ՏՐԱՍԵԿԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՏՐԱՍԵԿԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

TRACECA բազմակողմ համագործակցության ծրագիրը առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ.։ Ծրագրի իրավական կարգավիճակը ամրագրվել է 1998 թ., երբ տարածաշրջանային 12 երկրներ ստորագրել էին «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Հիմնական բազմակողմ համաձայնագիրը։ 2000 թ. ստեղծվել էր ծրագրի Միջկառավարական հանձնաժողովը, իսկ մեկ տարի անց` Հանձնաժողովի գործադիր մարմինը՝ Մշտական քարտուղարությունը (նստավայրը՝ Բաքու)։ TRACECA ՄՀ Մշտական քարտուղարության Գլխավոր քարտուղարն է Մոլդովայի ներկայացուցիչ Էդուարդ Բիրյուկովը (2010 թ. հոկտեմբերից)։

Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է TRACECA տեխնիկական աջակցության ծրագրում, որը Եվրամիության կողմից առաջարկվել էր Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների, առեւտրի եւ տրանսպորտային կապի զարգացման նպատակով։

Կազմակերպության շրջանակում կնքված պայմանագրեր,համաձայնագրեր,կոնվենցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ., Աստանա՝ նախարարական հանդիպման արդյունքում փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել TRACECA-ի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջեւ, հավանություն էր տրվել TRACECA շրջանակում ստեղծել գործարարական խորհրդատվական խորհուրդ։

Եվրամիությունը գործնական քայլեր է ձեռնարկում անդամ-երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի դյուրացման ուղղությամբ։ 2008 թ. հունվարին ԵՄ Նախարարների խորհուրդը օրենքի նախագիծ էր ընդունել ԵՄ շրջանակում իրականացվող ապրանքափոխանակման գործընթացներում բյուրոկրատիկ քաշքշուկները բացառելու նպատակով։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ապրանքափոխանակողները կհատեն ԵՄ անդամ-երկրների սահմանները առանց ուղոկցող փաստաթղթերի՝ առեւտրային համաձայնագրերի, սակագների, բեռնատար մեքենայի առժեքի եւ իրավիճակի մասին տեղեկության եւ այլն։

2008 թ. դեկտեմբեր, Բաքու՝ TRACECA Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ծրագրի անդամակից երկրների տրանսպորտի նախարարների հոբելյանական կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր TRACECA ՄՀ եւ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխըմբռնման հուշագիրը։

2009 թ. փետրվար, Բուխարեստ՝ ստորագրվել է TRACECA անդամակցող երկրներ Բուլղարիայի եւ Ռումինիայի ԵՄ անդամակցության հետ կապված TRACECA Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Հիմնական բազմակողմ համաձայնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը։

2009 թ. հունիս, Բիշքեկ՝ ստորագրվել է «TRACECA մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը, որը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային բեռնափոխադրումների դյուրացման եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման համար։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից Համաձայնագրում ընդգրկված կետերի չկիրառման մասին Ադրբեջանի պատվիրակության նախաձեռնությամբ ներկայացված ավանդական բնույթ կրող վերապահման դիմաց Հայաստանի պատվիրակությունը հանդես էր եկել համապատասխան առարկմամբ։

TRACECA ՄՀ իր հավանությունն էր տվել բեռնափոխադրումների գործունեության մասին օրենքի մոդելի նախագծին՝ առաջարկելով անդամ-երկրներին իրականացնել ներքին իրավական ընթացակարգերը այն ընդունելու կամ ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։

TRACECA ՄՀ Գլխավոր քարտուղարը ստորագրել էր TRACECA ՄՀ եւ ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաօվկիանոսյան տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP), ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) միջեւ փոխըմբռնման հուշագրերը։

Իրականացվող ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2002 թթ. TRACECA շրջանակում իրականացվել էր Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ ավտոճանապարհային կապի վերակառուցման ուսումնասիրությունների ծրագիրը։ 2002-2004 թթ. Հայաստանում TRACECA կովկասյան ավտոմայրուղիների վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվել էին համապատասխան նախագծեր։ 2004 թ. ուսումնասիրություններ էին իրականացվել գյուղական ճանապարհների վերանորոգման ուղղությամբ։ TRACECA ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են տրանսպորտի բնագավառին առնչվող ուսուցողական դասընթացներ։ 2005 թ. TRACECA շրջանակում իրականացվել էին Երեւան-Թբիլիսի երկաթգծի եւ համապատասխան ենթակառուցվածքների վերանորոգման ուսումնասիրությունները։ 2006 թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել միջազգային ավտոճանապարհային տրանսպորտի զարգացման վերաբերյալ։ 2008 թ. փետրվարին Ռուսական երկաթուղիների, Հարավկովկասիան երկաթուղիների եւ Հայաստանի կառավարության միջեւ 30 տարվա ժամկետով համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանի երկաթուղիների վերականգնման եւ բարելավման վերաբերյալ։ Ռուսական երկաթուղիները 400 միլիոն դոլար ընդհանուր գումարի ներդրումներ կիրականացնեն հայկական երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման համար։ 170 միլիոն դոլար կներդրվի երկաթուղային տեխնիկայի վերանորոգման նպատակով։ 2008 թ. փետրվարին TRACECA անդամ-երկիր Ղազախստանը հայտարարել էր երկրի ամենա խոշոր տրանսպորտային նախագծի իրականացման սկզբի մասին։ «Արեւմտյան Եվրոպա-Արեւմտյան Չինաստան» տրանսպորտային միջանցքի ղազախստանյան հատվածը կազմում է 2, 309 կմ, իսկ նախագծի ընդհանուր առժեքը՝ 2.37 միլիարդ դոլար։ Կանխատեսումների համաձայն, այս նախագծի իրականացումը կառաջացնի լրացուցիչ տրանսպորտային հոսքեր Կենտրոնական Ասիայի երկրներից՝ ավելացնելով երկրի տարածքով իրականացվող ցամաքային տրանսպորտային տեղափոխումները եւ այն 900,000-ից հասցնելով 3.5 միլիոն տոնայի։ 2008 թ. դեկտեմբերին Թբիլիսիում տեղի էր ունեցել «Թբիլիսի-Երեւան երկաթուղային գծի վերականգնում» նախագծի Համակարգող կոմիտեի նիստը, որտեղ քննարկվել էին նախագծի իրականացման հետ կապված խնդիրները։ Հանդիպման մանսակցները ներկայացրել էին իրենց դիտողություններն ու առաջարկությունները, մասնավորապես նախագծի ժամանակացույցի վերաբերյալ։ Հանդիպման արդյունքում հաստատվել էր նախագծի սկզբնական հաշվետվությունը, համաձայնություն էր ձեռք բերվել նախագծի ժամկետը մինչեւ 2009 թ. սեպտեմբեր երկարաձգելու վերաբերյալ։ Կոմիտեի հաջորդ նիստը տեղի էր ունեցել 2009 թ. մարտին Երեւանում։ TRACECA ՄՀ ենթակառուցվածքների հարցերի աշխատանքային խմբի նիստը կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի կողմից եւ տեղի էր ունեցել Բուխարեստում 2009 թ. փետրվարին։ Հայաստանը ներկայացրել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի զարգացման մանրամասները՝ նշելով, որ Երեւան-Սեւան-Դիլիջան (118 կմ) հատվածի վերանորոգումը գնահատվում է 131 միլիոն ամ. դոլար, Երեւան-Գյումրի (125 կմ) հատվածի՝ 150 միլիոն ամ. դոլար եւ Երեւան-Երասխավան (70 կմ) հատվածի՝ 56 միլիոն ամ. դոլար։ Նախագիծը մեծապես կարեւորվում է դեպի Սեւ ծովի նավահանգիստներ այլընտրանքային ավտոմոբիլային ճանապարհ ստեղծելու համար, իսկ հետագայում, որպես ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագիծ, այն կարող է հանդես գալ որպես Պարսից Ծոցը Սեւ ծովի եւ այնուհետեւ՝ Եվրոպայի հետ կապակցող այլընտրանքային ուղի։ Նշվել էր նաեւ, որ Հայաստանը քննարկում է Հայաստան-Իրան կառուցվելիք երկաթգծի նախագիծը TRACECA-ի օրակարգում որպես առաջնային նախագիծ ընդգրկելու հնարավորությունը։ Բացի այն, որ նշված երկաթգիծը կստեղծի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Իրանի եւ Հայաստանի միջեւ, այն նաեւ զգալի նշանակություն կունենա Հայաստան հանքարդյունաբերության ոլորտի համար։ 469.6 կմ երկարություն ունեցող նախագծվող երկաթուղին, որի կառուցման արժեքը կկազմի շուրջ 1.5 – 2 միլիարդ ԱՄՆ դոլար, կստեղծի նաեւ տարանցիկի կայուն խթանման հնարավորություններ։ Հայաստանի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր նաեւ Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթուղու վերականգնման նպատակահարմարությունը եւ դրա տարածաշրջանային դերը, ինչպես նաեւ, որ Դիլիջան-Վանաձոր 47կմ երկաթգծի կառուցման եւ Դիլիջան-Իջեւան-Ղազախ 48.3կմ գոյություն ունեցող երկաթուղու բարեկարգման արդյունքում հնարավոր կլինի գործարկել Կարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Ղազախ-Բաքու երկաթուղին, որը կարող է ստանձնել տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքի կարեւորագույն հանգույցի դերը։ Նշվել էր, որ TRACECA ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են Դիլիջան-Վանաձոր 47կմ երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները։ Ադրբեջանի կողմից ներկայացված չորս առաջնային նախագծերից մեկը նվիրված էր Բաքու-Թբիլիսի-Ղարս նոր երկաթուղու տեղեկատվական բազայի ստեղծման համար ժամանակակից կապի եւ տեղեկատվական համակարգի կառուցմանը։ Առայսօր, TRACECA շրջանակում իրականացվել է մոտ 200 միլիոն դոլարի ընդհանուր արժողության 60-ից ավելի տեխնիկական աջակցության նախագծեր եւ մոտ 20 ներդրումային ծրագրեր։ Ֆինանսավորումը ամբողջությամբ իրականացվել է Եվրամիության բյուջեից։ Մի շարք միջազգային ֆինանսական հաստատություններ, այդ թվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Համաշխարհային բանկը պատրաստակամություն էին հայտնել ֆինանսավորելու TRACECA շրջանակում իրականացվելիք մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում Հայաստանում։

2010 թ. փետրվարի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Հարավային Կովկասում եւ Թուրքիայում ՏՌԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովի նախագծերի առաջնայնության գնահատման հարցերին նվիրված 2-րդ տարածաշրջանային հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԳՆ եւ տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչները։

Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել էր երեք առաջնային ենթակառուցվածքային նախագիծ՝ «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, Հայաստանի երկաթուղու վերանորոգման ծրագիրն ու Ախուրյան երկաթգծային կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիրը։ 2010 թ. ապրիլի 14-16-ը Կիեւում կայացավ «Կովկասի եւ ԱՊՀ արեւմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքային հանդիպումը՝ նվիրված նախագծի իրականացման հարցին։ Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է նախագծի իրականացման ընթացքը Հայաստանում եւ կատարված քայլերը՝ ապագա միջազգային լոգիստիկ կենտրոնի տարածքի վերջնական ընտրության հարցում։ ՀՀ կողմից որպես նախնական տարբերակ առաջարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնահամալիրի տարածքը։ 2010 թ. հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացավ «ՏՐԱՍԵԿԱ Ինվեստ ֆորում» ներդրումային ծրագրերի առաջին բարձրաստիճան համաժողովը։ Դրան հաջորդեց հոկտեմբերի 13-ին ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի տարեկան հերթական կոնֆերանսը, որին մասնակցում էին ՏՐԱՍԵԿԱ ազգային հանձնաժողովների նախագահները (ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հ.Բեգլարյանը, իսկ պատվիրակության մեջ ընդգրկված էին ծրագրի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, ՀՀ ԱԳՆ եւ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը)։ Հայկական պատվիրակությունը ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» եւ ՀՀ երկաթուղային ցանցի վերականգնման ծրագրերը։ Եվրոպական ներդրումային բանկը հաստատեց իր մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ֆինանսավորմանը։ Հարկ է նշել, որ իր հերթին Ասիական զարգացման բանկը այս ծրագրի համար հատկացնելու է 500 միլիոն դոլարի վարկ։

2010 թ. դեկտեմբերին կայացավ ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Է. Բիրյուկովի այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մ.Վարդանյանի եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ս.Մանասարյանի հետ։ Քննարկվեցին ՏՐԱՍԵԿԱ ծրագրիշրջանակներում իրականացվող «Կովկասի եւ ԱՊՀ արեւմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին Հայաստանի մասնակցության հարցեր։ Մասնավորապես, նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի եւ ավտոճանապարհի մոտեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաեւ վերջիններիս՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Երեւան շրջանցի հետ միացման հնարավորությունները։

Հայաստանը ներկայացրել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի զարգացման մանրամասները՝ նշելով, որ Երեւան-Սեւան-Դիլիջան (118 կմ) հատվածի վերանորոգումը գնահատվում է 131 միլիոն ամ. դոլար, Երեւան-Գյումրի (125 կմ) հատվածի՝ 150 միլիոն ամ. դոլար եւ Երեւան-Երասխավան (70 կմ) հատվածի՝ 56 միլիոն ամ. դոլար։ Նախագիծը մեծապես կարեւորվում է դեպի Սեւ ծովի նավահանգիստներ այլընտրանքային ավտոմոբիլային ճանապարհ ստեղծելու համար, իսկ հետագայում, որպես ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագիծ, այն կարող է հանդես գալ որպես Պարսից Ծոցը Սեւ ծովիեւ այնուհետեւ՝ Եվրոպայի հետ կապակցող այլընտրանքային ուղի։ Այս նախագիծը ենթադրում է, որ Դիլիջան-Իջեւան-Ղազախ 48.3 կմ գոյություն ունեցող երկաթուղու բարեկարգման արդյունքում հնարավոր կլինի գործարկել Կարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Ղազախ-Բաքու երկաթուղին, որը կարող է ստանձնել տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքի կարեւորագույն հանգույցի դերը։ Բացի այդ, արդեն ներկայումս ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են Դիլիջան-Վանաձոր 47 կմ երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները։