Նեոռենեսանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեոռենեսանս (անգլ.՝ Neo-Renaissance), 19-րդ դարում տարածում գտած նոր ոճի պայմանական անվանում: Ոճի հիմքը կազմում է իտալական Վերածննդի ճարտարապետությունը. այստեղից էլ ծագել է անվանումը[1]: Ի տարբերություն 16-րդ դարի հռոմեական կլասիցիզմի՝ 17-րդ դարի կլասիցիզմը և 18-րդ դարի նեոկլասիցիզմը շինությունների կոմպոզիցիայում, ինտերիերի, կահույքի ձևավորման մեջ, դեկորատիվ-կիրառական արվեստում էկլեկտիկայի միջոցով միավորում էր Հյուսիսային Վերածննդի արվեստի (Ֆլանդրիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Անգլիա) գոթական մոտիվները, ֆրանսիական Վերածննդի և գերմանական բարոկկոյի ձևերը[2]:

Արևմտյան Եվրոպայում նեոռենեսանսի ճարտարապետական ոճը տարբեր ձևեր է ստացել՝ կախված միջնադարյան ու Վերածննդի արվեստի տեղական ավանդույթներից: Սովորաբար առանձնացնում են երկու ուղղություն, որոնք պայմանակնորեն կոչվում են իտալական և գերմանական: Առաջինին առավել բնորոշ են համաչափությունը, ռացիոնալ համամասնությունները, որմնասյուներով օրդերները, ռուստիկան, կամարակապ և վենետիկյան պատուհանները: Գերմանական ուղղությանը բնորոշ են ուղղահայացությունը (ի տարբերություն իտալական հորիզոնականության), աշտարակները, շինությունների անկյունաձև ելուստները, ունելիքի տեսքով բարձր տանիքները, էրկերները: Գունային երանգավորումը բնորոշվում է կարմիր աղյուսի և սպիտակ քարի համադրմամբ, որը հաճախ սպիտակ գծեր է առաջացրել. այն կոչվել է «որձաքարի շերտ» (հոլ.՝ speklagen):

Նախահիմք և ոճի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոռենեսանս ուղղությունը հիմնադրվել է Ֆրանսիայում: Այն կապում են ռոմանտիզմի գաղափարախոսության, մասնավորապես Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) գրքի հետ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել այսպես կոչված «տրուբադուրների ոճի» նկատմամբ: Այս ոճով ձևավորված ինտերիերի ոճը սկսել են անվանել ֆրանսիական նեոռենեսանս: Այդպիսի ինտերիերում նեոգոթական կահույքը տեղադրել են Հենրի IV-ի և Լյուդովիկոս ХIII-ի ռենեսանսային ոճի աշխատասենյակներում: Գերմանիայում այս ոճը սկսել են անվանել հին գերմանական (գերմ.՝ Altdeutsch)[3][4]:

Մենտմոր ամրոց, Անգլիա

Անգլիայում Վերածննդի ազատ վերահառնումը (Free Renaissance revivals) անվանել են վիկտորյանական ոճի զարգացման վերջին փուլ (1870-1900): Ավստրիայում նեոբարոկկո ոճի ծանր ու կոպիտ կահույքն անվանել են «վիեննական վերածննդի» ոճի: Արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացումը 19-րդ դարի կեսերին թույլ է տվել մեծացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ամենատարբեր ոճերի գործերի քանակը՝ օգտագործելով տարբեր նյութեր և մշակման եղանակներ: Այդպիսի գործերը հաճախ անվանել են նեոռենեսանս ոճի: Եթե նեոկլասիցիզմի ճարտարապետության մեջ 18-րդ դարի երկրորդ կեսի վարպետները վերցնում էին այս կամ այն ճարտարապետի նշանավոր գործ, օրինակ՝ Պալադիոն, ապա 19-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվում էր Վերածննդի ճարտարապետության ընդհանրացված կերպար, ինչը հանգեցնում էր ոճերի միախառնման:

Իտալական Վերածննդի ճարտարապետության վերաիմաստավորումը Գերմանիայում առաջին հերթին կապվում է Գոդֆրիդ Զեմպերի գործունեության հետ: Գերմանական նեոռենեսանսի դասական օրինակ է Դրեզդենի պատկերասրահի շենքը՝ իտալական չիկվեչենտո ոճով: Այն կառուցվել է Զեմպերի նախագծով 1847-1855 թվականներին: Նրա գլխավոր ստեղծագործությունը Դրեզդենի պետական օպերայի շենքն է (1834-1838), որն աղավաղվել է նեբարոկկո ոճի ավելի ուշ շրջանի շինության կառուցումով (1871-1838), որի հեղինակը եղել է ճարտարապետի որդին: Նեոռենեսանսի գլուխգործոցներից են (հատկապես ինտերիերի ձևավորման հարցում) Վիեննայի կենտրոնում՝ Մարիա-Թերեզայի հրապարակում գտնվող ընդդիմակաց երկու շենքերը, Արվեստի պատմության թանգարանը և Բնագիտության թանգարանը (Գոդֆրիդ Զեմպեր, 1872-1881):

«Զեմպերի ոճը» մեծ տարածում է գտել Ավստրո-Հունգարական միապետության քաղաքներում: Վիեննայում և Բուդապեշտում նեոռենեսանսի ոճով կառուցվել են ամբողջական թաղամասեր: Ամենից հաճախ այն նախընտրել են թանգարանների, գրադարանների կառուցման մեջ, քանի որ այդ շինությունները խորհրդանշել են «խորասուզում» մշակույթի պատմության մեջ:

Նեոռենեսանսի տարրեր են առկա Ֆրանսիայի Գրանդ օպերայի շենքի ճարտարապետության մեջ (Շառլ Գարնիե, 1860-1875):

Նեոռենեսանսի ճարտարապետության քաղաք կարելի է համարել Մյունխենը: Բավարիայի պետական գրադարանի շենքը (Ֆ. ֆոն Գերտներ, 1832-1842) կրկօրինակում է Ֆլորենցիայի Պիտի պալացցոն (1458-1464): Թանգարանների ու ճարտարապետության այդ ինքնատիպ քաղաքում է աշխատել ճարտարապետ Լեո ֆոն Կլենցեն: Նա նախագծել ու կառուցել է տարբեր ոճերի շենքեր՝ նեոհունական, էտրուսկյան կամ մյունխենյան հելլենիզմի: Հին պինակոտեկի շենքը (1826-1836) Կլենցեն կառուցել է նեոռենեսանսի ոճով: Թագավորական նստավայրը (Քյոնիգսբաու) Մաքս Յոզեֆ Պլատցի հրապարակում նույնպես վերարտադրում է Վերածննդի շրջանի իտալական պալացցոյի բնորոշ գծերը: Առավելլ համեստ՝ առանց կամարակապ պատուհանների է ձևավորվել հերցոգ Լեյտենբերգի պալատը Օդեոնսպլացում (1817-1821):

Նեոռենեսանսի, նեոբարոկկոյի և նեոգոթիկայի տարրերն են միավորում Բրյուսելի Արդարադատության պալատը (Ժոզեֆ Պուլարտ, 1866-1888), Բեռլինի Ռայխստագի շենքը (Վ. Պալլո, 1884-1890): Երկաթուղային կայարանների շենքերը, որոնք կոչված էին ներկայացնելու պետությունների հեղինակությունը և միաժամանակ ճամփորդությունների ռոմանտիկան, նույնպես 19-րդ դարում կառուցվել են նեռենեսանսի ոճով: Դրանցից են, օրինակ, Շտետինի և Սիլեզիայի կայարանները Բեռլինում, Ամստերդամի և Անտվերպենի կենտրոնական կայարանները:

Նեոռենեսանսը տարածում է գտել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս: Մասնավորապես, այս ոճի օրինակներ են հանդիպում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ճապոնիայում: Դրա օրինակ են Տոկիոյի Կենտրոնական կայարանը և Իոկագամայի նավահանգստի բացման հուշասրահը:

Բոզար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոռենեսանսի ոճը մեծ տարածում է գտել ճարտարապետության և դեկորատիվ-կիրառական արվեստի մեջ 1870-1890 թվականներին, երբ նրա հիմնական մրցակիցը Եվրոպայում նեոբարոկկոն է եղել: Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում ձևավորվել է այս երկու նոր ոճերի յուրօրինակ միաձուլում, որ ստացել է բոզար անվանումը: Այս երևույթն արացոլում է ճարտարապետական մտածողության էկլեկտիկ մեթոդը, որի դեպքում ֆրանսիական Վերածննդի կիսագոթական ձևերը ազատ համադրվում են բարոկկոյի և պալադյան ճարտարապետության տարրերին: Նեոռենեսանսի դեկորը 19-րդ դարի երկրորդ կեսին համատեղ օգտագործվել է հասարակական ու կոմերցիոն շենքերի նախագծերում ոչ միայն Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում:

Այլ դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկյան Վերածննդի վերարտադրությունը առանձին դեպքերում ստացել է նեոպալադինյան ոճի ձև:
  • Ստալինյան ժամանակաշրջանի բնակելի ու հասարակական որոշ շինություններ 1930-1950-ական թվականներին ներկայացնում են նեոռենեսանսի և ամպիրի համադրում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власов В. Г. "Неоренессанс" // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 188—193
  2. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. VI, 2007. — С. 188
  3. The Elements of Style. An Encyclopedia of domestic architectural Detail. — London: Reed Books Limited, 1991. — Pp. 231—275
  4. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. VI, 2007. — С. 189