Վերին Ախուրյանի արտեզյան ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերին Ախուրյանի արտեզյան ավազան, ընդգրկում Է Ախուրյանի վերին ավազանի միջլեռնային գոգավորությունը՝ եզրավորված Եղնախաղի, Ջավախքի, Բազումի լեռնաշղթաներով։ Ռելիեֆի երկրաբանական և ջրաերկրաբանական առանձնահատկություններով առանձնացվում են Վարդաղբյուրի, Աշոցք-Կրասարի ու Արփի լճի գոգավորությունները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջլեռնային գոգավորության երկրաբանական կառուցվածքը երկհարկ Է։ Ստորերկրյա ջրերի հիմնական պաշարները կուտակվում են վերին հարկում, որը կազմված է պլիոցեն-անթրոպոգենի բազալտային անդեզիտների լավաներից, բեկորային, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներից։

Կավճի ու պալեոգենի նստվածքային ու հրաբխանստվածքային ապարներից կազմված ստորին հարկը ջրամերժ հիմք է վերին հարկի համար։ Ավազանը սնվում է մթնոլորտային տեղումներից ու ստորերկրյա ջրերից, որոնք կարգավորում են Ախուրյան գետի ձմեռային հոսքը։ Բնութագրվում է խոնավության դրական հաշվեկշռով ու ջրառատությամբ։ Ստորերկրյա ջրերի մի մասը լավաների տակ ծածկված հնահուներով հզոր աղբյուրների (Մեղրաշեն, Ձույգաղբյուր, Աշոցք) ձևով դուրս է գալիս գոգավորությունների եզրերում։ Միջլեռնային գոգավորության ստորին հարկի ապարների տեկտոնական ճեղքերից երկրի խորքից թափանցող ածխաթթու գազի մասնակցությամբ առաջանում են նաև հանքային ջրեր, որոնց բնական ելքերը ավազանի տարածքում են։ Ավազանում կա նաև 4-6-ից մինչև 25-35 մ հաստության ստորերկրյա ջրերի հորիզոն, որը որոշ տեղամասերում կապված է արտեզյան ջրերի վերին հորիզոնի հետ և ունի ճնշումային բեռնաթափում։ Արտեզյան ջրերը կուտակված են 2 հորիզոններում, որոնք իրարից սահմանազատվում են լավաների հոծ շերտով։ Ավազանի արտեզյան ջրերի վերին հորիզոնը գտնվում է 50-110 մ, ստորինը՝ 180-220 մ³-ներում։ Հորիզոնների ջրի ճնշումային մակարդակը բացասական է, երբ հորիզոնի մակարդակը հորատանցքի առաստաղից ցածր է 1-10 մ, դրական՝ երբ շատրվանում է 0, 1 -7, 4 մ բարձրություն։ Շատրվանող ջրի միջին ծախսը 10-20 լ/վ է, առանձին տեղամասերում՝ մինչև 40 լ/վ։ Ճնշումային ջրերը քաղցրահամ են, խմելու համար՝ պիտանի, հանքայնացումը՝ 0, 2-0, 4 գ/լ, ջերմաստիճանը՝ 6-8 °C, փափուկ, բարձրորակ։ Ավազանի ջրերի հեռանկարային շահագործման պաշարները (աղբյուրների հետ) կազմում են ավելի քան 288 հզ․ մ³/օր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։