնիկական դիսցիպլին․ զբաղվում է տեղանքի աշխարհագրական և երկրաչափական ուսումնասիրությամբ՝ հանույթային աշխատանքների հիման վրա տեղագրական քարտեզներ կազմելով։ Տեղագրության ոլորտի մեջ են մտնում տեղագրական քարտեզների դասակարգման, դրանց բովանդակության մշակման և ճշտման, կազմման մեթոդիկայի, ինչպես նաև տեղանքի բազմակողմանի ուսումնասիրման հարցերը, որոնց ընթացքում բացահայտվում են տեղանքի մակերևույթի ձևերը, չափերը, տարածման օրինաչափությունները և այլն։ Առաջին տեղագրական հանույթային աշխատանքները կատարվել են դեռևս XVI դարում։ Ավելի ճշգրիտ տեղագրական քարտեզներ կազմվել են XVIII դարում, երբ հանույթային աշխատանքներն իրականացվեցին ճշգրիտ գեոդեզիական գործիքներով և սարքավորումներով։

Տեղագրական հանույթի եղանակներն ու ձևերը էլ ավելի կատարելագործվեցին XX դարում, երբ մշակվեցին հանույթի օդային, տիեզերական, աերոնկարների և տիեզերական նկարների վերծանման եղանակները, օգտագործվեցին ռադիոհեռաչափերն ու էլեկտրոնային հաշվիչ մեքենաները։ Ընդհանուր զարգացմանը համընթաց տեղագրություն տրոհվել է առանձին ճյուղերի, ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մենզուլային, աերոլուսանկարահանման, ֆոտոթեոդոլիտային, համակցված, տիեզերական, տարբեր կարգի նիվելիրացման։ Տեղագրական սովորական քարտեզների փոխարեն ստեղծվում են իրենց ճշտությամբ ավելի հուսալի ֆոտոքարտեզներ, ֆոտոպլաններ ևայլն։ Տեղագրական հանույթային աշխատանքների ժամանակ կիրառվող ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս քարտեզագրելու ոչ միայն Երկրի, այլև Լուսնի, Մարսի, Վեներայի և այլ մոլորակների տեսանելի և անտեսանելի մակերևույթները։