Վեգների գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեգների գիտափորձ (անգլ.՝ Daniel Wegner), հոգեբանական գիտափորձ, որը հայտնի է նաև որպես «Մտքերի ճնշման անհնարինություն», «Սպիտակ արջի էֆեկտ» և «Հեգնական գործընթացների տեսություն»։ Անց է կացվել Սան Անտոնիո քաղաքի Երրորդության համալսարանի հոգեբանական լաբորատորիայում։ Գիտափորձն իրենից ներկայացնում է ուսանողներին այս կամ այն առարկայի մասին մտածել արգելելու փորձի հոգեբանական ռեակցիայի ուսումնասիրություն։

Գիտափորձի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դենիել Վեգները, կամավորության սկզբունքով, հավաքել էր ուսանողների և բաժանել նրանց երկու խմբի։ Մտածելու թեմա ընտրվել էր սպիտակ արջը։ Ուսանողների առաջին խմբին տրվել էր առաջադրանք մտածել սպիտակ արջի մասին։ Երկրորդ խմբին արգելվում էր մտածել այդ թեմայի շուրջ։ Ամեն անգամ, երբ փորձարկվողները մտածում էին կենդանու մասին, նրանք պետք է սեղմեին զանգի կոճակը։ Գիտափորձի արդյունքում արջը, րոպեի ընթացքում ավելի քան մեկ անգամ, ծագում էր նրանց գիտակցությունում։ Պարզվեց, որ ուսանողների ուղեղում արգելքը խթանում էր մտածել արգելված առարկայի մասին։ Մտավոր գործընթացը ղեկավարելու փորձը, հատկապես սթրեսային իրավիճակներում և արտաքին խոչընդոտների դեպքում, արգելված միտքը դարձնում էր ավելի կպչուն։ Առաջին խմբի մասնակիցների մոտ դա չէր նկատվում։

«Ես փորձում եմ մտածել հարյուրավոր առարկաների մասին, բացի՝ սպիտակ արջից, բայց նորից ու նորից վերադառնում եմ այդ թեմային։ Այսպես, օրինակ՝ վերցնենք այս շագանակագույն պատը։ Ամեն անգամ, երբ փորձում եմ չմտածել սպիտակ արջի մասին, ես մտածում եմ հենց նրա մասին»,-գիտափորձի մասնակից աղջիկներից մեկի խոսքի վերծանում:

Վեգները ենթադրում էր, որ «գիտակցությունը կարող է վերահսկել ինքն իրեն», բայց «նրան վերահսկելու մեր փորձերը» հանգեցնում են մտքերի թափառմանը։ Մասնավորապես, նա պնդում էր, որ գոյություն ունի հոգեբանական վերահսկման երկու համակարգ։ Առաջինի գործառույթը մեր մտադրություններին համարժեք մտքեր փնտրելն է։ Երկրորդ համակարգը ճանաչում է անցանկալի մտքերը, այսինքն մրցակից գաղափարները, որոնք խոչընդոտում են անհրաժեշտ նյութի շուրջ կենտրոնանալու մեր փորձերին։ Անընդհատ իրականացնելով մտքերի փնտրտուք, որոնք խանգարում են հոգեբանական վերահսկմանը, երկրորդ համակարգը, փաստացիորեն, մեծացնում է անցանկալի գաղափարների կոգիտիվ մատչելիությունը։ Որպես արդյունք, որոշակի պայմաններում անցանկալի մտքերի առաջացման հավանականությունը մեծանում է։ Մտքերի նորմալ ընթացքը վերահսկելու փորձերն, այդպիսով, ունենում են հակառակ արդյունք։

Վեգներն իր փորձերի արդյունքները հրապարակել է Journal of Personality and Social Psychology-ում և մշակել է տեսություն, որտեղ ներմուծել է հեգնական գործընթացների գաղափարը։

Ի՞նչու հենց արջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Վեգներն իր գիտափորձն անց է կացրել Լև Տոլստոյի «Հիշողություններ» գիրքը կարդալուց հետո, որտեղ գտել է բավականին հետաքրքիր ֆրագմենտ։ Տոլստոյն իր եղբայրների հետ ապրում էր Յասնայա Պոլյանայում։ Նա նկարագրում էր, որ փոքր ժամանակ, 1833 թվականին, տղաները ստեղծել էին «մրջյունների եղբայրություն», որի նպատակներից մեկն այն էր, որ «մարդիկ դժբախտություն չունենային, երբեք չվիճեին և չբարկանային, և մշտապես երջանիկ լինեին»։ Նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր ամեն օր կատարել որոշակի առաջադրանքներ, որոնցից ամենաբարդը հնարել էր ավագ եղբայր Նիկոլայը։ Նա որոշել էր, որ համընդհանուր երջանկության հասնելու համար պետք էր կանգնել անկյունում և չմտածել սպիտակ արջի մասին։ Նա տվեց Լևին այդ առաջադրանքը։ Արդյունքում, շատ հաճախ, հենց այդ կենդանին էր ծագում փոքրիկ Լևի երևակայության մեջ։

«Պահանջներից էր, առաջին հերթին, կանգնել անկյունում և չմտածել սպիտակ արջի մասին։ Հիշում եմ, թե ինչպես էի անկյուն կանգնում և փորձում, բայց այդպես էլ չէի կարողանում չմտածել սպիտակ արջի մասին»։ - Լև Տոլստոյ, «Հիշողություններ»[1]
«Փորձեք ինքներդ ձեզ առաջադրանք տալ. չմտածել սպիտակ արջի մասին, և կտեսնեք, որ նա, անիծվածը, կսկսի ամեն րոպե հիշվել»։ - Ֆեոդոր Դոստոևսկի «Ամառային տպավորությունների մասին ձմեռային նշումներ», 1863 թվական[2]

Հեգնական գործընթացների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեգնական գործընթացների տեսության էությունը կայանում է կրկնակի ուժով գիտակցությունում արգելվածին վերադառնալուն՝ մտքի կամ ցանկության ճնշման նպատակով։ Ծխողները, ովքեր փորձում են չմտածել ծխախոտի մասին, գտնում են, որ ավելի դժվար է տրվում, քան երբ մտահոգված չեն այդ մտքով։ Ըստ Վեգների, հեգնական էֆեկն ի հայտ է գալիս ավելի ուժգին, երբ մարդիկ լարված են կամ ճնշված.[3]

«Մեր լաբորատորիայի հետազոտություններն ապացուցել են մարդու կյանքի տարբեր ոլորտներում հեգնական էֆեկտի առկայությունը։ Հեգնական գործընթացն ազդում է տրամադրության վրա, երբ մարդիկ փորձում են վերահսկել իրենց տրամադրությունը՝ զգալով բարձր հոգեբանական լարվածություն։ Նրանք, ովքեր փորձում են իրենց երջանիկ զգալ, դժբախտ են զգում, իսկ նրանք, ովքեր փորձում են իրենց դժբախտ զգալ, բավականին թարմ տեսք են ունենում։ Հեգնական գործընթացի էֆեկտն ի հայտ է գալիս նաև ինքնավերահսկման փորձերի ժամանակ։ Նրանք, ովքեր սթրեսային վիճակում փորձում են հանգստանալ, իրենց լարված են զգում, իսկ նրանք, ովքեր չեն փորձում հանգստանալ, ցուցադրում են սթրեսի ավելի ցածր մակարդակ։ Հեգնական էֆեկտն առաջանում է նաև քնելու ջանասիրաբար փորձերի դեպքում։ Մեր գիտափորձերում, այն փորձարկվողներին, ում հանձնարարվում էր բարձր, շեղող երաժշտության ներքո հնարավորինս արագ քնել, ավելի ուշ էին քնում, քան նրանք, ովքեր փորձում էին արթուն մնալ։ Հեգնական էֆեկտներն առաջանում են անգամ այն դեպքում, երբ փորձում են ղեկավարել սեփական շարժումները։ Երբ մենք փորձարկվողներին խնդրեցինք բռնել ճոճանակը և չթողնել, որ այն որոշակի ուղղությամբ տատանվի, նա այդ ուղղությամբ տատանվում էր ավելի հաճախ, քան այն փորձարկվողների մոտ` ում նման առաջադրանք չէր տրվել»։ - Դենիել Վեգներ[4]

1990-ական թվականների կեսերին օկսֆորդյան գիտնականներ Պոլ Սալկովսկիսը և Մարտինա Ռեյնոլդսը ցույց տվեցին, որ ծխելու մասին մտքերի ճնշումը հանգեցնում է ծխելու ավելի մեծ ցանկության։ Նման արդյունքներ ստացան նաև այն մասնագետները, ովքեր աշխատում էին դեպրեսիաների հետ և ուսումնասիրում, թե ինչպես են ձևավորվում կպչուն հիշողությունները[5]։

Խոզային լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կարծում էին, որ հեգնական գործընթացն ի հայտ է գալիս բավականին պարզ հոգեկան գործընթացներում։ Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ այն ի հայտ է գալիս անգամ այն դեպքում, երբ մարդուն անհրաժեշտ է խուսափել բավականին բարդ մտավոր գործողություններից։

Կալիֆորնիա նահանգի Համալսարանի գիտնականները Սան Ֆրանցիսկոյում անց կացրեցին գիտափորձ, որում մասնակցում էին 32 ուսանող[6]։ Նրանաց սովորեցրին խոզային լատիներեն (կատակով ծածկագրված անգլերենի տարատեսակ, որում տառերը վերադասավորվում են որոշակի կանոններով)։

Այն բանից հետո, երբ մասնակիցները սովորեցին խոզային լատիներեն, հետազոտողները նրանց ներկայացրեցին բառերի այլ համախումբ և տվեցին առաջադրանք չմտածել դրանց աղավաղված տարբերակի մասին։ Եթե ուսանողներն, այնուամենայնիվ, մտովի ակամա ձևափոխություն էին անում, ապա սեղմում էին ստեղնաշարի բացատին։

Արդյունքում, փորձարկվողների 43 տոկոսն, այնուամենայնիվ, թարգմանում էին բառը խոզային լատիներենով։ «Այդ մարդիկ ակտիվորեն փորձում էին խուսափել էֆեկտի ի հայտ գալուց, այդպիսով այս բարձրակարգ գործընթացը հակասում է ուսումնասիրության մասնակիցների մտադրություններին», - նկատում է հեղինակներից մեկը[7]։ Աշխատանքի արդյունքները հրապարակված են Acta Psychologica ամսագրում[8]։ Հետազոտողները եզրակացրին, որ հեգնական բումերանգը կարող է առաջանալ բարդ և ավելի քիչ ավտոմատ առաջադրանքներ կատարելիս։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Guardian թերթի բրիտանացի լրագրող Օլիվեր Բրկեմանը իր «Հակատոքսին։ Դժբախտ կյանքի հակաթույն» գրքում գրել է, որ սպիտակ արջի խնդիրը հիրավի անլուծելի է։ Նրա կարծիքով, սպիտակ արջի երևույթը հաջողված փոխաբերություն է հանդիսանում այն ամենի համար, ինչ տարօրինակ կերպով տեղի է ունենում մեր կյանքում. չափազանց հաճախ է պատահում այն՝ ինչից մենք խուսափում ենք։ «Մենք զգուշորեն սենյակ ենք տանում բաժակը, ինքներս մեզ ասելով «չթափես», որպեսզի տանտիրոջ զարմացած հայացքի ներքո ձեռքից վայր գցենք»։

«Հեգնական սխալ, այդքան էլ պատահական շեղում չէ մեր անթերի ինքնավերահսկումից. թվում է այն խորապես արմատավորված է հոգում և համարվում է մեր բնորոշ գիծը։ Էդգար Ալան Պոն այն անվանում է «հակասության սատանա». դա, օրինակ, պարբերաբար անանուն ձևավորվող, բայց լեռներում զբոսանքի ժամանակ ներքև ցատկելու հստակ ցանկություն է։ Ոչ թե նրա համար, որ կան ինքնասպանություն գործելու ինչ-որ մոտիվներ, այլ հենց նրա համար, որ այդպիսի գործողությունը նախապես հանդիսանում է բացարձակ կործանարար սխալ։ Հակասության սատանան ակտիվորեն դրսևորվում է նաև սոցիալական հարաբերություններում»

Օլիվեր Բրկեմանն իր գրքում փնտրում էր դժբախտ կյանքի հակաթույն և այն հայտնաբերում տարբեր հոգեբանական գիտափորձերում։ Նա հույս ուներ, որ հեգնական գործընթացների տեսությունը կբացահայտի, թե ինչ այլ չէ մարդու երջանկության հասնելու ձգտումներում և ինչու պոզիտիվ լինելու փորձերը հաճախ հակառակ արդյունք են ունենում։ Նրա կարծիքով Վեգների և այլ գիտանկանների հետազոտությունների արդյունքները, սկսած՝ սպիտակ արջի հետ վաղ փորձերից, թույլ են տալիս հաստատորեն պատասխանել այդ հարցին։ Օրինակ՝ գիտափորձի այն մասնակիցներին, ում վատ նորություն էին հայտնել և խնդրել չվշտանալ, իրենց համեմատաբար ավելի վատ էին զգում, քան այն մարդիկ, ովքեր ստացել էին նույն լուրը, բայց առանց իրենց ռեակցիայի վերաբերյալ նմանատիպ խնդրանքի։ Փորձը ցույց էր տալիս, որ մարդիկ, ովքեր հարազատ էին կորցրել և ամբողջ ուժով փորձում Էին խուսափել վշտի զգացումից, մյուսներից շատ էին տառապում կորստի զգացումից։ Մտքերի ճնշման փորձերը չեն հաջողվում նաև սեռական հարաբերություննրի ոլորտում. մաշկի էլեկտրահաղորդականության տվյալներով, մարդիկ, ում տրվել էր սեռական հարաբերությունների մասին չմտածելու առաջադրանք, ավելի շուտ էին գրգռվում, քան նրանք, ում չէր տրվել նման սահմանափակում[9]։

«Պատկերացրեք, որ դուք փորձում եք դուրս մղել «անհնար» բառը ձեր բառապաշարից, կամ ընդհանրապես կենտրոնացած եք նրա վրա, որ լավ կստացվի և չեք ուզում մտածել անհաջող արդյունքների մասին»։ Դուք կհամոզվեք, որ այդպիսի մոտեցման արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ, բայց գլխավորը. անհաջողություն ունենալու վտանգ՝ միայն նրա համար, որ կցանկանաք հետևել ձեր հաջողությանը»:

Հոգեբան, «PsyBlog»[10] կայքի հեղինակ դոկտոր Ջերեմի Դինը (Dr. Jeremy Dean) գրում է, որ շատ հետազոտողներ ցույց են տվել, որ մտքերի ճնշումը, այդ թվում բացասական, չեն աշխատում։ Նա սկսեց փնտրել այլընտրանքներ, թե ինչպես կարելի է ազատվել բացասական մտքերից և ապավինեց ամերիկացի հոգեբան Դենիել Վեգների մի քանի հնարավոր տարբերակների, որոնք նա հրապարակել էր ամերիկյան «American Psychologist» ամսագրում։ Իր սիրելիների թվում, դոկտոր Դինը դասում էր. կողմնորոշված շեղումը, սթրեսներից խուսափումը, մտքերի հետաձգումը, բացասական մտքերի պարադոքսայնորեն և մտածված կշռադատումը, մտքերի ընդունումը, դրանց մասին գրելու փորձը[11]։

«Ինձ միշտ հմայել է հետադարձ ուժի օրենքը։ Երբեմն դա անվանում եմ «հակառակ օրենք»։ Եթե դուք հուսահատ թպրտում եք, փորձելով մնալ ջրի երեսին, արդյունքում սկսում եք խեղդվել, իսկ երբ փորձում եք սուզվել, բարձրանում եք ջրի մակերես։ Անինքնավստահությունը առաջանում է ինքնավստահություն ձեռք բերելու փորձերից, իսկ փրկող խոհեմությոնը բաղկացած է այն բանի անվերապահ խոստովանումից, որ մենք ի վիճակի չեն ամբողջությամբ ապահովել ինքներս մեզ»։

Ալան Ուոթս։ Անհուսալիության իմաստություն

Սովետական հոգեբան Բլումա Զեիգարնիկն ու նրա գործընկերները 1927 թվականին կանխատեսել էին Վեգների գիտափորձը։ Նրանք գիտափորձի մասնակիցներին հանձնարարել էին հավաքել փազելն ամբողջությամբ, հետո նրանցից ոմանց մտադրված ընդհատել էին։ Այնուհետև նրանց տրվել էր այլ առաջադրանք, բայց արդյունքում նրանք մշտապես վերադառնում էին կիսատ թողած փազելին։ Նրանք այդ չկատարված առաջադրանքի մասին մտածում էին երկու անգամ ավելի հաճախ, քան՝ մնացածի։ Չօգնեց անգամ այն, որ նրարց ասել էին չմտածել այդ մասին։ Նրանք, ովքեր ավարտին էին հասցրել փազելը, գիտակցությունում անհրաժեշտություն չունեին մտածել այդ մասին։ Գիտափորձի արդյունքը ցույց տվեց, որ նրա փոխարեն, որ մտածեն ամեն ինչի մասին, ավելի հաճախ մարդիկ մտածում էին, թե ինչ չեն արել (կամ չեն կարողացել ավարտել)[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Детство Толстого (Из воспоминаний) - Лев Толстой, Издательство: Эксмо, Москва, 2012, ISBN 978-5-699-56619-8
  2. Ф. М. Достоевский. Собрание сочинений в 15 томах. Т.4. Л.: «Наука», Ленинградское отделение, 1989.
  3. Daniel M. Wegner. Ironic process theory
  4. «Самоирония – уроки белого медведя и рыжей белки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  5. Журнал «Вокруг Света»: Назойливый медведь, 14 мая 2016 года
  6. Involuntary symbol manipulation (Pig Latin) from external control: Implications for thought suppression Acta Psychologica, 13 апреля 2016
  7. Новости России, Апрель 2016. Американские психологи дополнили теорию иронических процессов
  8. Acta Psychologica. Volume 166, May 2016, Pages 37–41
  9. Оливер Буркеман "Антидот. Противоядие от несчастливой жизни". Москва. Эксмо. 2014
  10. PsyBlog. Dr Jeremy Dean’s
  11. How To Get Rid of Negative Thoughts
  12. Psyhology Today. Peg Streep, Apr 2014. Your Brain Is Nagging You. Here Are 5 Ways to Make It Stop.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wegner, D. M. (1989). White bears and other unwanted thoughts: Suppression, obsession, and the psychology of mental control. New York: Viking/Penguin. German translation by Ernst Kabel Verlag, 1992. 1994 Edition, New York: Guilford Press.
  • Wegner DM. White bears and other unwanted thoughts: Suppression, obsession, and the psychology of mental control. New York: Viking/Penguin; 1989.
  • Психология личности. Капрара Д., Сервон Д., Издательство - Санкт-Петербург, 2003
  • The Illusion of Conscious Will Daniel M Wegner. Издательство: «New Ed edition», «MIT Press» 2003 г. ISBN 978-0262731621
  • D. Wegner «Setting free the bears: Escape from thought suppression», American Psychologist, 2011, № 66.
  • D. Wegner et al. «Paradoxical effects of thought suppression». Journal of Personality and Social Psychology, 1987, № 57.
  • Book: Blackmore, Susan J.. Conversations on consciousness. Daniel Wegner. 21 March 2011. 15 November 2005. Oxford University Press. 978-0-19-280622-2. 245–257."More than good intentions: Holding fast to faith in free will", The New York Times
  • "More than good intentions: Holding fast to faith in free will", The New York Times