Ստեփան Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան վարդապետ Սարյան
Ծնվել է1865
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1915
Մահվան վայրՏրապիզոն
Ազգությունհայ
ԿրթությունՀռոմի համալսարան
Մասնագիտությունբնագետ
Աշխատանքխմբագիր, դպրոցի տեսուչ
ԱշխատավայրՍբ. Ղազար վանքի դպրոց
Մուրատ-Ռափայելյան վարժարան

Ստեփան վարդապետ Սարյան (1865, Կ. Պոլիս - 1915, Տրապիզոն), հայ բնագետ, մշակութային գործիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականին Կ. Պոլսի Գաղատիա թաղամասում։ 1880 թվականին միացել է Մխիթարյան միաբանությանը (Վենետիկի Սբ. Ղազար կղզի)։ 1887 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1890 թվականին ավարտել է Հռոմի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը և ստացել աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտորի տիտղոս։ 1890 թվականին վերադարձել է Սբ. Ղազարի վանք։ 1891-93 թվականներին աշխատել է որպես Սբ. Ղազար վանքի դպրոցի ուսուցիչ և տեսուչի օգնական։ 1898-1899 թվականներին միաժամանակ եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հանդեսի խմբագիրը և տպարանի տեսուչը, բնագիտական հոդվածներով աշխատակցել հանդեսին։

1899-1901 թվականներին «Բազմավեպի» համարներում լույս են տեսել նրա «Մագնիսական քուն» վերնագիրը կրող հոդվածները՝ նվիրված հիպնոսի առեղծվածներին։ 1902/05 թվականին գրել է հայ իրականության մեջ առաջին երկը դարվինիզմի և տեսակների ծագման մասին։

1902-1906 թվականներին եղել է Մխիթարյանների Փարիզի Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչը։ 1906-1910 թվականներին Եղիսաբեթուպոլսում եղել է առաքելական քարոզիչ։ Այնուհետև որոշ ժամանակ ուսուցչություն է արել իր ծննդավայր Կ.Պոլսի Գաղատիա թաղամասում։ 1910 թվականին տեղափոխվել է Տրապիզոն և վարել տեղի հայ կաթոլիկների վարժարանների տեսուչի, ապա՝ հոգևոր հովվի պաշտոնները։

Զոհվել է Մեծ Եղեռնի ժամանակ՝ 1915 թվականին Տրապիզոնում՝ 50 տարեկանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընթացք տեսական աստուածաբանութեան, 1894, 825 էջ։
  • Մագնիսական քուն, Վենետիկ, 1901։ Մինչ այդ լույս է տեսել «ԲԱզմավէպի» 1899-1901 թթ. համարներում։
  • Էակներու ծագումը, 1902/1905։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Փաշայան Ասատուր, Տիտղոսակիր հայեր, XV-XIX դարեր, Երևան, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։