Տափալոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տափալոռ (անգլ.՝ Lathyrus), բակլազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100 և ավելի տեսակ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում։ ԽՍՀՄ-ում՝ 50 տեսակ։ Մեծ մասամբ կերային բույսեր են։ ԽՍՀՄ-ում մշակվում է Թաթարական, Բաշկիրյան ԻՍՍՀ-ներում, Միջին Ասիայում և Անդրկովկասում, ՀԽՍՀ-ի՝ լեռնային շրշաններում։ Մշակվում է սովորական տափալոռ։ Միամյա բույս է։ Արմատը՝ իլիկաձև, ցողունը՝ կառչող, մինչև 1 մ բարձրությամբ, խիստ ճյուղավորվող, տերևները զույգ փետրաձև (մեկ զույգ), բեղիկներով։ Ծաղիկները՝ մեկական, դուրս են գալիս տերևածոցերից, հիմնականում՝ սպիտակ, վարդագույն։ Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2—5 սերմ։ Գարնանացան է։ Սերմերը ծլում են 2—3 °C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև — 11 °C)։ Չորադիմացկուն և աղադիմացկուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80—110 օր։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չի։ Ցանքից առաջ սերմերը մշակում են նիտրագինով։ Բերքատվությունը՝ 220—230 ց/հա կանաչ զանգված, 15— 20 ց/հա հատիկ, 30—35 ց/հա խոտ։ Կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը օգտագործվում է որպես կեր։ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 19, խոտը՝ 50, սերմը՝ 103, ծղոտը 29 և խոտալյուրը 70 կերային միավոր։ Հատիկներից պատրաստում են լավորակ սոսինձ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 631 CC-BY-SA-icon-80x15.png