Վահագն Չախալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Չախալյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1981(1981-11-28) (42 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Վահագն Չախալյան (նոյեմբերի 28, 1981(1981-11-28), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, Կամք» նախաձեռնության համակարգող[1] և ղեկավար[2]։ 2009 թ. ապրիլի 7-ին դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար։ Ազատ է արձակվել 2013 թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն[3]։

Քաղաքական գործունեությունը նախքան ձերբակալությունը Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել 2001 թ.՝ իր զինակիցների հետ ստեղծելով «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» («ՋԵՄՄ»)։ 2001 թ. ապրիլի 24-ին Ախալքալաքում կազմակերպել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթ (Հետագայում այդ օրն անցկացվող երթը դարձավ ավանդական)[4]։

2001 թ. ամռանը ՋԵՄՄ-ը ստեղծեց «Ջավախքի սկաուտական շարժումը», որի շնորհիվ 2001-2008 թթ. Ջավախքի տարբեր բնակավայրերի մի քանի հարյուր հայ պատանիներ ստացան հայրենասիրական դաստիարակություն և ձեռք բերեցին սկաուտինգի հիմնական հմտությունները[4]։

2002 թ. աշնանը «ՋԵՄՄ»-ն Ախալքալաքում հիմնեց «Տորք Անգեղ» սպորտային դպրոցը՝ 7 մարզաձևերի դասավանդմամբ։ Հետագա 5 տարիների ընթացքում դպրոցի մասնաճյուղեր բացվեցին Նինոծմինդայում և Ջավախքի մի քանի գյուղերում[4]։

2002 թ. հունվարին ստեղծվեց «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ն, որը շուտով մեծ ժողովրդականություն ձեռք բերեց Ջավախքում[5]։

2002 թ. մարտին հիմնադրեց «Քաջատուն» թերթը, իսկ 2006 թ.՝ «Ջավախք ինֆո» տեղեկատվական գործակալությունը[5]։

2003-ից «ՋԵՄՄ»-ը սկսեց Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության բողոքի ակցիաներ կազմակերպել վրացական իշխանությունների խտրական գործողությունների դեմ։ Այսպես, 2003 թ. մայիսին կազմակերպվեց բողոքի ցույց՝ ընդդեմ վրաց-հայկական սահմանում առկա կամայականությունների և կոռուպցիայի[5]։

2004 թ. ապրիլի 9-ին վրաց հոգևորականները, Վրաստանի վարչապետ Զ. Ժվանիայի և վրաց պատրիարք Իլիա Բ-ի գլխավորությամբ, փորձեցին վրացնել Գումբուրդո գյուղի 10-րդ դարում կառուցված սբ. Հարություն հայկական եկեղեցին։ Սակայն Վահագն Չախալյանի գլխավորությամբ ՋԵՄՄ-ի անդամներն ու տեղական բնակչությունը չընկրկերցին և կարողացան պաշտպանել հայկական այդ սրբավայրը, իսկ վրացիները հարկադրված եղան հեռանալ[4]։

2005 թ. մարտի սկզբին Ջավախքում հիմնադրվեց «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքը, որի կորիզը կազմեց «ՋԵՄՄ»-ը։ 2005 թ. մարտի 13-ին և 31-ին Ախալքալաքում «Միասնական Ջավախք»-ը կազմակերպեց բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ընդդեմ հայ բնակչության իրավունքների ոտնահարման[6]։

2005 թ. հուլիսին վրաց հոգևորականության ներկայացուցիչները փորձեցին վրացացնել Սամսար գյուղի հայկական միջնադարյան եկեղեցին։ «Միասնական Ջավախք»-ն արձագանքեց Սամսարի բնակիչների խնդրանքին և այնտեղ ուղարկեց իր ակտիվիստներից մի քանիսին։ Նրանք էլ կազմակերպեցին տեղի բնակչության դիմադրությունը, որի շնորհիվ վրացիները վտարվեցին գյուղից և հայկական եկեղեցին փրկվեց[7]։

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Վրաստանի վարչապետ Նողաիդելիի 2005 թ. հուլիսի 24-ին Ախալքալաք կատարած այցի ժամանակ Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցույց ջավախքահայությանը հուզող խնդիրների առնչությամբ (Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարւթյան կասեցում, Ջավախքում հայկական համալսարանի հիմնադորւմ և Ջավախքում հայաթափման գործընթացների կասեցում և այլն)։ Ցույցի մասնակիցները նշված պահանջներով նամակ փոխանցեցին երկու վարչապետներին[8]։

2005 թ. դեկտեմբերի 12-ին աշխատանքից հեռացվեցին վրաց-հայկական սահմանի մաքսային կետի բոլոր հայ աշխատակիցները։ Ի պատասխան տեղի ունեցավ բողոքի մեծ ցույց, որի ընթացքում մի քանի ժամով փակվեց վրաց-հայկական սահմանը։ Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր մարդ[9]։

2006 թ. հոկտեմբերին Չախալյանի առաջնորդած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումը մասնակցեց Վրաստանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այդ ընտրությունների արդյունքում «Միասնական Ջավախք»-ը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց Ախալքալաքի շրջանում ձայների շուրջ 30%-ը (իսկ Ախալքալաք քաղաքում, անգամ, ունեցավ ձայների առավելություն իշխող կուսակցության նկատմամբ)՝ ստանալով համապատասխանաբար՝ 3 տեղ սակրեբուլոյում (տեղական ինքնակառավարման մարմին)։ Այնուամենայնիվ, Դաշինքը հրապարակավ վիճարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք կեղծված են (հետագայում Վահագն Չախալյանի դեմ առաջադրված մեղադրանքներից մեկն ուղղակիորեն առնչվում էր ընտրությունների արդյուքների բողոքարկմանն ուղղված հետընտրական հանրային բողոքի ցույցի կազմակերպմանը)[10][11][12]։

Ձերբակալությունը Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հուլիսի 17-ին՝ Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ անհայտ հանգամանքներում տեղի ունեցավ նռնակի պայթյուն։ Այդ միջադեպը վրաց իշխանությունների կողմից օգտագործվեց Վահագն Չախալյանի և նրա առաջնորդած կազմակերպությունների նկատմամբ հաշվեարդար տեսնելու համար։ Պայթյունից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները զենք փնտրելու պատրվակով՝ ապօրինի կերպով ներխուժեցին և խուզարկեցին «ՋԵՄՄ»-ի և «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ի գրասենյակները։ Խուզարկության արդյունքում զենք չհայտնաբերվեց։ 2008 թ. հուլիսի 21-ին, այսինքն՝ իրավապահ մարմինների՝ «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դեմ գործողությունների 5-րդ օրը, Չախալյանների տուն ներխուժեցին զինված հատուկ ջոկատայիններ և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ իբր հայտնաբերեցին զենք ու զինամթերք։ Բոլոր երեք Չախալյանները ձերբակալվեցին՝ ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով, և նրանց դեմ հարուցվեց քրեական գործ։ Ճնշումների ենթարկվեցին «Միասնական Ջավախք»-ի մի շարք ակտիվիստներ և Վահագն Չախալյանի բարեկամները[13]։

Դատավարությունը և դատավճիռը Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ նախաքննությունը և դատական գործընթացն իրականացվեցին Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, ինչպես նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով։ Ջավախքահայ քաղաքական գործչի փաստաբանների կարծիքով, Չախալյանների ձերբակալությունը, դատավարությունը և կայացված դատավճիռը վրացական իշխանությունների քաղաքական պատվերի կատարումն են՝ Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությունը չեզոքացնելու նպատակով։

2008 թ. նոյեմբերին մեկնարկած դատավարությունից հետո Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեցին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և ակտիվ մասնակցելու» և «խուլիգանություն» կատարելու մեղադրանքներ՝ հիմնված բացառապես 2005-06 թվականների նրա քաղաքական գործունեության վրա։ Այս հոդվածների մի մասը կապված է 2006 թ. Չախալյանի ծավալած քաղաքական գործունեության, մասնավորապես 2006 թվականի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կեղծումները բողոքարկող ցույցի և 2006 թվականի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի հետ[14]։ Որևէ մեղադրանք Ախալքալաքում 2008 թ. հուլիսի 17-20–ի տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Վահագն Չախալյանին չի առաջադրվել։

Օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը 2009 թ. ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։

Վահագն Չախալյանի հայրը՝ Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում) և 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)՝ դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը՝ 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում)՝ որպես պատիժ 2, 000 լարի (շուրջ 1, 200 ԱՄՆ դոլար) տուգանքով։

2009 թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանը թողեց այդ դատավճիռն անփոփոխ[15]։

Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը լայն արձագանք է առաջացրել Հայաստանում և սփյուռքում։ Մի շարք հայկական ոչ-կառավարական կազմակերպություններ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ[16], եվրոպական քաղաքական գործիչներ հայտարարություններ ընդունեցին և այլ գործողություններ կատարեցին[17] ի պաշտպանություն ջավախքահայ գործչի։ Չախալյանի դատավճռի դեմ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև 2009 թ. ապրիլի 14-ին բողոքի ակցիա կազմակերպեց Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը[18]։

Քաղաքական գործունեություն և քրեական հետապնդումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Չախալյանը, հանդիսանալով այսպես կոչված հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության նախաձեռնող, կազմակերպության անդամների հետ նախաձեռնել է «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաք։ Սպիտակ քաղաքում կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ Չախալյանը և կողմնակիցները 2019 թվականի Սեպտեմբերի 6-ին ըստ պնդումների բռնության են ենթարկել քաղաքի մի խումբ տարեց բնակիչների։ Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ։ 5 ամիս շարունակվող քրեական գործը, քաղաքացիների տեղեկացմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով[19][20]։

2020թ․ նոյեմբերին Չախալյանը ներգրավվել է որպես կասկածյալ` ՀՀ ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպել և անցկացնելու կասկածանքով[21]։

2021թ․ հունվարին Չախալյանը ձերբակալվել է ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի կապակցությմաբ ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում[22]։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահագն Չախալյանը կասկածվում է էլիտար շենքեր կառուցող «Եռանավ» ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծի ենթարկելու մեջ».
  2. Studio, Sargssyan. «Times.am | ԱԺ պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկելու փաստով բերման ենթարկված կա». times.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  3. Վահագն Չախալյանը ազատության մեջ է
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://blog.ararat-center.org/?p=258
  5. 5,0 5,1 5,2 http://www.armtown.com/news/am/lra/20070310/27289/(չաշխատող հղում)
  6. http://www.regnum.ru/news/420001.html
  7. http://www.armenialiberty.org/content/article/1577970.html
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  9. http://www.regnum.ru/news/562093.html
  10. http://www.regnum.ru/news/717757.html
  11. http://www.regnum.ru/news/717070.html
  12. http://www.regnum.ru/news/718652.html
  13. http://www.yerkir.org/index.php?level_id=214&lang=arm(չաշխատող հղում)
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  15. http://www.yerkir.org/index.php?level_id=257&lang=arm(չաշխատող հղում)
  16. http://www.fidh.org/IMG/article_PDF/article_a6596.pdf
  17. http://www.noravank.am/am/?page=theme&thid=6&nid=2018
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  19. «Հակա«ստամբուլյան» Չախալյանը տարեցների է ծեծել․ քննիչը կոծկում է գործը | Epress.am». 2020 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  20. «Բնակիչները կասկածներ ունեն, որ Վահագն Չախալյանի գործով ամիսներ ձգվող առերեսումները նոր ցուցմունքներ կորզելու միջոցով հին ցուցմունքները փոխելու նպատակ են հետապնդում. ՀՔԱՎ». www.aravot.am/. 15․01․2020. Վերցված է 17․01․2020-ին.
  21. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու քրգործով 10 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՀՔԾ-ը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  22. «Կառավարության շենքը զավթելու փորձի գործով ձերբակալվածների մեջ են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը». news.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  23. «Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վահագն Չախալյանը ազատ է արձակվել». news.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]