Վլադիմիր Յարցև
Վլադիմիր Յարցև | |
---|---|
ռուս.՝ Владимир Ярцев | |
հոկտեմբերի 15, 1924 - նոյեմբերի 8, 1956 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1941-1956 |
Կոչում | գվարդիայի ավագ լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ և Հունգարական հեղափոխություն |
Պարգևներ |
Վլադիմիր Եգորովիչ Յարցև (ռուս.՝ Владимир Егорович Ярцев, հոկտեմբերի 15, 1924, Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1956, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), 1956 թվականի Հունգարական հեղափոխության մասնակից, Հարավային զորամիավորման 880-րդ գվարդիական ավիացիոն ռմբակոծիչ գնդի ավիացիոն էսկադրիլիայի կապի պետ, Սովետական Միության հերոս[1], գվարդիայի ավագ լեյտենանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Յարցևը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 15-ին Ուկրաինական ԽՍՀ Դոնեցկի նահանգի հանքարանի № 3 գյուղում (ներկայում՝ Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ռովենկի քաղաքային խորհրդի Դերժինսկի գյուղ), ռուս բանվորի ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1942 թվականին Ստալինգրադ քաղաքում (ներկայում՝ Վոլգոգրադ) ավարտել է կապի շրջանային դպրոցը[1]։
Կարմիր բանակում ծառայությունն սկսել է 1941 թվականին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին․ 1941 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ծառայել է Հարավարևմտյան ճակատի 6-րդ հրաձգային կորպուսի կազմում, 1943 թվականի մարտից մինչև նոյեմբեր՝ Բելառուսական ճակատի 16-րդ օդային ուժերի 67-րդ գրոհիչ ավիացիոն գնդում։ 1945 թվականի հունվարից մինչև մայիս ավագ լեյտենանտ Յարցևը եղել է 16-րդ օդային ուժերի 327-րդ ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայի 970-րդ ռմբակոծիչ ավիացիոն գնդի ավագ օդային հրաձիգ-ռադիստը։ Պատերազմի ընթացքում չորս անգամ վիրավորվել է, պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
1946 թվականից անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։
1950-ական թվականներին ծառայել է Խորհրդային բանակի հարավային խմբավորման ռազմաօդային ուժերում (Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն)։
1956 թվականի աշնանը 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիացիոն գնդի ավիացիոն էսկադրիլիայի կապի պետ, գվարդիայի ավագ լեյտենանտ Վլադիմիր Յարցևը խորհրդային զորքերի կազմում մասնակցել է Հունգարիայում ծավալված դեպքերին, որոնք խորհրդային իշխանությունները պաշտոնապես որակում էին «հակահեղափոխական խռովության ճնշում»[1]։
1956 թվականի նոյեմբերի 8-ին Վլադիմիր Յարցևը Իլ-28 ռմբակոծիչի անձնակազմում (հրամանատար՝ գվարդիայի կապիտան Ալեքսանդր Բոբրովսկի, ղեկապետ՝ գվարդիայի կապիտան Դմիտրի Կարմիշին) կատարել է ռազմական հրամանը՝ լուսանկարել ռազմական գործարանները։ Հաջողությամբ կատարելով առաջադրանքը և անհրաժեշտ նյութերը փոխանցելով շտաբին՝ խորհրդային ինքնաթիռը օդանավակայան վերադառնալիս Չեպել կղզու մոտ ենթարկվել է զենիթային գնդակոծման և ընկել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Սովետական գվարդիական սպաների մարմինները տեղափոխվել են Խորհրդային Միություն և թաղվել Ուկրաինայի Լվով քաղաքի Լիչակովի գերեզմանատանը։ Գերեզմանի վրա տեղադրվել է հուշաքար[2]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար գվարդիայի ավագ լեյտենանտ Վլադիմիր Յարցևին հետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինի շքանշան, Կարմիր աստղի երկու շքանշաններ, մեդալներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Վլադիմիր Յարցևը «Երկրի հերոսները» կայքում». Վերցված է 28 հոկտեմբերի, 2016-ին.
- ↑ Շիրմաքարի լուսանկարը
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1956 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ