Տիգրան Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սուքիասյան
Ծնվել է1936
Երկիր Իրան
Մասնագիտություներգիչ և խմբավար

Տիգրան Սուքիասյան (1936), հայ երգիչ, խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Սուքիասյանը ծնվել է 1936 թվականին Նոր Ջուղայում։ Վաղ տարիքում նվագել է մանդոլին և ջութակ, շեփորի դասեր է առել Մոհամմադ Նիքնամից։ Երգել է եկեղեցում (երգեցողության դասեր է առել Ներսես քահանա Դավթյանից), 1953 թվականին երգել է Նոր Ջուղայի Հայուհյաց բարեգործականի (գեղարվեստական ղեկավար՝ Վ. Պարթև), 1957 թվականին՝ Նոր Ջուղայի (ղեկավար՝ Գ. Բարխուդարյան) երգչախմբերում։

1956 թվականին դասավանդել է դպրոցում, հիմնադրել դպրոցական երգչախումբ, ելույթներ ունեցել հանդիսություններում, տոնախմբություններում։

1958 թվականին տեղափոխվել է Թեհրան, հաճախել պետական կոնսերվատորիայի երեկոյան դասընթացներ (տեսություն, սոլֆեջջո, հարմոնիա, շեփոր)։ Ձայնավարժության և խմբավարության դասեր է առել երգչուհի Է. Բաղչեբանից։

Որպես մեներգիչ՝ հանդես է եկել Թեհրանի կոնսերվատորիայի, օպերային թատրոնի, «Կոմիտաս» երգչախմբերում։ Հիմնադրել և ղեկավարել է «Հ. Թովմասյան» դպրոցի խառը մանկապատանեկան (1975), Հայ մշակութային «Սիփան» միության, «Կոմիտաս» (1978), «Արաքս» օրիորդաց դպրոցի (1980–90), «Անահիտ» միության «Զվարթնոց» մանկապատանեկան (1982), Թեհրանի «Փարոս» երաժշտական ուսումնարանի քառաձայն (2006) և «Սամին» երգչախմբերը, Հայ համալսարանականների ընդհանուր միության «Նարեկ» անսամբլը (1993)։ 2002 թվականին սկսել է դասավանդել Թեհրանի երաժշտական ուսումնարաններում։

Թողարկել է «Ալագյազ» (ազգային, ժողովրդական երգեր), «Լեռ Սրբազան» (իր հեղինակած մեներգ, զուգերգ, քառաձայն) ձայնասկավառակները։ Նրա երգերը հնչել են նաև Հայաստանում՝ «Կիլիկիա» երգչախմբի կատարմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։