Վեներա նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա նախագիծ
Изображение логотипа
ՏեսակSustainability organization?
Կարգախոս«Աշխարհն առանց քաղաքականության, աղքատության և պատերազմի» (անգլ.՝ Beyond Politics, Poverty and War)
Հիմնադրված1985
Իրավ. կարգավիճակՀասարակական կազմակերպություն
Գլխադասային գրասենյակVenus, Հայլենդս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ, Վենուս քաղաք
ՏարածաշրջանՖլորիդա նահանգ
ՂեկավարRoxanne Meadows?
Կարևոր անձինքԺակ Ֆրեսկո, Ռոքսանա Մեդոուզ
Հիմնական մարմինԺակ Ֆրեսկո, Ռոքսանա Մեդոուզ
ՀիմնադիրԺակ Ֆրեսկո[1] և Roxanne Meadows?
Կայքthevenusproject.com

«Վեներա նախագիծ» (անգլ.՝ The Venus Project), շահույթ չհետապնդող միջազգային հասարակական կազմակերպություն՝ հիմնադրված Ժակ Ֆրեսկոյի կողմից Ռոքսաննա Մեդոուզի հետ համատեղ, որը զբաղվում է ռեսուրսակենտրոն տնտեսության, համընդհանուր ավտոմատացման, մարդկային կյանքի բոլոր ոլորտներում գիտության վերջին ձեռքբերումների և որոշումների կայացման գիտական մեթոդոլոգիայի ներդրման միջոցով զարգացող համաշխարհային քաղաքակրթության խաղաղ, կայուն, հաստատուն զարգացումն ապահովող նախագծի իրականացմամբ։

Նախագծի հետազոտական կենտրոնը գտնվում է Վենուս քաղաքում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) 21,5 ակր (≈ 0,087 կմ²) տարածության վրա[2]։ Նախագիծն անվանումն ստացել է քաղաքի անգլալեզու անվանումից (անգլ.՝ Venus), որը թարգմանաբար նշանակում է «Վեներա»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Ֆրեսկոն «Վեներա նախագիծը» մշակել է իր ողջ կյանքի ընթացքում՝ ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամից ի վեր։ Ըստ Ֆրեսկոյի, 1975 թվականին նա հիմնել է «Սոցիոկիբերնետիկա» (անգլ.՝ Sociocyberneering, Inc.) նախագիծը, որը 1994 թվականին վերակազմավորվել է որպես «Վեներա նախագիծ»[3]։

Ներկայումս նախագծի գաղափարները ներկայացված են մի քանի գրքերի («Ապագայի նախագծում», «Այն ամեն լավագույնը, որը չես գնի փողով» և այլն), փաստագրական ֆիլմերի («Բարի գալուստ ապագա», «Միավորված քաղաքներ»՝ BBC արտադրության, «Դրախտ կամ մոռացություն», «Ընտրությունը մերն է») և բազմաթիվ հարցազրույցների (որոնցից առավել հայտնի է Լարրի Քինգի հետ հարցազրույցը 1970-ականներին) մեջ։ Որոշ գաղափարներ վիզուալ ներկայացվել են «Քաղաքներ ծովում» (անգլ.՝ Cities in the Sea) և «Ինքնաբուխ կառուցվածքներ» (անգլ.՝ Self-Erecting Structures) կինոֆիլմերում։

Ամբողջ աշխարհում ստեղծվել են մասնաճյուղեր, որոնք վերահսկվում, աջակցվում և զարգանում են «Վեներա նախագծի» ակտիվիստների կողմից։ ԱՊՀ-ի երկրների տարածքում տեղական հասարակական կազմակերպությունները կրում են «Ապագայի նախագծում» անվանումը[4]։ Դրանից բացի, նախագծին աջակցում է միջազգային լեզվաբանական թիմ՝ բարեկամեցողությամբ զբաղվելով հնարավոր մաքսիմալ թվով լեզուներով նյութերի թարգմանությամբ և սրբագրությամբ։

Կազմակերպության պաշտոնական կայքի այցելուները կարող են բազմաթիվ նյութեր՝ էլեկտրոնային գրքեր, բրյոշուրներ, ֆիլմեր, հարցազրույցների տեսագրություններ, պաստառներ, թռուցիկներ և այլն, ներբեռնել անվճար. դրանք տարածվում են CC BY-NC-N արտոնագրերի հիման վրա, ինչը թույլ է տալիս տվյալ ֆայլերի ազատ տարածումը, հնարավոր է դարձնում ծանոթանալու առաջադրվող գրականությանը, որոնք կոչված են օգնելու հասկանալ «Վեներա նախագծի» առաջադրած որոշ տեսանկյուններ (օրինակ՝ ընդհանուր իմաստաբանությանը վերաբերող), տեսնելու հաճախ տրվող հարցերի պատասխանները, այդ թվում՝ որևէ թեմայի վերաբերյալ նախագծի և այլ հեղինակաների (հասարակական միությունների) կայացրած որոշումների համեմատությունները[5]։

«Վեներա նախագծի» շրջանակներում արդեն մշակված կոնկրետ տեխնոլոգիաների ուրվագծերը հրապարակելու առաջարկությունը Ժակ Ֆրեսկոն մերժում է՝ փաստարկելով դրա առևտրայնացման հնարավորությունը, քանի որ, ըստ նրա, առաջարկվող քաղաքներում ապրելու հարմարավետության ցուցանիշը չափազանց բարձր է և արդի դրամական համակարգում դա կհանգեցնի վարձակալման վճարների բարձր արժեքի[6]։

Մեզ համար դժվար է պատասխանել դիզայներական զարգացումների, արևային վահանակների կամ ապագայի տրանսպորտի վերաբերյալ հարցերին, դրանք ազատ ձեռնարկատիրական համակարգին բնորոշ հարցեր են։ Մենք մանրամասներով չենք կիսվում նրանց հետ, քանի որ մարդիկ կարող ենք չարաշահել դրանք կամ արտոնագիր ձեռք բերել, այդժամ նրանք կսեփականացնեն մեր նախագիծը, և մենք ոչինչ չենք կարող կառուցել։ Այդ պատճառով, մենք ներկայացնում ենք ընդհանուր մոդելը՝ առանց դետալների[7]։
- Ռոքսանա Մեդոուզ

Արդյունքում՝ դեռևս հնարավորություններ չկան առավել մանրամասն ծանոթանալու նախագծին, բացի նկարագրականից և ցուցադրականից։

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Ֆրեսկոն կարծում է, որ «Վեներա նախագիծը» համարվում է սոցիալ-տնտեսական ամբողջական մի համակարգ, որտեղ ավտոմատացումը և տեխնոլոգիան պետք է խելամտորեն ինտեգրված լինեն հասարակական բոլոր ոլորտներում՝ ի նպաստ կյանքի որակի բարձրացման, այլ ոչ թե՝ շահույթ ստանալու համար, ի տարբերություն ժամանակակից համակարգի[8]։ Շահույթը պետք է դադարի որոշումներ կայացնելիս չափանիշ լինելու դերակատարումը կատարելուց։ Միաժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ մարդը համարվում է շրջակա միջավայրի մի մասը, առաջարկվում է մարդկային գոյության նոր արժեհամակարգ (Երկրի հնարավորություններին համապատասխան), որը հոգ կտանի շրջակա միջավայրին և ողջ մարդկությանը, ինչպես նաև համահունչ կլինի մարդկային պահանջմունքերի բնույթին։ Ֆրեսկոն այս գաղափարները լիարժեք իրագործելի և գործնական է համարում[9]։

Խնդիրների ամբողջական մոտենալու գաղափարին հենվելով՝ Ֆրեսկոն կարծում է, որ նպատակների և առաջարկների իրագործումը տեղային, և ոչ թե համաշխարհային մասշտաբներով, մարդկությանը կտանի դեպի ավելի վաղ կատարած սխալների կրկնությանը[10]։

Ակնկալվում է, որ նախագծի իրագործումը հասարակությանը հնարավորությունների լայն ընտրություն կտա, ինչն աշխարհը կկանգնեցնի նոր ժամանակաշրջանի և կայուն զարգացման ճանապարհին։ Ռեսուրսահեն տնտեսության արմատավորումը՝ ի շահ ողջ մարդկության, պետք է արմատախիլ անի հանցագործությունները, աղքատությունը, սովը, լուծի անտուն մարդկանց և բազմաթիվ այլ հրատապ խնդիրներ, որոնք այսօր արդիական են աշխարհում։

Ժամանակակից հասարակարգում մարդկային խնդիրների մեծագույն մասը «Վեներա նախագիծը» դիտարկում է որպես դրամային միջավայրին բնորոշ կյանքի պայմանների հետևանք։ Օրինակ, քանի որ ավտոմատացումը հեշտացնում է ձեռքի աշխատանքը՝ փոխարինելով այն մեքենայի աշխատանքով, ապա դրամային հարաբերություններում դա կհանգեցնի սպառողների գնողականության ընդհանուր անկման, որովհետև կավելանա գործազրկությունը և հանուն շահույթի ռեսուրսների օգտագործման անվերահսկելիությունը։ Ռեսուրսահեն տնտեսության մեջ ամտոմատացումը կվերացնի ընթացիկ աշխատանքային պրոցեսի անհրաժեշտությունը և բազմակի անգամ կմեծացնի արտադրանքի որակական ցուցանիշները, ինչը ավելի շատ ժամանակ կտա մարդկային ստեղծագործական ներուժի ներդրման համար և կբարելավի մոլորակի մարդկանց կյանքի որակը։

Նախագծի նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապագայի նախագծում» շարժման պաշտոնական վեբ-կայքում հրապարակված են «Վեներա նախագծի» հետևյալ նպատակները[11]՝

  1. Երկիր մոլորակի բնական ռեսուրսների՝ որպես մարդկության սեփականություն, համաշխարհային ճանաչում
  2. Մարդկանց բաժանող արհեստական սահմանների վերացում
  3. Առանձին երկրների դրամահեն ազգային տնտեսությունից անցում դեպի համաշխարհային ռեսուրսահեն
  4. Աշխարհի բնակչության թվաքանակի կայունացում կրթական մակարդակի բարձրացման և ծնելիության կամավոր վերահսկողության միջոցով
  5. Շրջակա միջավայրի վերականգնում
  6. Քաղաքների, տրանսպորտային համակարգերի վերակառուցում, գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկություններում էներգախնայողություն, բոլոր մարդկանց կարիքները բավարարող էկոլոգիապես մաքուր համակարգեր
  7. Աստիճանական քայլերով, բայց լիովին հրաժարում կառավարման այնպիսի ձևերից, ինչպիսիք են կորպորացիաները և կառավարությունները (տեղական, ազգային կամ վերազգային)
  8. Տեխնոլոգիաների փոխանակում և կիրառում՝ ի շահ բոլոր ազգերի
  9. Մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրների մշակում և օգտագործում
  10. Միայն ամենաբարձր որակի արտադրանքի արտադրություն ամբողջ աշխարհի մարդկանց համար (օրինակ՝ նախատեսելի մաշվածության հայեցակարգի մերժման միջոցով)
  11. Շինարարական ցանկացած խոշոր նախագծերի նախնական հետազոտում՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների բացահայտման համար
  12. Մարդկանց ստեղծագործական պոտենցիալի և ստեղծագործական հենքի՝ իրենց բոլոր դրսևորումներով, խթանում;
  13. Անցյալի մնացորդներից (նացիոնալիզմ, ֆանատիզմ) և նախապաշարմունքներից ազատում Երկրի բնակչության կրթական մակարդակի բարձրացմամբ
  14. Էլիտարության, այդ թվում՝ տեխնիկական, ցանկացած տեսակի վերացում
  15. Մեթոդաբանությունների մշակում գիտական հետազոտությունների, այլ ոչ թե պատահականությունների միջոցով.
  16. Հաղորդակցման նոր լեզվի ստեղծում շրջապատող մարդկանց հետ մտերմանալու նպատակով (տես՝ Ընդհանուր իմաստաբանություն)
  17. Մարդկանց ապահովում ոչ միայն կենսական անհրաժեշտություններով, այլ նաև առաջադրանքների օգնությամբ անհատականությունների կրթում, մարդկային մտքի խթանում
  18. Մարդկանց հուզական և մտավոր նախապատրաստում սպասվող փոփոխություններին։

Գործողությունների ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրերի իրականացման տեմպը կապված է ֆինանսական ռեսուրսների հետ, հատկապես նախագծի իրագործման վաղ փուլերում, ինչպես նաև՝ նախագծի մասին լավ տեղեկացված մարդկանց քանակից։ Ենթադրվում է, որ համակիրների թվի աճը թույլ կտա անցում կատարել հասարակական նոր մոդելի ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն ճանապարհով[12]։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեներա նախագծի» հետազոտական կենտրոնը

Առաջին փուլը համընկնում է հանրությանը «Վեներա նախագծին» տեղեկացնելու հետ։ Այն արդեն մասամբ իրագործված է։ Նախագծի մասին տեղեկություններ տարածելու նպատակով թողարկվել են տեսաերիզներ, բրյոշուրներ, թռուցիկներ, պաստառներ, «Այն լավագույնը, որը չես գնի փողով» գիրքը (անգլ.՝ The Best That Money Can’t Buy), անվճար հեռահար ուսուցման հնարավորություններ են ստեղծվել։ Թարգմանիչ-կամավորականների միջազգային թիմը 2013 թվականի սկզբին հիմնական կայքը թարգմանեց երեսուն լեզուներով; Որոշ նյութեր, օրինակ «Դրախտ կամ մոռացություն» և «Ընտրությունը մերն է» ֆիլմերը արդեն թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով։ Ժակ Ֆրեսկոյի և Ռոքսաննա Մեդոուզի կողմից նախագծի շնորհանդեսի շրջանակներում ԱՄՆՖլորիդա նահանգի Վենուս քաղաքում տասը հա մակերես զբաղեցնող հետազոտական կենտրոն կառուցվեց։ Յուրաքանչյուր շաբաթ օր կենտրոնում այցելուների համար կազմակերպվում են կանոնավոր տուրեր[13]։ «Վեներա նախագծի» առաջ քաշած էներգետիկական, տրանսպորտային և շինարարական տեխնոլոգիաները իրենց ընթացիկ ձևի մեջ չեն ներկայացվում, ինչը բացատրվում է դրանք իրագործելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությամբ։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու դրանց մոդելների (մակետների) հետ, հարցեր տալու Ժակ Ֆրեսկոյին և Ռոքսանա Մեդոուզին[14]։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 23-ին իրականացվեց նախագծի երկրորդ փուլը՝ ավարտին հասցվեց լիամետրաժ «Ընտրությունը մերն է» ֆիլմը, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է վառ ու հստակ ցույց տար, թե ինչպես պետք է աշխատեն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարությունները և ի ցույց դներ մարդկային հասարակության այն մոդելը, որում մարդը, բնությունը և տեխնոլոգիաները գոյակցում և զարգանում են կայուն, մշտական և դինամիկ հավասարակշռության պայմաններում։ Ֆիլմը, ըստ Ժակ Ֆրեսկոյի, հանդիսատեսի մոտ պետք է արթնացնի լավատեսական ակնկալիքներ ապագայի հասարակության խաղաղ գոյակցության վերաբերյալ. այստեղ ողջ մարդկությունը ներկայանում է որպես Երկիր մոլորակի մեկ ընտանիք[15]։

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարարական հետազոտական քաղաքի ստեղծում, որը նախատեսվում է կառուցել հավաքագրված նվիրատվությունների և նախապես ստեղծված ապրանքների վաճառքից գոյացած միջոցների հաշվին։ Քաղաքում պետք է փորձարկվեն նոր տեխնիկական և հասարակական գաղափարներ. դա հնարավորություն կտա տեսնելու դրանց պրակտիկ մարմնավորումը և դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա։ Ենթադրվում է, որ մի քանի քաղաքներ կդառնան անցումային ժամանակաշրջանի բաղկացուցիչ մասը և էվոլյուցիոն զարգացմամբ կիսակոոպերատիվ դրամահեն հասարակությունից անցում կկատարեն դեպի տնտեսության ռեսուրսահեն մոդելին։

Չորրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ փորձարարական հետազոտական քաղաքը կառուցված կլինի, կպլանավորվի նաև թեմատիկ այգու վրա կատարվելիք աշխատանքը, որը պետք է զվարճացնի և, միաժամանակ, տեղեկացնի այցելուներին մարդկային վարքի տեսակների, ինչպես նաև՝ դրանց հանդեպ շրջակա միջավայրի արձագանքի մասին։ Պայմաններ կստեղծվեն շրջակա միջավայրը չաղտոտող Al-ինտեգրված շրջանառու-քաղաքների, տների, տրանսպորտային համակարգերի կառուցման, ինչպես նաև՝ համակարգչային և այլ տեխնոլոգիաների նոր մակարդակի մշակման համար, որոնք կարճ ժամանակում կնպաստեն մոլորակի ողջ բնակչության կյանքի բարելավմանը[16]։

Կապը «Ժամանակի ոգի»շարժման հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեներա նախագիծը» լայն ճանաչում ձեռք բերեց 2008 թվականին «Ժամանակի ոգի. Հավելված» և «Ժամանակի ոգի. Հաջորդ քայլ» ֆիլմերի միջոցով։ Արդեն 2011 թվականից «Վեներա նախագիծը» հանդես է գալիս «Ժամանակի ոգի» շարժումից անջատ և հայտարարում է նախագծի և շարժման՝ միմյանցից անկախ լինելու մասին.սա այն պատճառով, որ «Ժամանակի ոգի» շարժումը, Պիտեր Ժոզեֆի գլխավորությամբ, ուշադրություն չի դարձնում «Վեներա նախագիծի» կարիքներին և չի արտացոլում վերջինիս զարգացման ուղղությունները[17]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ շատ հարցերի պատասխաններ տրվում են կազմակերպության պաշտոնական վեբ-կայքում (տե՛ս հաճախ տրվող հարցերի բաժինը՝), ինչպես նաև տեսանյութերում, «Վեներա նախագիծը» չունի հետևյալ հարցերի շուրջ աշխատանքեր կամ հետազոտություններ՝

  • Ինչպե՞ս պետք է գործնականում ապահովվի «Վեներա նախագծի» բոլոր առաջարկների իրականացումը՝ հաշվի առնելով առկա իրողությունը և սահմանափակումները։
  • Ի՞նչ նոր խնդիրներ կբերի «Վեներա նախագծի» ներդրումները և ռեսուրսահեն տնտեսության անցումը, ինչպես են դրանք հաշվարկված առաջարկվող հայեցակարգի շրջանակներում։

Առաջարկվող հայեցակարգի հստակության բացակայության պատճառով բավականին դժվար է դրա հերքելիությունը, ինչը այն դուրս է բերում գիտական բանավեճի շրջանակներից։ Չկան տվյալներ հայեցակարգի հիմնավորված լինելու վերաբերյալ սոցիոլոգիական, հոգեբանական և տնտեսական անկախ հետազոտությունների մասին, բայց «Վեներա նախագծի» կողմնակիցները պնդում են, որ այն գիտական հենք ունի[2]։

Նախագծի ուտոպիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ մարքսիստների, «Վեներա նախագիծը» համարվում է «21-րդ դարի ուտոպիական սոցիալիզմ»։ Նրանց կարծիքով, Ֆրեսկոն ընդունում է ժամանակակից տնտեսության ճգնաժամի անխուսափելիությունը, բայց ճգնաճամը հաղթահարելու ուղին Ժակ Ֆրեսկոն տեսնում է դրամային համակարգի ոչնչացման մեջ։ Ըստ էության, արտադրության միջոցների հաշվին առաջարկվում է մասնավոր սեփականության այլընտրանքային տարբերակը։ Ենթադրվում է, որ լուսավորվելու արդյունքում մարդիկ գիտակցաբար կգնան դրան։ Նախագծի՝ ուտոպիական լինելու կողմանակիցների կարծիքով «Վեներա նախագիծը» տնտեսական հիմնավորվածություն չունի, չի առաջարկում «ճգնաժամից դուրս գալու հստակ ճանապարհներ», միայն կարծում է, որ «Վեներա նախագծի» իրագործումից հետո ճգնաժամեր չեն լինի, քանի որ կանհետանան ճգնաժամեր ծնող հանգամանքերը։ Իրականում Ֆրեսկոն ենթադրում է տնտեսության մեջ դրամի գիտակցական ժխտում։ Բայց այդ գիտակցական ժխտումը համարվում է միայն այլընտրանքային գործողություն, այլ ոչ թե՝ օրինաչափ և անխուսափելի։ «Սա հենց այն եզրակացությունն է, որի վրա հիմնված է ողջ տեսական մասը և հենց որի պատճառով էլ հայեցակարգը կփլուզվի՝ ինչպես հյուղակը ջրհեղեղից»[18]։

Նիկոլինա Օլսեն-Ռուլը Ապագայի հետազոտությունների Կոպենհագենյան ինստիտուտի (անգլ.՝ Copenhagen Institute for Futures Studies) համար գրած աշխատության մեջ ընդգծում է հետևյալը՝

Մարդկանց մեծ մասին համար նախագծի սկզբունքները հնչում են որպես անհասանելի ուտոպիա, սակայն եթե դուք իմանաք «Վեներա նախագծի» մասին, դուք զարմանալիորեն մեծ քանակությամբ գիտական հիմք ունեցող արգումենտներ կհայտնաբերեք, որոնք հնարավորությունների մի ողջ աշխարհ կբացահայտեն[19]։

Մորթեն Գրանբորգը, դարձյալ Ապագայի հետազոտությունների Կոպենհագենյան ինստիտուտից, նշում՝

Հնարավոր է, որ «ուտոպիա» բառի արդի մեկնաբանումը որպես մեղադրանք է հնչում է, երբ պոլիմատ և ֆուտուրիստ Ժակ Ֆրեսկոն ասում է, թե… ինքը չի ցանկանում իր ողջ կյանքի աշխատանքը՝ «Վեներա նախագիծը» համարել ուտոպիա։ Ամեն դեպքում, ապագայի հասարակության այդ ֆանտաստիկ գաղափարը պարունակում է ուտոպիան բնորոշող բազմաթիվ բնութագրիչներ։ Ուտոպիա բառը երկակի նշանակություն ունի՝ հունարենից այն թարգմանվում է որպես «լավ տեղ » (անգլ.՝ eutopia), ինչպես նաև՝« գոյություն չունեցող տեղ» (անգլ.՝ outopia): «Լավ տեղը» հենց այն է, որն իրականություն դարձնելու համար իր կյանքն է նվիրել և ինչի համար պայքարում է Ժակ Ֆրեսկոն[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.thevenusproject.com/about/resume
  2. 2,0 2,1 «The Venus Project - The Venus Project». The Venus Project. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. ««Վեներա նախագիծ» ամսագիր, էջ 4». Tio Trom. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Տեղական հասարակական կազմակերպության՝ «Ապագայի նախագծի» պաշտոնական կայքը
  5. «Կազմակերպության կինոֆիլմերի և էլեկտրոնային գրքերի վերբեռնման բաժին». Վեներա նախագիծ. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Ժակ Ֆրեսկոն Վեներա նախագծի տեխնոլոգիաների հրապարակման մասին
  7. Ռուսները Ժակ Ֆրեսկոյի մոտ Արխիվացված 2015-11-22 Wayback Machine 22:42 — 23:01
  8. Ժակ Ֆրեսկոն TEDxOjai-ում
  9. «Երեսունվեց հարցը Չավոյից, պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  10. ժակ Ֆրեսկոյի Հարցազրույցը Լարի Կինգայի շոուի համար (1974 թ.)
  11. «Վեներա նախագծի նպատակներն ու առաջարկությունները՝ «Ապագայի նախագիծ» հասարակական կազմակերպություն» (ռուսերեն). «Ապագայի նախագիծ» հասարակական կազմակերպություն. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  12. «FAQ ըստ Վեներա նախագծի, հարց 8» (ռուսերեն). «Ապագայի նախագիծ» հասարակական կազմակերպություն. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  13. Վեբ-կայք, կոչված Վեներա նախագծի դասախոսություններին հաճախելուն
  14. Ժակ Ֆրեսկոյի հետազոտական կենտրոն
  15. «ABOUT - THE CHOICE IS OURS» (ամերիկյան անգլերեն). THE CHOICE IS OURS. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  16. «FAQ ըստ Վեներա նախագծի, հարց 12» (ռուսերեն). Общественная Организация «Проектирование Будущего». Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  17. «FAQ ըստ Վեներա նախագծի, հարց 107» (ռուսերեն). Общественная Организация «Проектирование Будущего». Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  18. Ալեքսանդր Գավա. Վեներա նախագիծը՝ 21-րդ դարի ուտոպիական սոցիալիզմ Արխիվացված 2020-02-17 Wayback Machine
  19. Olsen-Rule, Nikolina Utopian Spaces (Անգլերեն) // Future Orientation. — № թողարկում 1։ 41.
  20. Grønborg, Morten Editorial: Utopia (Անգլերեն) // Future Orientation. — № 1: 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա նախագիծ» հոդվածին։