Վերա Վիլկովիսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Վիլկովիսկայա
Ծնվել է1890
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 3, 1944(1944-04-03)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
 Vera Vilkoviskaya Վիքիպահեստում

Վերա Էմանուելովնա Վիլկովիսկայա (ռուս.՝ Вера Эммануиловна Вильковиская, 1890, Կազան, Ռուսական կայսրություն - ապրիլի 3, 1944(1944-04-03)[1][2]), ռուս նկարիչ, գծանկարիչ, փայտափորագրիչ։ Ավարտել է Կազանի գեղարվեստի դպրոցը, 20-ականներին եղել է Կազանի նկարիչների «Ձիավորը» միավորման անդամ։ Նրա գործերը պահվում են Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում, Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կազանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Էմանուելովնա Վիլկովիսկայան ծնվել է Կազանում 1890 թվականին։ Նրա մայրը սերել էր ազնվական ընտանիքից, իսկ Վերայի հայրը (քոլեջի, իսկ հետագայում նաև պետական խորհրդական) մաթեմատիկայի ուսուցիչ էր։ Նրանից բացի, ընտանիքն ուներ ևս հինգ երեխա՝ երեք եղբայր և երկու քույր։ Նա նկարչությամբ հետաքրքրվում էր դեռևս գիմնազիայում սովորելու տարիներից, իսկ ավարտական դասարանում սկսեց հաճախել Գեղարվեստի դպրոցի կիրակնօրյա դասընթացներին։ Գիմնազիան ավարտելուց հետո նա ընդունվեց նույն դպրոցի երրորդ կուրս։ Այդ ժամանակ ուսումնական հաստատությունը ծաղկում էր ապրում և 1908 թվականի բարեփոխումից հետո տեղի ունեցավ ամբողջ մանկավարժական կոլեկտիվի փոփոխություն։ Փոխարինման եկան երիտասարդ մանկավարժներ, իսկ ուսանողներին դասավանդում էին նկարիչներ Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինը, Պավել Պետրովիչ Բենկովը և Պյոտր Սերգեևիչ Եվստաֆիևը։ Վ. Վիլկովիսկայան նշել է, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել հենց ինքը Պ. Եվստաֆիևը, նրան անվանել է «հիանալի ուսուցիչ, որը գիտեր, թե ինչպես պետք է գրավել իր աշակերտներին, օգնում մոդելի ընտրության հարցում և պարզաբանում առաջադրվող խնդիրների լուծման ուղիները, առաջին պլան մղելով լույսը և գույնը»։ Գեղանկարչությանը զուգահեռ, Պրոկոֆիա Վասիլևիչ Ձյուբանովի ղեկավարությամբ նա զբաղվում էր քանդակագործությամբ։ Դպրոցում ուսման վերջին տարիներին նա հետաքրքրվում էր անատոմիայով և գծագրությամբ, վերջինի հանդեպ ցուցաբերելով առանձնահատուկ ուշադրություն։

Կազանի գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո, 1912 թվականին Վերա Վիլկովիսկայան մեկնեց Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գեղարվեստական կրթությունը շարունակելու նպատակով։ Նրան հաջողվեց ընդունվել Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, բայց վեց ամիս սովորելուց հետո, Վիլկովիսկայան վերադարձավ Կազան։ Իր ինքնակենսագրության մեջ նա գրել է, որ «չի կարողացել հանձնել մրցութային քննությունը», հարազատները չեն բացառում խորապես անձնական դրդապատճառներ։ Կազանում աշխատանքի է անցնում որպես տարրական և միջին դասարանների նկարչության ուսուցիչ։ Այդ ընթացքում նա աշխատել է Նադեժդա Միխայլովնա Սապոժնիկովայի արվեստանոցում, այդ ընթացքում Վերա Վիլկովիսկայան նկարել է հիմնականում դիմանկարներ և մերկ բնօրինակներ, մասնակցել է պարբերական ցուցահանդեսների։

1918 թվականին ուսուցչությունը սկսեց խանգարել Վիլկովիսկային, քանի որ դասերի ծանրաբեռնվածության պատճառով ստեղծագործության համար շատ քիչ ժամանակ էր մնում։ Վերան, որպես ուսանող ընդունվում է Ազատ արվեստի պետական արվեստանոց և տարվում է գեղանկարչության իմպրեսիոնիստական ոճով։

Իր ինքնակենսագրականում Վերա Էմանուիլովնան գրել է.

Ես համարում եմ, որ 20-րդ տարին հոգևոր ուժերի մեծ վերելքի տարի, բայց ես շատ ցրված եմ, սկսում եմ զբաղվել գծանկարչությամբ և քանդակագործությամբ։ Սկզբում լոզունգներ էի գրում, ուրվագծեր նկարում բեմական ձևավորումների համար, գավառական թանգարաններին գծանկարներ էի վաճառում և ուսանողական կրթաթոշակ ստանում, որոնք էլ իմ համար ապրուստի միջոց էին դառնում։ Այնուհետև, սովի տարիներին ես զբաղվում էի կիրառական արվեստով` փայտի փորագրությամբ, մետաքսի վրա գունավոր ասեղնագործությամբ և ուլունքներով ... Գրաֆիկական արտադրամասի բացմամբ ես զբաղվում եմ գծանկարներով և փայտի վրա փորագրությամբ ...[3]:

1920 թվականի աշնանը Վիլկովիսկայան հիվանդացավ տիֆով, և գրեթե 2 տարի գործնականում դուրս մնաց Կազանի գեղարվեստական կյանքից։ 1923 թվականին նա վերադարձավ մանկավարժական աշխատանքի, ինչպես նաև ստեղծագործական վերելք ապրեց, վերադառնալով յուղաներկ գեղանկարչությանը և «խիստ սահմանների» ձևին։ 1925 թվականին անցկացվեց Վիլկովիսկայայի անհատական ցուցահանդեսը, որից առաջ տպագրվեց նրա ինքնակենսագրությունը։ Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր տեխնիկայի և կատարման մեթոդների 139 աշխատանքներ։

Կազանյան ավանգարդի ծաղկման շրջանում, գոյություն ունեին արմատական գեղարվեստի մի քանի խմբավորումներ։ Դրանցից մեկը, որտեղ ընդգրկված էր Վերա Վիլկովիսկայան, կոչվում էր «Ձիավոր», և իրենից ներկայացնում էր այն գծանկարիչների միավորումը, որը փորագրության զարգացումը հայտարարում էր որպես անկախ արվեստ։ Անունը պատահականորեն չի ընտրվել, մյունխենյան «Կապույտ ձիավոր»-ի գերմանացի էքսպրեսիոնիստների գործերը զգալի ազդեցություն են ունեցել խմբի ստեղծագործական գաղափարախոսության վրա։ «Ձիավոր» խումբը թողարկում էր փոքր տպաքանակով հրատարակություններ, որոնք ապահովված էին փորագրությունների հեղինակների դրոշմակնիքով, արդյունաբերական գրաֆիկայի փոքր ձևերով (հրատարակչական նամականիշներ, հրավերատոմսեր, ազդագրեր և այլն), պաստառներ, ինչպես նաև կատարել են պետական կազմակերպությունների համար ուսումնական ձեռնարկների արտադրության պատվերներ։ Ալմանախների և հեղինակային թղթապանակների հրատարակումների շրջանառությունը չէր գերազանցում 50 օրինակը, որոնք նախատեսված էին միայն սպառողների նեղ շրջանակի համար։ Փորագրություններով պոեզիայի ժողովածուները տպագրվում էին 300-5000 տպաքանակով, ինչը լայն զանգվածներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր արվեստին։ Կազանյան ավանգարդի ներկայացուցիչները նկատելի էին համաշխարհային և Ռուսաստանի արվեստի պատմության համատեքստում, գծանկարչական խմբի անդամները մասնակցեցին երկրի ողջ տարածքում կազմակերպվող ցուցահանդեսներին` «Փորագրությունը ԽՍՀՄ-ում 10 տարում» (Մոսկվա, 1927), «Ռուսական փայտափորագրությունը 10 տարում» (Լենինգրադ, 1927)։ «Գեղարվեստի գրքույկ (1917-1927)» (Լենինգրադ, 1928), «Գունավոր փայտափորագրություն, դրա ձևերն ու հնարավորությունները» (Մոսկվա, 1929) և այլն։ «Ռուսական փայտափորագրությունը 10 տարում» ցուցահանդեսում նկարիչը ներկայացրել է 18 աշխատանք և դրանք բոլորը ձեռք բերվեցին Ռուսական թանգարանի կողմից[4]։

Կազանից առաջատար նկարիչների` այդ թվում Ֆեշինի և Չեբոտարյովի հեռանալուց հետո, 1927 թվականին Վերա Վիլկովիսկայան տեղափոխվեց Մոսկվա։

Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու եղբայրը` Ստեփան Էմանուելովիչ Վիլկովիսկին բնակվում էր Մոսկվայում, նրանք մշտական կապի էին իրար հետ։ Ստեփանը ռուսերեն էր դասավանդում Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի անվան ռազմական դպրոցում և Ստալինի անվան Արևելքի աշխատավորների Կոմունիստական համալսարանում։ Վիլկովիսկայան աշխատում էր Մոսկվայում մոտ 10 տարի ՝ բնակվելով ուսուցիչների համար նախատեսված հանրակացարանում, իսկ նկարելու համար գնում էր Ուսուցիչների տանը կից ստուդիա՝ Նադեժդա Սապոժնիկովայի հետ միասին, որը 1932 թվականից Կազանից տեղափոխվել էր Մոսկվա։ Վիլկովիսկայան սերտ կապեր է պահպանում կազանյան ընկերների` Կոնստանտին Չեբոտարևի և Ալեքսանդրա Պլատունովայի հետ։ Պատերազմի սկսվելուց 2-3 տարի առաջ Վերա Վիլկովիսկայան բնակարան էր վարձակալել Վարշավյան մայրուղուց ոչ հեռու գտնվող Կանաչ լեռներում և դասավանդում էր այնտեղի № 555 դպրոցում։ Վիլկովիսկայան ներգրավվել էր մայրաքաղաքի ստեղծագործական կյանքին, մտերմություն էր անում Սերգեյ Օբրազցովի հետ, դատելով հուշերից, տիկնիկներ էր պատրաստում նրա թատրոնի համար։

1932 թվականին ձերբակալվում է Վիլկովիսկայայի եղբայրը, ինչը հանգեցնում է նրա սոցիալական և նյութական իրավիճակի վատթարացմանը։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ 1937 թվականին նրա աշխատանքներից մեկը ցուցադրվել է Մոսկվայի Ուսուցչի տանը կազմակերպված ցուցահանդեսում։

Վերադարձ Կազան։ Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա տեղափոխվեց Կազան՝ դժվարությամբ աշխատանք գտավ բժշկական ինստիտուտում։ Նրա գեղարվեստական օբյեկտներ դարձան պատրաստուկները, աղյուսակները, գծանկարները։ Երբեմն նկարներ էր պատրաստում մանկապարտեզների համար, որի համար համեստ ճաշ էր ստանում, նա իր դիստրոֆիկ մթերաբաժինը տալիս էր անաշխատունակ հաշմանդամ մորը։ Սովից նրա մոտ տարաճում սկսվեց, իսկ 1944 թվականին նա մահացավ։ Հետագայում Կոնստանտին Չեբոտարյովը հայտնեց իր վրդովմունքը հայտնեց այն փաստի համար, որ այնպիսի տաղանդավոր նկարիչ, ինչպիսին է Վերա Վիլկովիսկայան է, մահացավ լիակատար անհայտության պայմաններում։ Վերա Էմանուիլովնային վերջին հրաժետը տալու էին եկել ոչ մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ Պյոտր Դուլսկին, ով գրել էր նրա ինքնակենսագրական գրքի նախաբանը առաջին և միակ անհատական ցուցահանդեսի համար։

Վերա Վիլկովիսկայան թաղված է Արսկի գերեզմանատանը հոր կողքին, ներկայումս նրա գերեզմանը գտնվում է Նիկոլայ Ֆեշինի գերեզմանի հետնամասում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://realnoevremya.ru/articles/103030-esse-o-hudozhnice-vere-vilkoviskoy-zabytoy-uchenicy-feshina
  2. Айвар Муратов (23.06.2018). «Путем Веры: о жизни и смерти одной забытой ученицы Николая Фешина». Реальное время. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  3. «ПРАВДА В ДЕТАЛЯХ». ДИ №5 2017. Диалог искусств. 11 ноября 2017. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  4. Галеев, 2005, էջ 18

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • АРХУМАС. Казанский авангард 20-х гг. / Сост. И. И. Галеев. — М.: Скорпион, 2005. — 170 с. — 999 экз. — ISBN 5-86408-120-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]