Jump to content

Տոնացույց (ծիսամատյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոնացույց (այլ կիրառումներ)
Տոնացույց
Տեսակliturgical book?
Բնօրինակ լեզուԵկեղեցական սլավոնական
 Euchologion Վիքիպահեստում

Տոնացույց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոների մասին ցուցումներ պարունակող ծիսամատյան, տոների օրացուցային կարգի և արարողությունների կատարման ուղեցույց, որտեղ արձանագրված է յուրաքանչյուր օրվա ներքին ծիսակարգը՝ իր մասնավոր հերթագայությամբ, կատարման համար սահմանված ընթերցումներով (Աստվածաշունչ, քարոզ, աղոթք, շարական և այլն)։

Համաձայն ավանդության, Հայ եկեղեցու տոների կարգավորության պաշտոնական հիմնադիրը Գրիգոր Ա Լուսավորիչն է։ Այդ գործին մեծապես նպաստել է Սահակ Ա Պարթևը։ Մասնավորաբար հայկական Տոնացույցին հատուկ յոթնյակ ձևը (երբ ս. Զատկի շարժականությամբ թելադրված՝ մի շարք տոներ յոթ օրվա տատանումով են նշվում) կապվում է նրա անվան հետ։ Տոնացույցի կազմավորման գործին իրենց մասնակցությունն են բերել Գյուտ Ա Արահեզացի, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսները։ Հովհաննես Գ Օձնեցին կանոնակարգել է Ս. Ծննդյան չորս Ավագ տոներն իբրև նախատոնակ։ Ներսես Շնորհալին սահմանել է Հոգեգալուստը՝ յոթ և Վերափոխումը՝ ինն օր տոնախմբելու կարգը։ Տոնացույցը խմբագրել և վերստին սստուգաբանել է Գևորգ Լամբրոնացին (13-րդ դար)։ Նա Կանոնագրքից քաղած վկայություններով հաստատագրել է Հայ եկեղեցու տոնական կարգավորությունը։ Նշանակալից է Սիմեոն Ա Երևանցու մասնակցությունը տոնացույցի կարգավորման աշխատանքներին։ Նրա ջանքերով հայ եկեղեցական տոնացույցը ձեռք է բերել նոր և հաստատուն կերպարանք։ Կիրակի օրվա սրբությունը պահելու նկատառումով նա Տերունական և Սրբոց տոների կապակցությամբ տոնացույց է ներմուծել 21 օրեր, հանել Մեծի պահոց կիրակիների մեջ Հարության հիշատակումը, մշակել գործածության առավել դյուրին և հաստատուն մի ձև, որը ցույց է տալիս 36 տարեգրերի համար մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը տեղի ունեցող ս. Զատկի տոնի փոփոխությունները։ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցը կիրառվում է ցայսօր։ Ըստ տոնացույցի՝ Հայ եկեղեցին տարին բաժանում է երեք տեսակ օրերի՝ տոների, սրբոց օրերի և ապաշխարության կամ պահոց օրերի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդի տոնացույց

Հավելյալ տեղեկություններ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: