Տիաան երբեք չի անվանվել «արքայադուստր», հետևաբար նրա ծագումն անհայտ է։ Ենթադրվում է, որ նա Ամենհոտեպի քույրը կամ խորթ քույրն է եղել, բայց դա հստակ չէ[3]։ Իր ամուսնու գահակալության տարիներին արքայական ընտանիքի կանայք ավելի քիչ են ներկայացվել, քան տասնութերորդ արքայատոհմի ավելի վաղ ժամանակահատվածում․ սա հավանաբար այն պատճառով էր, որ փարավոնը չէր ցանկանում, որ նրանցից որևէ մեկը յուրացնի իշխանությունը, ինչպես Հատշեփսուտն էր արել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ[4]։ Տիաան Ամենհոտեպի միակ կինն է, որի մասին տեղեկություններ կան և նրա անունն այսօր հայտնի է միայն այն պատճառով, որ նա եղել է հաջորդ փարավոնի՝ Թութմոս IV-ի մայրը։ Մեծ թագուհու տիտղոսն ստացել է իր որդու գահակալության օրոք․ ամուսնու կենդանության օրոք այդ տիտղոսը կրել է Ամենհոտեպի մայրը՝ Մերիտրա-Հատշեպսուտը[4]։
Իր ամուսնու կառուցած որևէ հուշարձանի վրա Տիաան պատկերված չէ։ Նա պատկերվել է միայն այն հուշարձանների վրա, որոնք ավարտին են հասցվել իր որդու օրոք։ Թութմոս IV-ի գահակալության տարիներին նա հայտնիություն է ստացել․ բացի մեծ թագուհու տիտղոսից ստացել է նաև «արքայամայր» և «աստծո կին» տիտղոսները։ Բազմաթիվ արձանների վրա Տիաան և Թութմոսի գլխավոր կինը՝ Նեֆերտարին ուղեկցում են փարավոնին[5]։ Մերիտրա-Հատշեպսուտի մի քանի պատկերումներ փոփոխության են ենթարկվել ու պատկերում են Տիաային[6]։ Թութմոսի դուստրերից մեկը՝ Տիաան, հավանաբար անվանակոչվել է նրա պատվին։
Տիաան հուղարկավորվել է արքաների հովտի KV32 դամբարանում, որտեղ հայտնաբերվել են նրա թաղման իրերի մասնիկներ[7]։ Ջրհեղեղը դրանց մի մասը լցրել է KV47 դամբարան՝ 19-րդ արքայատոհմի փարավոն Սիպտահի դամբարանը, որով ստիպել են եգիպտագետներին հավատալ, որ նրանք պատկանել են Սիպտահի նույնանուն մորը[2][8], բայց այդ ժամանակից ի վեր Սիպտահի մայրը ճանաչվել է որպես Սութեյջա անունով սիրիացի հարճ։