Վեկրուտի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Վեկրուտի տուն
Vyborg June2012 House at Ratushnaya Square.jpg
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Ճարտարապետական ոճhistoricism?
Մասն էՀին ռատուշայի հրապարակ
Հիմնադրված է1650
ՃարտարապետCarl Lesszig? և Էդուարդ Դիպպել
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?[1]

Վեկրուտի տուն (ռուս.՝ Дом Векрута), նախկին վաճառականական տուն Վիբորգի Հին ռատուշայի հրապարակում, որը կառուցվել է 17-րդ դարում։ Շենքի ներկայիս հասցեն է Հյուսիսային պատվարի փողոց, շենք 3։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգը ոչնչացրած խոշոր հրդեհից հետո՝ 1639 թվականին, Ստոկհոլմի առաջին քաղաքային ինժեներ Անդերս Տորստենսոնին հանձնարարվեց մշակել քաղաքի նոր հատակագիծ, որի համաձայն 17-րդ դարի կեսերից սկսած փայտե շենքերի քաոսային ծուռ փողոցների տեղում սկսեցին կառուցվել քարե տների ուղղանկյուն թաղամասեր։ Վիբորգի ամենահարուստ առևտրականներից մեկին՝ Անտոն Բորհարդին, Ռատուշայի գլխավոր հրապարակի մոտակայքում հատկացվեց տեսարժան տարածք, որտեղ 1650 թվականին կառուցվեց երկհարկանի տուն՝ կիսանկուղով, հյուսիսային գլխանիստ ճակատին՝ յոթ պատուհաններով։ Գլխանիստ ճակատը պսակված էր բարձր աստիճանավոր բարոկկո ոճի վերնաճակատով, իսկ արևմտյան ճակատի կենտրոնում կար մի փոքրիկ ճակտոնապատ։

Ճակատային մասը Հյուսիսային պատվար փողոցից

Կիսանկուղային հարկը ներառում էր ավելի հին երկհարկանի շենքի մնացորդներ, որը, ըստ հետազոտողների, կառուցվել էր 14-րդ դարի սկզբին, նրա փակված պատուհանները պահպանվել են Բորհարդտի տան ցոկոլային մասում։ Ըստ լեգենդի՝ նկուղում եղել է գաղտնի անցուղի բերդի նեղուցի տակով դեպի Վիբորգի ամրոց, որը չի հայտնաբերվել հետագա հետազոտությունների ընթացքում[2]։

Համարվում է, որ Հյուսիսային Եվրոպայում միջնադարյան սովորական վաճառականական տների հատակագծով «հանզեյան» ոճով կառուցված կիսանկուղային հարկը պահեստ էր, հաջորդը՝ տնտեսական, իսկ վերին հարկում գտնվում էին խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը և բնակելի մասը։ Երկու պատուհաններով ձեղնահարկում գտնվում էր հացահատիկի պահեստը։

Հյուսիսային ճակատի տեսքը Սուրբ Օլաֆի աշտարակից
Կիսաշրջանաձև էրկերով արևմտյան ֆասադը

Ճոխ զարդարված շենքը համարվում էր քաղաքի ամենաշքեղ բնակելի տունը։ Հարդարանքը ընդգրկում էր զինանշաններով զարդարված պատուհանի ապակիները՝ զինանշաններով, ճակատային մասի երկաթյա խարիսխներով, իսկ տանիքը ծածկված էր պղնձե թիթեղներով։ Աղյուսե ճակատին աչքի են ընկնում անկյունային կրաքարային ներդիրները։

Կյանքի վերջում Բորհարդը սնանկացավ և կորցրեց ունեցվածքը։ Բայց նրա տունն այնքան թանկ էր, որ երկար ժամանակ դրա համար գնորդ չկար, և որոշ ժամանակ տարածքն օգտագործվել է որպես պահեստ։ 1724 թվականին մի մեծահարուստ վաճառական` Մաթիաս Պյուլսեն (Pülse, Pselse, գրականության մեջ օգտագործվում են «Պյուլսե, Պիլսե» տարբերակները), որը զբաղվել է ծովային առևտրով, Վիտուս Բերինգի աները, իր ընտանիքի հետ ապրել է այդ տանը, հետազոտողների ենթադրություններով, նրանք կարճատև պաշտոնաթողության ընթացքում բնակվել են այդտեղ[3]։

Հետագայում տունը գնել է քաղաքի ամենահարուստ բնակիչը` Յուհան Վեկրուտը (Weckrooth, գրականության մեջ հանդիպում են «Յոհան Վեկրուտ, Վեկրոոտ» տարբերակները), որը խոշոր ձեռնարկատեր է եղել, ունեցել է տներ, ձյութաթորման գործարաններ, փայտասղոցարաններ և նավատորմ։ Վեկրուտը վերակառուցեց և ընդարձակեց շենքը։ 18-րդ դարի 50-ական թվականներին փոխվեց լուսամուտախորշերի ձևը, ճակատային մասը սվաղվեց, իսկ ճակատի կենտրոնում՝ հրապարակի կողմից, կառուցվեց մի կողաշենք շքամուտքով, արտաքին սանդուղքով և պատշգամբով։ Լինելով ամենահարուստ և ամենագեղեցիկ շենքը Վիբորգում՝ Վեկրուտի տունը ծառայել է նաև ներկայացուցչական միջոցառումների համար, 1770 թվականին այստեղ է իջևանել պրուսական արքայազն Անրին, իսկ 1772 թվականին` կայսրուհի Եկատերինա II-ը։

Յոհան Վեկրուտի ժառանգ Ֆիլիպն արագորեն մխսել է հոր հսկայական հարստությունը, և շենքն անցել է քաղաքապետարանի իրավասությանը։ 1786 թվականից այնտեղ տեղակայվել է Վիբորգի մաքսատունը։ 19-րդ դարում տունը նորից անցել է մասնավորի ձեռքը։ Ճարտարապետ Կարլ Լեսցիգի նախագծով սեփականատերը՝ հյուպատոս Ի. Սպառովը, 1840-1841 թվականներին տունը վերակառուցել է դասական ոճով։ Առջևի վերնաճակատով և ճակտոնապատով բարձր տանիքը փոխարինվել է երկթեք տանիքով և կիսաշրջանաձև պատուհաններով ձեղնահարկով։ Որոշ ժամանակ տանը տեղակայված է եղել «Վիբորգ» հյուրանոցը։ Այնուհետև, նոր սեփականատիրոջ՝ Վիբորգի դատարանի խորհրդատու Նիելս Պերանդերի պատվերով, շենքը վերակառուցվել է 1897 թվականին ճարտարապետ Է. Դիպպելի կողմից՝ հետևելով հյուսիս-գերմանական հանզեյան տների նմանությամբ՝ օգտագործելով նեոռենեսանս և նեոգոթիկա ոճերի տարրեր։ Հրապարակի կողքից մուտքի փոխարեն արևմտյան ճակատի վրա հայտնվեց կիսաշրջանաձև կարկառամաս, իսկ գլխանիստային ճակատին նորից կառուցվեց բարձր վերնաճակատ բարդ ձևի աշտարակով, զարդարված սկահակներով։ Միևնույն ժամանակ շենքի մի մասը դարձան, սանդուղքով միացված Հյուսիսային պատվարի փողոցում գտնվող նախկին պահեստի և կրպակի տարածքները։ Դրանք զարդարված են վրանաձև տանիքով և եզրահանված բազմանկյուն կարկառամասով։

20-րդ դարի սկզբին շենքում տեղակայված է եղել «Մելբլոիմ» (Mellblom) հյուրանոցը, առաջին հարկի անկյունային շինությունում գտնվել է խանութը, իսկ 1925 թվականից ի վեր այն զբաղեցրել է շյուցկորի (շվեդական պահակային կորպուս) մարզային շտաբը։ Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) շենքը համեմատաբար փոքր վնասներ է կրել։ Այն անցել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության իրավասության ներքո, որտեղ տեղակայվել է բժշկական ծառայության ստորաբաժանումը, իսկ վերին հարկերում գտնվող տարածքները օգտագործվել են որպես բնակելի տներ։

Ներքին հարդարանքը չի պահպանվել, բայց 1980 թվականին ճակատային մասի վերականգնման ընթացքում բացվել են խուզարկահորեր, որոնք ցուցադրում էին հին շենքի առանձին հատվածները։

1989 թվականի հրդեհից հետո Վեկրուտի նախկին տունը երկար ժամանակ լքված է եղել, սակայն 2007 թվականին այն նորոգվել է և կառուցվել է նոր բակի մասնաշենքը։ Բնակելի շենքի անկյունային հատվածի առաջին հարկում տեղակայված է սրճարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
  2. Подземный Выборг
  3. «Беринги. Капитан — командорша»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-26-ին։ Վերցված է 2016-10-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. - СПб: «Остров», 2011. - 96 с.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. - Выборг: «Фантакт», 1992. - 200 с.
  • Максимович М.Я. Путеводитель по Выборгу. - СПб.: «Центр сохранения культурного наследия», 2014. - 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. - 2-е изд. - Выборг: «СН», 2008. - 160 с. - ISBN 5-900096-06-8.
  • Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. - СПб.: «Европейский дом», 2004. - 732 с. - ISBN 5-8015-0167-3.