Վանդա Պանֆիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդա Պանֆիլ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Վանդա Մարյաննա Պանֆիլ-Գոնսալես
Բնօրինակ անուն՝Wanda Marianna Panfil-González
Ազգություն՝լեհ
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1959 (65 տարեկան)
Ծննդավայր՝Օպոչնո, Լեհաստան
Ակումբ՝Լեխիա Տոմաշուվ Մազովեցկի
Մարզիչ(ներ)՝Կարոլ Վլոդարչիկ
Մաուրիսիո Գոնսալես
167 սմ
Քաշ՝53 կգ

Վանդա Մարյաննա Պանֆիլ-Գոնսալես (լեհ.՝ Wanda Marianna Panfil-González, հունվարի 26, 1959(1959-01-26)[1], Opoczno, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ թեթև ատլետ, 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հանդես է եկել Լեհաստանի հավաքականի կազմում երկար վազքատարածություններում։ Երկու Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, Նոգոյայի, Լոնդոնի, Նյու Յորքի ու Բոստոնի մարաթոնների չեմպիոն, ազգային առաջնությունների բազմակի հաղթող։ Երկու անգամ անընդմեջ ճանաչվել է Լեհաստանի լավագույն մարզուհի (1990, 1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդա Պանֆիլը ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Լոձի վոյեվոդության Օպոչնո քաղաքում։ Թեթև ատլետիկայով ակտիվորեն զբաղվել սկսել է բավական վաղ տարիքում՝ դեռ տարրական դասարաններում սովորելու տարիներին։ 16 տարեկան հասակում միացել է Տոմաշուվ Մազովեցկի քաղաքի «Լեխիա» պրոֆեսիոնալ ակումբին, որտեղ պարապել է մարզիչ Կարոլ Վլոդարչիկի գլխավորությամբ։

Մեծահասակների մակարդակում Վանդա Պանֆիլի առաջին լուրջ հաջողությունը եղել է 1988 թվականին, երբ նա ընդգրկվել է Լեհաստանի ազգային հավաքականի հիմնական կազմում և մի շարք հաջող ելույթների շնորհիվ իրավունք է ստացել մասնակցելու Սեուլում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերի ժամանակ կանանթ մարաթոնում վերջնագծին է հասել 22-րդ՝ ցույց տալով 2:34:35 ժամանակ։

Վլադա Պանֆիլի մարզական կարիերայի ամենահաջող մրցաշրջաններից մեկը եղել է 1990 թվականը, երբ նա հաղթել է Նագոյայի մարաթոնում, Լոնդոնի մարաթոնում ու Նյու Յորքի մարաթոնում։ Դրանից բացի՝ Սիեթլում անցկացված Բարի կամքի խաղերում նա ոսկե մեդալի է արժանացել 10000 մետր վազքում, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվել է Հարավսլավիայի Սպլիտ քաղաքում. այնտեղ նա զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Լեհաստանի լավագույն մարզուհի։ Մեկ տարի անց Վանդա Պանֆիլը հաղթել է Բոստոնի մարաթոնում՝ սահմանելով անձնական ռեկորդ (2:24:18)։ Նույն թվականին նա մասնակցել է Տոկիայում անցկացվող աշխարհի առաջնությանը, որտեղ նույնպես զբաղեցրել է առաջին տեղն ու արժանացել ոսկե մեդալի։ Այդ մրցաշրջանում նույնպես նա արժանացել է Լեհաստանի տարվա լավագույն մարզուհու տիտղոսին։

Լինելով Լեհաստանի թեթև ատլետիկայի հավաքականի առաջատարների թվում՝ Վանդա Պանֆիլը բարեհաջող կերպով անցել է 1992 թվականին Բարսելոնայում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Այս անգամ նա մարաթոնյան վազքատարածությունն անցել է 2:47:27 ժամանակում և զբաղեցրել 22-րդ տեղը (ինչպես և չորս տարի առաջ)։ Այդ խաղերի ավարտից կարճ ժամանակ անց Վանդա Պանֆիլը որոշել է ավարտել իր մարզական կարիերան որպես պրոֆեսիոնալ վազորդ և հավաքականում իր տեղը զիջել երիտասարդ մարզիկներին։

Վանդա Պանֆիլն ամուսնացած է երկար տարածությունների վազորդ մեքսիկացի Մաուրիսիո Գոնսալեսի հետ, ով մի քանի տարի եղել է նրա մարզիչը։ Վանդա Պանֆիլն ամուսնու հետ բնակություն է հաստատել Մեքսիկայում, որտեղ աշխատում է որպես թեթև ատլետիկայի մարզիչ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Athletics database
  2. «Na pewno wrócę do Polski - rozmowa z Wandą Panfil» (լեհերեն). SportoweFakty.pl. 23 lipa 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդա Պանֆիլ» հոդվածին։